Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմադիրի դրոշակը փոխանցել է Գագիկ Ծառուկյանի՞ն (Տեսանյութ)

Մարտ 03,2014 13:06

«Չեմ կարծում, եթե Գագիկ Ծառուկյանն ինքը ընդունում է այդ փոխանցումը, թող հայտարարի: Միգուցե դա ցանկություն է, որ այդպես լինի»,-հարցին՝ մարտի 1-ի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից արդյոք այնպիսի տպավորությո՞ւն էր ստեղծվում, որ Տեր-Պետրոսյանն ընդդիմադիր դրոշակը փոխանցեց Գագիկ Ծառուկյանին, այսպես պատասխանեց նախկին պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը: Պարոն Շիրխանյանը նշեց, որ ինքը չի մասնակցել հանրահավաքին ու մանրամասնեց. «Հարյուրավոր միտինգներ եմ տեսել, դա էլ թող լիներ 141-րդը: Ոչնչով չէր տարբերվում մյուսներից»:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ պարոն Շիրխանյանն ասաց. «Մարդ, որը  միշտ դեմ է եղել Մաքսային միությանը, հիմա կողմ է արտահայտվում: Այն ժամանակվանից դեռ Երջանիկ Աբգարյանը գնացել է խորհրդակցությունների և մերժվել է այն հիմքով, թե Հայաստանը սահման չունի Ռուսաստանի հետ: Բայց իրական պատճառաբանումը այլ է»: Հարցին՝ ո՞րն է իրական պատճառաբանությունը, պարոն Շիրխանյանը պատասխանեց. «ՀՀ-ի վզին փաթաթվեց լիբերալ դեմոկրատական համակարգ, որը մեզ տանում էր դեպի Եվրոպա, դրա համար էլ այն ժամանակ բոլորը դեմ էին Մաքսային միությանը»: Ըստ Շիրխանյանի՝ ՄՄ անդամակցումը ՀՀ իշխանությունների վերջին տարիների ամենակարևոր որոշումներից էր:

Պարոն Շիրխանյանն անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի ելույթին՝ ասաց, որ հիմնական ուղերձը ուղղված էր Ռուսաստանին՝ Մաքսային միության անդամակցության մասին:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, որը գնացել էր Մարտի 1-ի հանրահավաքին, ասաց, թե դրանից հետո ավելի է մոլորվել, թե ի՞նչր պիտի լինի մեր վաղվա օրը: Այնուհետև անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին. «Ելույթը բազմաթիվ հարցեր է ինձ մոտ բարձրացրել, որոնք, եթե նախորդ գործողությունների հետ համադրում եմ, նույնիսկ իրարամերժ հասկացություններ է պարունակում»:

Տիկին Բախշյանն այնուհետև հավելեց. «Լավ, եթե միտինգը չլինի, քաղաքացին, որ մեր երկրում ուզում է մի բան փոխել, ի՞նչ անի»:

Գագիկ Ծառուկյանի՝ Իվանիշվիլիի հետ համեմատությունը տիկին Բախշյանի համար անհասկանալի է: Նա նշեց. «Համեմատել Իվանիշվիլուն Ծառուկյանի հետ… սոցցանցերում էլ եք նայում, թե ինչքան տարբերություններ են հնչում: Մարտի 1-ի թնջուկից հետո խոսվում ու փաստվում էր այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի թիկնապահներն էլ էին մասնակցել այդ խժդժություններին, հետևաբար ՀԱԿ-ի ասածը, որ Գագիկ Ծառուկյանին է  առաջնորդ տեսնում, իրենց խոսքն ու գործն էլ չի բռնում իրար հետ: Ֆինանսական առումով է գուցե ձեռնտու»:

Տիկին Բախշյանը ԲՀԿ-ի պահվածքը համարում է «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» այնուհետև հավելում. «Չգիտեմ՝ դա ինչքանով է ազնիվ և որքանով հավատամ դրան ու իսկապես արդյո՞ք դրա հետևում Քոչարյանի ականջները չեն երևում: Եթե մի տեղ էլ տեսնեմ, այդ համագործակցությունը անընդունելի եմ համարելու: Վախը մեջս կա, բայց դե ասում եմ, հրապարակավ խոսում են, ասում են, կարող է՝ ինչ որ բան լինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31