Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի հրաժարականի մասին. «Ամնեզիա», կամ «սև այծիկը»` որոգայթում»

Ապրիլ 04,2014 14:39

«Եթե Սերժ Սարգսյանը Հիլարի Քլինթոնին երախտապարտ գտնվի` նրա մեկնաբանության համար, որով գովերգում էր իրեն, ապա վարչապետ կդառնա Վիգեն Սարգսյանը: Եթե Սերժ Սարգսյանը թևածող, անվերադարձ ամնեզիայով չի տառապում, պետք է հիշի` ում շնորհիվ ու ինչի հաշվին կարգվեց, ապա վարչապետ պիտի նշանակի Ռոբերտ Քոչարյանին»,- Aravot.am-ի հարցին` վարչապետի պաշտոնում ի՞նչ հավանական թեկնածուներ է տեսնում, այսպես պատասխանեց հրապարակախոս, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Այնուհետև մանրամասնեց. «Եթե Սերժ Սարգսյանը ամնեզիայի մեջ չէ, հիշողության անվերադարձ կորուստ չունի, հիշողությունը լրիվ չի մթագնել, նա պիտի հիշի, թե ում շնորհիվ` հանձինս Ռոբերտ Քոչարյանի, կարգվեց նախագահ: Եթե Սերժ Սարգսյանը չի տառապում ամնեզիայով, պետք է հիշի, որ այն խոշորագույն տապալումից հետո, երբ նա անվտանգության նախարարն էր և ահաբեկչության դեմ պայքարի առաջին պատասխանատուն, հոկտեմբերի 27-ից հետո ոչ միայն չդատվեց շնորհիվ Ռոբերտ Քոչարյանի, այլ պաշտոն ստացավ»:

Մեր մյուս հարցին` արդյոք վարչապետի հրաժարականը սպասելի՞ էր իր համար, պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Իհարկե, սպասելի էր: Դեռ 3-4 ամիս առաջ Aravot.am-ին այդ մասին ասել եմ: Նախագահը հարմար պահին և ինչպես վարվում էին սև գույնի այծիկների, քավության նոխազների հետ, մատաղ կանի` նրա վրա բարձելով բոլոր մեղքերը. քայքայված տնտեսություն, հայաթափություն, սոցիալ-տնտեսական ծանր վիճակ, և դրանով կերկարացնի իր կյանքը` որպես հանրության չընտրված նախագահ»:

Մեր հստակեցմանը` արդյոք Տիգրան Սարգսյանը «զո՞հ» էր, պարոն Եղիազարյանն ասաց. «Չկա չարիք, առանց բարիք: Նա զոհ լինել չէր կարող, նա պատահական մարդ էր, ինչպես մեծամասնությունը, որոնք որդեգրված են Սերժ Սարգսյանի հրամանները կիսատ-պռատ կատարելու համար: Բայց ես հուսով եմ, որ այս հրաժարականից առաջին և վերջին մարդը, որ կարող է տասը տոկոսի կարգի օգտվել, գործարար Փայլակ Հայրապետյանն է: Հիմա, երբ օֆշորի մեծագույն մասնագետը, առաջնակարգ հերոսն այսօր արդեն պետական հովանու ներքո չէ, միգուցե Փայլակ Հայրապետյանին Աշոտ Սուքիասյանի անվան տակ մի տասը տոկոս փոխհատուցում լինի»:

Ըստ պարոն Եղիազարյանի`վարչապետի պաշտոնում կաշխատեն նշանակել մի մարդ, որը հաստատ ռուսամետ չէ, արևմտամետ է, կամ ավելի կոնկրետ ամերիկամետ: Մեր հստակեցմանը, արդյոք ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարո՞ղ է լինել վարչապետի այն թեկնածուն, որը ձեռնտու է ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին, պարոն Եղիազարյանն ասաց. «Նա այսօր ձեռնտու չէ ՀՀԿ-ին, ավելի հստակ ոչ թե ՀՀԿ-ին, այլ կոնկրետ մեկ մարդու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930