Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ զարմանա, որ վարչապետ նշանակվի Տիգրան Կարապետովիչը կամ Գալուստ Սահակյանը»

Ապրիլ 09,2014 13:58

Գյումրու ՀԱԿ կառույցի պատասխանատուն՝ Տիգրան Սարգսյանի`
Գյումրիում խաղացած «բլեֆների» ու նոր վարչապետի ընտրության մասին

Գյումրու ՀԱԿ կառույցի պատասխանատու Մուրադ Գրիգորյանը, գնահատելով վարչապետ Տիգրան Սարգսյանի 6 տարվա գործունեությունը, առանձնացրեց Գյումրիում նրա նախաձեռնած բլեֆները` Ազգային պարկը, տեխնոպարկը եւ այլն: «Վարչապետ Տիգրան Սարգսյանի 6 տարվա գործունեությունը, եթե, իհարկե, կարելի է գործունեություն անվանել, դա ինքնին մեղադրական եզրակացություն է, որը ենթակա է դատարանում հնչեցնելու: Կարող եմ թվարկել, քաղաքացիները, հատկապես լրագրողները շատ լավ գիտեն: Իսկ որպես գյումրեցի` վարչապետի կատարած քայլերից մի քանիսը կառանձնացնեմ Գյումրիում, ասենք` ազգային պարկ կոչվող բլեֆը, Գյումրի տեխնոպարկ կոչվող բլեֆը, յուրաքանչյուրը ենթադրում է հսկայական ֆինանսական միջոցների մսխում: Էլ չեմ ասում օֆշորները, բնակչության աղքատացումը, աղքատության բազմապատկումը, բյուջետային միջոցների փոշիացումն ու վատնումը, արտաքին պարտքի եռապատկումը, պահուստային ոսկու վաճառքը, դրամ-դոլար փոխարժեքի մանիպուլյացիաները, երբ մի գիշերվա ընթացքում 20-25 տոկոս արժեզրկեցին, դրանով հսկայական միջոցներ կուտակեցին, գյուղատնտեսության կործանումը, հողի հանձնումը՝ բառիս բուն իմաստով, զանազան մանիպուլյացիաները, գյուղացիներին իբր թե դասընթաց կազմակերպելը եւ էդ անվան տակ միլիոնավոր դոլարներ յուրացնելը, արտագաղթը… Վարչապետն էր, չէ՞, հայտարարում, որ թող արտագաղթեն, որովհետեւ մնալու դեպքում կարող են հեղափոխություն անել: Էնպես որ՝ մեղադրական եզրակացության պատրաստի տեքստ պիտի գրենք, եթե հիշենք Տիգրան Սարգսյանի կատարած գործողությունները»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ վարչապետի հրաժարականը կամ պաշտոնանկությունը ժողովրդի համար միեւնույնն է, եւ Սերժ Սարգսյանի կողմից նրան զոհաբերելը չի նշանակում, թե իշխանությունը կարող է իր կյանքը երկարաձգել: «Դրանով ավելի կարճացրին իշխանության կյանքը` ի ցույց դնելով իրենց տագնապը, վախը, չորս ուժերի ընդամենը շուրջօրյա հանրահավաք կազմակերպելու հայտարարությունն անգամ ցնցման մեջ գցեց իշխանական համակարգի բուրգին` սկսած Սերժ Սարգսյանից»,- ասում է մեր զրուցակիցը: Մեր այն հարցին էլ, թե ինչպե՞ս է վերաբերվում Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելու գաղափարին, ԱԺ նախագահն ընդունելի՞ տարբերակ է, տեսնո՞ւմ է նրան վարչապետի աթոռին, ՀԱԿ պատասխանատուն ասաց. «Սերժ Սարգսյանի պարագայում ես վարչապետի աթոռին տեսնում եմ յուրաքանչյուրին` Տիգրան Կարապետյանին, Գալուստ Սահակյանին, ում որ կուզեք, դուք կարող եք էդ ցանկը շարունակել…»: Իսկ եթե բացառենք Հովիկ Աբրահամյանի տարբերակը, ո՞ւմ եք տեսնում կառավարության ղեկին, կա՞ այդպիսի մեկը, ով կկարողանա խելքը գլուխը բերել երկրի տնտեսությունը, մեր այս հարցին Մուրադ Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Չեմ տեսնում ոչ ոքի: Քրեաօլիգարխիկ տնտեսությունը խելքի կարող է բերել միայն օրինականորեն ընտրված իշխանությունը, օրինականորեն ընտրված հանրապետության նախագահը, օրինականորեն ձեւավորված գործադիր իշխանությունը, դատական համակարգը, այնպես որ՝ խելքի բերելու միակ ճանապարհը համակարգային ամբողջական իշխանափոխությունն է, ինչը որ Հայ ազգային կոնգրեսը ոչ իշխանական ընդդիմադիր մյուս 3 քաղաքական ուժերի հետ իրականացնում է»:

Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն շտապեց հայտարարելու` պարտադիր չէ, որ նոր վարչապետը լինի Հանրապետական. եթե վարչապետի պաշտոնը առաջարկվի ՀԱԿ-ին, կհամաձայնի՞ արդյոք ընդդիմադիր քաղաքական այս ուժը առաջադրել որեւէ թեկնածուի: «Միանգամից ասեմ` բացառված է, սա նաեւ իմ անձնական կարծիքն է եւ մեր` ՀԱԿ-ի միասնական տեսակետն է: Վերջին հանրահավաքում՝ մարտի 1-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի պարագայում մենք մաս չենք կազմելու գործադիր իշխանությանը, դա ուղղակի բացառված է»,- ասաց ՀԱԿ պատասխանատուն:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930