Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը ներկայացրել է ԵԹԿՊԻ ռեկտորի պաշտոնակատարին. «Ներկայացնել արտահայտությունը գուցե տեղին չէ»

Ապրիլ 11,2014 12:32

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել բուհի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Մուրադյանին: Նախարարը նշել է՝ ներկայացնել արտահայտությունը գուցե տեղին չէ, քանի որ Դավիթ Մուրադյանը երկարամյա դասախոսական աշխատանքի փորձ ունեցող անձնավորություն է, մարդ, ով ԵԹԿՊԻ հետ կապված է իր կենսագրությամբ, բուհի կոլեկտիվին քաջ ծանոթ մարդ, մտավորական. «Ուզում եմ տեղեկացնել, որ նշանակման առթիվ ես խոսել եմ նաև բուհի խորհրդի նախագահ, ՀՀ մշակույթի նախարար տիկին Պողոսյանի հետ, ով ևս կիսում է մեր մոտեցումը` կադրային քաղաքականության առումով:  Բոլորս էլ գիտենք, որ այսօր բուհի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ` սկսած բուհի ուսումնական գործընթացի կազմակերպումից մինչև ֆինանսական կայունության ապահովում, որը պետք է լուծենք միասին,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով ինստիտուտի կոլեկտիվին` այս ընթացքում համախմբվածություն ցուցաբերելու, ինչպես նաև բուհի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մինասյանին` ռեկտորի մահից հետո բուհը կայուն վիճակում պահելու համար:

«Շնորհակալ եմ, որ ձեր կոլեկտիվն ըմբռնումով է մոտեցել խնդրին, միաժամանակ ցանկանում եմ նաև հայտնել, որ շուտով կհայտարարվի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Այն բաց մրցույթ է, և ռեկտորի համար նախատեսված բոլոր չափանիշներին համապատասխանող բոլոր թեկնածուները կարող են մասնակցել,-նշել է Ա. Աշոտյանը` հույս հայտնելով, որ մոտակա տարիների համար բուհը կունենա կայուն զարգացման լավ հիմքեր, և այդ հարցում նախարարությունը կաջակցի բուհին` բոլոր խնդիրերը միասին լուծելու  համար:

Նախարարը նաև հերքել է այն մտավախությունը, որ բուհը կարող է միանալ այլ ուսումնական հաստատության` վստահեցնելով, որ տեսանելի ապագայում նման խնդիր դրված չէ:

Ռեկտորի պաշտոնակատար  Դավիթ Մուրադյանը շնորհակալություն է հայտնել` վստահության համար` նշելով. «Այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքով կապված են այս բուհի հետ, որովհետև նրանց մեծ մասը ուսանող տարիքից է այս օջախում, և սա իրենց համար պատահական աշխատավայր չէ: Մարդիկ, ովքեր սիրում են այս բուհը` մտահոգ նրա անհաջողություններով և ուրախ` հաջողություններով:  Ոչ մի ռեկտոր չի կարող հաջողությամբ աշխատել, եթե չունի կոլեկտիվի և լիազոր մարմնի աջակցությունը»,-նշել է Դ. Մուրադյանը:

Բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմը ևս նշել է, որ Դավիթ Մուրադյանն իրենց համար օտար մարդ չէ. բուհում բոլորը նրան շատ լավ են ճանաչում, և մասնագիտական շրջանակի կողմից վերջինիս նկատմամբ լավ վերաբերմունքն ու հարգանքն ակնհայտ է:

 ԿԳՆ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930