Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանի մասին՝ նաեւ լավը

Ապրիլ 28,2014 11:50

Պատկերացնում եմ, այս շաբաթ Ֆեյսբուքում, կայքերում ու թերթերում ինչ խրախճանք է լինելու: Գալուստ Սահակյան՝ դրանով գրեթե ամեն ինչ ասված է: Ցանկացած հրապարակախոս, վերլուծաբան, ինչպես նաեւ սովորական օգտատեր իր պարտքն է համարում մի երկու քաղցր խոսք ասել Ազգային ժողովի համարյա նախագահի հասցեին: Ի դեպ, չեմ կարող մի փոքր չդժգոհել ֆեյսբուքյան «ժանրերից»: Ենթադրենք, մի 20 տարեկան աղջնակ, ակտիվիստուհի «կիսում է» պաշտոնական տեղեկատվությունը, որ «ՀՀ նախագահն ընդունել է այսինչին» եւ տակը մեկնաբանություն է գրում՝ «ղալաթ է արել»: Տակը 40 հատ like եւ նոր մեկնաբանություններ՝ «բրավո», «լավ կպցրիր», «մեռնեմ դուխիդ», «սրանց պետք ա վաբշե…»: Ով կասի՝ ա/ նման բաներ գրելու համար իրո՞ք խիզախություն է պետք, բ/ սա լրագրությո՞ւն է, հրապարակախոսությո՞ւն, թե՞ քաղաքացիական ակտիվությո՞ւն:

Այդ ժանրի մեկնաբանություններ՝ ուղղված Գալուստ Սահակյանին, շատ են գրվելու: Տվյալ գործչի նկատմամբ հասարակության վերաբերմունքն իսկապես հիմնականում խիստ բացասական է, եւ դրան նպաստել է թե ընդդիմության «նպատակային» քարոզչությունը, որը, ասենք, Հովիկ Աբրահամյանի դեպքում չկա, թե պարոն Սահակյանի անձնական հատկանիշները. սովորաբար նրա բարդ քերականական կառուցվածքներ պարունակող խոսքում կա ցինիզմ, վիրավորանք, արհամարհանք ընդդիմախոսների հանդեպ: Եթե իշխանությունը նպատակ ունի բարձրացնելու հասարակական դժգոհության աստիճանը, ապա Գալուստ Սահակյանի առաջադրումով այդ նպատակն ամբողջ իրագործված է:

Երբեմն գրում են, որ ՀՀԿ-ն ունի «բարեփոխական» եւ «հետադիմական» թեւեր, եւ իբր Գալուստ Սահակյանի առաջադրումը նշանակում է «բարեփոխիչների» թեւի պարտություն: Դա, ինձ թվում է, մոլորություն է: ՀՀԿ-ն կուռ բյուրոկրատական կառույց է, որը գոյություն ունի բացառապես վարչական լծակների շնորհիվ, եւ որը կփլուզվի այդ լծակները կորցնելու հաջորդ իսկ օրը: Ինչպես ՀՀՇ-ն էր 1994-97 թվականներին: Ինչպես՝ «Մեր տունը Ռուսաստանն է» կամ «Միասնական Ռուսաստանը»: Նման կուսակցություններում, ինչպես եւ ԽՄԿԿ-ում, գաղափարական պայքար տեղի չի ունենում՝ կա տարբեր խմբերի, երբեմն՝ տարբեր սերունդների պայքար՝ լծակների համար: Էդուարդ Շարմազանովի կամ Հովհաննես Սահակյանի սերունդը ՀՀԿ-ում ավելի առաջադեմ չէ, քան Գալուստ Սահակյանինը: Չնայած պետք է ընդունել, որ այդ երիտասարդներից որեւէ մեկի առաջադրումն այնքան բուռն ընդվզում չէր առաջացնի, որքան այս մեկը:

Բայց այսքանով հանդերձ պետք է, չէ՞, լինեն պատճառներ, թե ինչու է այդ պաշտոնին առաջադրվել հենց Գալուստ Սահակյանը: Կարծում եմ, գլխավոր պատճառն այն է, որ ՕԵԿ-ի դուրս գալուց հետո Հանրապետականի ռեսուրսները Ազգային ժողովում կրճատվել են: Մնացածների բոյկոտի դեպքում ցանկալի քվեարկությունը կազմակերպելու համար անհրաժեշտ կլինի առնվազն 66 պատգամավորների ներկայություն: ՀՀԿ խմբակցությունն ունի 70 պատգամավոր: Հետեւաբար, պետք կլինի ուժերի որոշակի լարում հանրապետական գրեթե բոլոր պատգամավորների ներկայությունն ապահովելու համար: Այն, ինչ Գալուստ Սահակյանը Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ անում էր որպես խմբակցության ղեկավար, հիմա, վերջինիս բացակայության պայմաններում, նա պիտի անի որպես ԱԺ նախագահ: Ոչ մի երիտասարդ հանրապետական չի կարողանա Շմայսներին, Թոխմախներին, գեներալներին եւ մնացածներին դահլիճ բերել եւ դահլիճում կարգի հրավիրել: Այնպես որ Գալուստ Սահակյանը պետք է նախեւառաջ փոխված իրավիճակում Հանրապետականի որոշումները սահուն անցկացնելու համար:

ԱԺ առաջադրված նախագահը եւս մի առավելություն ունի բազմաթիվ քաղաքական գործիչների նկատմամբ, այդ թվում՝ ընդդիմադիր. նա առանց բարդույթների կարողանում է շփվել լրատվամիջոցների հետ: Որքան էլ լրագրողները Գալուստ Սահակյանին «քլնգեն», նա շատ հանգիստ պատասխանում է նրանց ամենասուր հարցերին: Թե չէ մեզանում գործիչներ կան, որ հարցազրույցներ են տալիս միայն «իրենց» լրատվամիջոցներին կամ էլ՝ երբ իրենց մոտենում է «ոչ ցանկալի» լրատվամիջոցի ներկայացուցիչ, «վիրավորված առաքինության» տեսք են ընդունում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Ինձ այնպես է թվում, որ Սերժ Սարգսյանը ծաղրում է ժողովրդին: Նրա կատարած նշանակումները միայն դրանով կարող են պայմանավորված լինել: Մնացած բոլոր դեպքերում կարել է պնդել, որ Սերժ Սարգսյանը ադեկվատ վիճակում չէ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930