Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հունաստանում

Ապրիլ 29,2014 12:59

Շարունակվում են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Հունաստանում:

Ապրիլի 27-ին Աթենքում, Սալոնիկում և Ալեքսանդրուպոլիսում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի hիշատակի և ոգեկոչման հիմնական միջոցառումները:

Աթենք

Աթենքյան միջոցառումը կազմակերպվել էր Ատտիկայի մարզպետարանի նախաձեռնությամբ և Հայ դատի հանձնախմբի և Ռամկավար ազատական կուսակցության Իրավանց խորհրդի համատեղ ջանքերով: Ռազմական թանգարանի հանդիսասրահում անցկացված բազմամարդ հանդիսությանը ներկա գտնվեցին Հունաստանի պետական-քաղաքական կյանքի բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և անդամներ, ռազմական կցորդներ, զինվորականներ և այլն:

Հունական խորհրդարանը ներկայացնում էին փոխնախագահ Իոաննիս Տրաղակիսը, խորհրդարանի նախկին նախագահ և Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի նախագահ Ապոստոլոս Կակլամանիսը, պատգամավորներ Կոստաս Կացաֆադոսը, Պրոկոպիս Պավլոպուլոսը, Էլենի Զարուլիան, Նիկոլաոս Միխոսը, խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ Դիմիտրիոս Պապադիմուլիսը, Վասիլիս Կապերնարոսը, Խրիստոս Կացիոտիսը, Մարիա Յանակակին: Արտգործնախարար և փոխվարչապետ Էվանգելոս Վենիզելոսին ներկայացնում էր Ի. Դողորիտիսը: Միջոցառմանը ներկա էին Անգոլայի, Ռուսաստանի, Խորվաթիայի, Իրաքի, Սերբիայի, Կոնգոյի, Եգիպտոսի, Չինաստանի դեսպանները և դիվանագետներ, ռազմական կցորդներ, Հունաստանի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի պետ Խրիստոս Կարիոտիսը, ինչպես նաև ակադեմիայում ուսանող հայ կուրսանտները: Տեղական ինքնակառավարման մարմինները ներկայացնում էին Ատտիկայի փոխմարզպետ Աննա Պապադիմիտրիու-Ցացուն, Աթենքի փոխքաղաքապետեր Սուլթանա Սպիրոպուլոն և Յորղոս Պապանդրեուն, Պիրեասի քաղաքապետ Վասիլիս Միխալոլիակոսը, Նիկեա-Ռենտիի քաղաքապետ Յորղոս Իոակիմիդիսը, պաշտոնատար այլ անձիք: Միջոցառմանը ներկա էին նաև հայկական եկեղեցիների առաջնորդները և հոգևոր դասի ներկայացուցիչներ, հունահայ համայնքային կառույցների ղեկավարները և անդամները, ասորական, հունական, պոնտական հասարակական-քաղաքական կազմակերպությունների և համալսարանական շրջանակների ներկայացուցիչներ:

Միջոցառումը մեկնարկեց Ցեղասպանությունը վերապրողների վկայությունները ներկայացնող «20 ձայն» փաստագրական տեսանյութի ցուցադրմամբ: Բացման խոսքով հանդես եկավ Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Հովհաննես Առաքելյանը, որին հաջորդեց միջոցառման պաշտոնական մասը: Ատտիկայի փոխմարզպետ Պապադիմիտրիու-Ցացուն իր ելույթում նշեց, որ միջոցառման նպատակն ատելություն սերմանելը չէ, այլ պատմությունն իբրև գործիք օգտագործելով` առաջնորդվել դեպի խաղաղություն, և փոխըմբռնման ու համագործակցության դասեր քաղել: Պաշտոնյայի խոսքով` հուշ-երեկոյի կազմակերպումը անհրաժեշտություն է, քանի որ «անցյալը մեր մեջ բաբախող երկրորդ մի սիրտ է»:
Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր ելույթում վիճակագրական փաստեր ներկայացրեց Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած մարդկային, մշակութային և տնտեսական ահռելի կորուստների վերաբերյալ և մասնավորապես կարևորեց ՀՀ և համայն հայության ջանքերը ցեղասպանությունը, իբրև մարդկության դեմ հանցագործություն, կանխարգելելու գործում:

Հունական խորհրդարանի և խորհրդարանի նախագահ Մեյմարակիսի անունից հանդես գալով` պարոն Տրաղակիսը, մատնանշելով Թուրքիայի մերժողական քաղաքականությունը, փաստեց, որ ապրիլի 24-ի նախօրեին վարչապետ Էրդողանի հնչեցրած խոսքերից պարզ է դառնում, որ Թուրքիան ուժ չի գտնում պատմական ճշմարտությունն ընդունելու և բավարարվում է կեղծ բարեպաշտական ուղերձով: Նա նաև շեշտեց, որ մերժողականությունն արգելք է տարածաշրջանում վստահության հարաբերություններ հաստատելուն:

Օրվա բանախոսն էր Սալոնիկի համալսարանի արդի պատմության դասախոս, պրոֆեսոր Վլասիս Աղձիդիսը, որը հետաքրքական և համապարփակ պատմական ակնարկով ներկայացրեց Առաջին համաշխարհային պատերազմի համապատկերը, մասնավորապես պատերազմի քողի ներքո քրիստոնյա բնիկ ժողովուրդների հանդեպ իրագործված օսմանյան վայրագությունները, որոնք դարձան հիտլերյան «ազգերի մաքրագործման» գաղափարի նախատիպը:

Միջոցառման ներկաները սկաուտական խմբերի ուղեկցությամբ քայլերթով ուղղվեցին դեպի կենտրոնական Սինտաղմա հրապարակ, որտեղ պատվո պահակախմբի ներկայությամբ տեղի ունեցավ Անհայտ զինվորի հուշարձանին դափնեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն ՀՀ դեսպանության, ՀՀ Զինված ուժերի, Ատտիկայի մարզպետարանի, Աթենքի քաղաքապետարանի, հունահայ համայնքի և Հունաստանի ասորիների միության կողմից:

Սալոնիկ

Սալոնիկում նահանգային և քաղաքային իշխանությունների հետ հայ համայնքային կառույցների համագործակցությամբ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում տեղի ունեցավ «Ի. Վելիդիս» դահլիճում: Միջոցառմանը մասնակցեցին Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ և կառավարության անդամներ, նահանգային ու քաղաքային իշխանությունների, զինվորականության, քաղաքական կուսակցությունների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, հայ և հույն հոգևոր հայրեր, լրագրողներ:

Միջոցառմանը ողջույնի խոսք ուղղեցին Մակեդոնիայի և Թրաքիայի ապակենտրոնացված իշխանության, Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետարանի, Սալոնիկի քաղաքապետարանի, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները:
Բանախոսեց Ցեղասպանությունների հետազոտման միջազգային ակադեմիայի անդամ պրոֆեսոր Թեոֆանիս Մալկիդիսը:

ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Մինաս Մարտիկյանն ընթերցեց ՀՀ դեսպանի ուղերձը:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Սալոնիկի մանկական երգչախումբը:
Այնուհետև տեղի ունեցավ քայլարշավ դեպի Անհայտ զինվորի հուշարձանը, որտեղ պատվո պահակախմբի ներկայությամբ կայացավ Հայաստանի դեսպանության, հունական, նահանգային և քաղաքային իշխանությունների, Հունական 3-րդ բանակի հրամանատարության, Հունաստանի բանակի վետերանների և հայ համայնքային կազմակերպությունների կողմից ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Ալեքսանդրուպոլիս

Ալեքսանդրուպոլիս քաղաքում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված քաղաքական ձեռնարկը կազմակերպվել էր Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի Հայ դատի հանձնախմբի և Սուրբ Կարապետ եկեղեցու թաղային խորհրդի կողմից: Միջոցառմանը ներկա էին Ալեքսանդրուպոլիսի քաղաքապետը, քաղաքապետարանի խորհրդի անդամներ, մարզպետարանի ներկայացուցիչներ, ՀՅԴ տեղական կոմիտեների անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շրջանի հայ և հույն հոգևոր հայրեր:

Ողջույնի խոսքով հանդես եկան Ալեքսանդրուպոլիսի քաղաքապետ Էվանգելոս Լաբակիսը, մարզպետարանի ներկայացուցիչ Յաննիս Կանելակիսը, Հունաստանում ՀՀ դեսպանի ուղերձն ընթերցեց դեսպանության 3-րդ քարտուղար Մարիամ Հարությունյանը:
Օրվա բանախոսն էր Թրաքիայի «Դիմոկրիտիո» համալսարանի պրոֆեսոր Իակովոս Աղձօղլուն:

Ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի ոգեկոչման և հիշատակի արարողություն է տեղի ունեցել նաև Հունաստանի Կոս կղզում: Տեղական համայնքի ներկայացուցիչները խաղաղ քայլերթ են կատարել գլխավոր պողոտայով, ապա համախմբվելով կղզու կենտրոնական հրապարակի Անհայտ զինվորի հուշադամբարանի առջև, ծաղիկներ զետեղել մեկուկես միլիոն հայ անմեղ զոհերի հիշատակին: Հունական Կոս կղզու, ինչպես նաև հունական այլ շրջանների փոքրաթիվ հայ համայնքները ևս իրենց ձայնը միացրին համայն հայության պահանջատիրական ձայնին` 99-րդ ապրիլի 24-ը նշանավորելով միասնականության և վճռականության խորհրդով:

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930