Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրաշալի կլիներ, եթե մենք էլ հայկական պարարվեստի օր ունենայինք». Արթուր Եղոյան

Ապրիլ 29,2014 17:18

Պարի միջազգային օրվան ընդառաջ, «Միլեն շոու պրոդաքշն»-ը Վրաստանի պարարվեստի միության հետ համատեղ Հայաստանում անցկացնում է «Ազգերի բարեկամություն» խորագրով համերգ-փառատոն, որը կմեկնարկի այսօր՝ Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոնում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Միլեն շոու պրոդաքշն»-ի և «Միլեն շոու-բալետ» ժամանակակից հայկական պարի դպրոց-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Արթուր Եղոյանը:

«Սա ոչ թե մրցույթ-փառատոն է, այլ համերգ-փառատոն, այսինքն՝ մրցույթ չի լինի, պարզապես կլինի տոնական երեկո, որին մասնակցում են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մակարդակի պարային խմբեր,- ասում է Ա. Եղոյանը:- Պրոֆեսիոնալ մոտեցում՝ որպես այդպիսին, չկա այս անգամ, իսկ ապագայում նախատեսում ենք Վրաստանի տարբեր պետական համույթների հրավիրել Հայաստան և միասին գեղեցիկ համերգներ ունենալ»:

Այս համերգ-փառատոնում նա հատկապես կարևորում է խորագիրը՝ «Ազգերի բարեկամություն»:

Վրաստանի պարարվեստի միության փոխնախագահ, Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Յուրի Տորաձեն նույնպես մեծ կարևորություն է տալիս ժողովուրդների բարեկամությանն ու փոխշփումներին. «Մենք շատ ուրախ ենք այս հրավերի համար և անչափ հետաքրքրված, որովհետև «Միլեն շոու-բալետ»-ի մակարդակը շատ բարձր է,- ասում է մշակույթի վաստակավոր գործիչը:- Ի դեպ, հունիսի 1-15-ը Վրաստանում նույնպես կանցկացվի համերգ-փառատոն, որին կմասնակցեն հայաստանյան մեր գործընկերները: Հրաշալի բան է երկրների բարեկամությունը, նրանց փոխադարձ շփումները, որոնց արդյունքում նրանք ավելի լավ են ճանաչում միմյանց»:

Ա. Եղոյանն էլ վերջում հավելեց, թե ինքը շատ կցանկանար, որ ունենայինք Հայաստանի պարարվեստի օր: «Վրաստանում, օրինակ, հունիսի 11-ը նշվում է որպես վրացական պարի տոն: Հրաշալի կլիներ, եթե մենք էլ հայկական պարարվեստի օր ունենայինք, չէ՞ որ մեր պարարվեստը դարերի պատմություն ունի»,- ասաց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930