Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ներկայացրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նոր նախարար Գաբրիել Ղազարյանին

Մայիս 05,2014 17:29

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նոր նախարար Գաբրիել Ղազարյանին: Հովիկ Աբրահամյանը նախ շնորհակալություն հայտնեց Յուրի Վարդանյանին՝ մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքի համար եւ հաջողություն մաղթեց նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին:

Վարչապետը հատուկ ընդգծեց, որ ինքը մեծ կարեւորություն է տալիս սպորտին եւ ոլորտը պահելու է մշտական ուշադրության կենտրոնում` անելով այնպես, որ ոլորտը հեռու մնա քաղաքականությունից: Նա նշեց նաեւ, որ արդյունավետ աշխատանքը մեծապես կախված է լինելու նաեւ նախարարության ողջ անձնակազմի միասնական աշխատանքից, որտեղ հավաքված են գործիմաց մասնագետներ:

premier2

Յուրի Վարդանյանը նշեց, որ իր աշխատած մեկ տարվա ընթացքում շատ լավ կոլեկտիվ է եղել եւ շնորհակալություն հայտնեց աշխատակիցներին: «Վստահ եղեք, որ ինձ մոտ ամեն ինչ նորմալ է լինելու, ինչի մասին մոտ ապագայում կիմանաք: Կյանք է, ամեն ինչ էլ լինում է: Ես ներքեւում արդեն շնորհավորեցի նորանշանակ նախարարին: Հետագա հաջողություն եմ մաղթում նրան: Եվ տա Աստված, որ մեր սպորտն ավելի բարգավաճի», – ասաց արդեն նախկին նախարար Յուրի Վարդանյանը:

«Մեծարգո պարոն վարչապետ, գործընկերներ: Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել վստահության համար: Այս պատվավոր ու պատասխանատու պաշտոնը, որ ստանձնում եմ, մեծ, ծավալուն աշխատանք է պահանջում: Այն ծրագրերը, որ դրված են նախարարության առջեւ, մեր ուժերով շարունակելու ենք կատարել: Ես դա վստահեցնում եմ: Իմ աշխատանքային գործունեությունը ՀԱՕԿ-ում եւ ֆեդերացիայում նպաստել է, որ ավելի լավ ընկալեմ ու իմանամ բոլոր այն խնդիրները, որոնք կան այսօր նախարարությունում եւ մեր ոլորտում: Ես նախարարության` այստեղ նստած գրեթե բոլորին ճանաչում եմ անձամբ: Կարծում եմ` մենք միահամուռ ուժերով կաշխատենք եւ այն խնդիրները, որ ծառացած են մեր ոլորտում, միասին կհաղթահարենք: Ասեմ, որ քաջատեղյակ եմ նաեւ երիտասարդության ոլորտին: Կարծում եմ, որ ինձ այս աշխատանքին նշանակողները, մեր մասնագետները եւ հանրությունը գոհ կլինեն մեր համատեղ աշխատանքից», – ասաց նախարար Գաբրիել Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031