Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապ ունեն ջունգլիի մրջյունն ու առյուծը ՌԴ դեսպանի հայտարարության հետ

Մայիս 05,2014 19:27

«Դեսպանի ասածը այն է, որ ՀՀ-ում, հատկապես դրամաշնորհներ ստացած բավականաչափ մարդիկ կան, որ հանուն այդ դրամաշնորհի՝ պարտադրված են ինչ-որ բան պաշտպանել, բայց դրա ռեժիմ չունեն, ուստի ՌԴ-ին են փնովում»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատի ՌԴ դեսպանի այն հայտարարությունը, թե «ռուսական կողմը կխափանի իր բարեկամական երկրների ներքին գործերին «մեր մտքերին ու սրտերին խորթ գաղափարներ ներդնելու պատրվակով» կատարվող ցանկացած ագրեսիվ միջամտություն», այսպես պատասխանեց ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը:

Vardan_BostanjyanԱյնուհետև շարունակեց արդարացնել դեսպանին. «Կարող է` դեսպանն ասել է, որ պաշտպանի ինչքան ուզում ես, բայց մեզ մի փնովի: Ես կարող եմ չէ՞, Ձեզ ասել, թե ինչպես ուզում եք վարվեք, ինչ կեցվածք ու կյանք ուզում եք վարեք, ես ոչ մի պրոբլեմ չունեմ Ձեզ նախատելու, բայց հանուն Ձեր ինչ-որ քայլերի ինձ մի փչացրեք: Նույնն էլ իշխանությունները: ՌԴ-ի նման մեծ երկիրը, որից ամբողջ աշխարհն է զգաստանում, ՀՀ-ում մի ինչ-որ շիզիկի մեկը ուզում է ինչ-որ բաներ ասել ՌԴ-ի հասցեին, չի կարելի դա ասել, ո՞վ ես դու, ոնց որ Ջունգլիում գետնի տակի մրջյունը վեր կենա առյուծի հետ կռիվ տա»:

Styopa-Safaryan«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ստեփան Սաֆարյանի համար անընդունելի է դեսպանի՝ նման հայտարարությունը և ՀՀ իշխանությունների արձագանքի բացակայությունը: Այս կապակցությամբ նա ասաց. «ՀՀ դիվանագիական պրակտիկայում որևէ այլ դեպք հայտնի չէ, երբ դեսպանն այդքան սպառնալից և այդքան կոպիտ միջամտություն իրականացնի և, ըստ էության, անտեսի Հայաստանի՝ անկախ պետություն լինելու հանգամանքը: Մի բան ակնհայտ է, որ դեսպանին չէ, որ պետք է դուր գան ՀՀ-ում առկա գաղափարները: Սա բացահայտ սպառնալիք է բոլոր ազատ մտածող մարդկանց հանդեպ, ովքեր դեմ են արտահայտվում Մաքսային միությանը, ՌԴ քաղաքականությունը Ուկրաինայի հանդեպ: Դա ոչ միայն անտակտ, այլ դիվանագիտական բոլոր կանոնները ոտատակ տվող հայտարարություն էր»:

Կապված Ջունգլիներում մրջյունի և առյուծի համեմատության հետ՝ պարոն Սաֆարյանն ասաց. «Ո՞ւմ ներսում ստրուկը, թույլը նստած է, ով իրեն ոչնչություն է համարում, ինքը պրոբլեմ ունի ոչ միայն քաղաքական կյանքում, այլև ընդհանրապես այդ խավը ձայնը կտրած պիտի նստի և ցուցումներ չտա, թե մյուսներն իրենց նման հպատակվե՞ն, թե՞ ոչ: Երկիրը, պետությունը, գերագույն արժեք է, դրա համար հազարից ավելի տարիներ մեր նախնիները երազել են: Հետևաբար հանցագործություն է ապագա սերունդների և մեր նախնիների նկատմամբ, եթե թույլ տանք, նման հայտարարություններով, հետո նաև գործողություններով կասկածի տակ դնել հայոց պետականությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031