Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական նիստերի ընթացքում ոստիկանները հայտնվում են զավեշտալի վիճակում. Ակտիվիստ

Մայիս 07,2014 16:04

Այսօր՝ մայիսի 7-ին, ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ քաղաքացիական ակտիվիստ Վահե Գեւորգյանի գործով դատական վերջին նիստը, որի ընթացքում ապացույցների հետազոտություն կատարվեց: Դատարանը իր որոշումը ներկայացնելու է մայիսի 22-ին:

«Այսօր հետազոտվեց նաեւ մի ապացույց՝ «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութն էր , որտեղ հստակ երեւում է՝ Վահե Գեւորգյանը պահանջում է ոստիկաններից ներկայացնել իրավական այն ակտերը, որոնցով ինքը իրավախախտում է կատարել, ոստիկանն այդպես էլ չի ներկայացնում այդ իրավական ակտը»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Վահե Գեւորգյանի ներկայացուցիչ Անի Վարդանյանը:

Նա մեզ հայտնեց, որ ոտիկանությունը դիմել էր դատարան՝ Վահե Գեւորգյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հայցով, եւ դրա դեմ իրենք հակընդդեմ հայց են ներկայացրել՝ Վահե Գեւորգյանի խոսքի ազատ արտահայտման, հավաքների ազատության, անձնական անձեռնմխելիության, ազատ տեղաշարժման իրավունքների փաստը ճանաչելու եւ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու համար: Ոստիկանության ներկայացրած հայցը մերժել են:

Վահե Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսի 8-ին՝ Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ կարմիր գծանշանների ակցիան իրականացնելիս: Ակցիան իրականացրել են 4 ակտիվիստներ՝ Վահե Գեւորգյանը, Սեւակ Մամյանը, Դավիթ Գեւորգյանը եւ Սոնյա Մսըրյանը, սակայն Դավիթ Գեւորգյանին եւ Սոնյա Մսըրյանին բերման չեն ենթարկել. «Սովորականի պես՝ քաշքշելով, առանց որեւէ իրավական հիմքերի, տնային խոսակցություններով մոտեցան, բնականաբար մենք էլ իրականացրեցինք, վերջացրեցինք մեր ակցիան, այնուհետեւ՝ մի 20 րոպե հետո՝ ոտքս մեքենայից դուրս դեռ չդրած, Վահագնի մեքենայի դուռը բացեցի, որ իջնեմ, այդպես օդից տարան»:

Նա մեզ հայտնեց, որ վարույթը կազմել են 3 հոգի, որպեսզի կարողանան այն կազմել 3 ժամվա ընթացքում, իրեն չեն առաջարկել տրամադրել անվճար փաստաբան եւ ոստիկանության բաժնում պահել են 3 ժամ: Անդրադառնալով դատական նիստին՝ ակտիվիստը նշեց, որ նիստերի ընթացքում ոստիկանները հայտնվում են զավեշտալի վիճակում. «Բերման ենթարկողը, քանի որ արդեն իսկ խախտել է օրենքը բազմաթիվ կոպիտ խախտումներով, բնականաբար, ներկայացուցիչն այդ ամեն ինչը չի կարողանում կոծկել, իսկ երբ որ փորձում է, շատ զավեշտալի բան է ստացվում՝ տրամաբանությունից դուրս բաներ են սկսում ասել: Պետք է, որ գործը շահենք, եթե չշահենք, դա առավել ծիծաղելի կլինի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031