Լրահոս
Օրվա լրահոսը

Չդառնալ Կրեմլի ցուցումների պատանդը

Մայիս 08,2014 14:58

Հայաստանում ինքնուրույնության վերջին նշույլները չպետք է «չեզոքացվեն»

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի պաշտոնավարումը կավարտվի այս տարվա հոկտեմբերին: Նրա գործունեության հիմնական նպատակներից մեկը` ԵՄ Ասոցացման համաձայնագրերի ընդունումը նախկին Խորհրդային միության երկրների հետ, կարելի է համարել նրա անձնական ձախողումն, այն առումով, որ չհաջողվեց այդ գործընթացը հարթ, առանց ցնցումների իրագործել:

«Ազատություն» ռադիոկայանի՝ Պրահայի կենտրոնակայանում տված բացառիկ հարցազրույցում Ֆյուլեն օրերս հայտարարել է, որ Եվրամիությունը ժամանակին լրջորեն չի վերաբերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն խոսքերին, թե Խորհրդային միության փլուզումը 20-րդ դարի մեծագույն աղետն էր։ Դեռեւս 2008թ. Բուխարեստում Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթաժողովի ժամանակ Պուտինն ասել է՝ Ուկրաինան արհեստածին երկիր է։ «Սենյակում գտնվողների մի մասը ծիծաղեց, մյուս մասը չհասկացավ, բայց հիմա մենք լավ ենք հասկանում եւ այլեւս չենք ծիծաղում»,- ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը ու շեշտել՝ Ղրիմի անեքսիան եւ Ուկրաինայի արեւելքում զինված անջատողականներին աջակցելը վկայում են, որ Պուտինը բացահայտ անտեսում է միջազգային իրավունքը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Եվրամիությունը պատրաստո՞ւմ է նոր համաձայնություն, որը թույլ կտա Հայաստանին պահպանել սերտ հարաբերությունները Բրյուսելի հետ, Ֆյուլեն պատասխանել է. «Արեւելյան գործընկերության քաղաքականությունը մեր գործընկերներին չի ստիպում ընտրություն կատարել Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ։ Կուզեի նաեւ նշել՝ եթե մեր գործընկերներից մեկը նման ընտրություն է կատարում, մենք մշտապես դրան հարգանքով ենք վերաբերվում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք հստակ ասել ենք, որ մենք մեր ապագա գործընկերությունը կառուցելու ենք հենվելով բոլոր այն դրական արդյունքների վրա, որ կուտակել ենք 3.5 տարի տեւած բանակցությունների ընթացքում»։

ԵՄ-ն, անշուշտ, կշարունակի ինտեգրացիայի ջանքերը Արեւելյան գործընկերության երկրներում։ ԵՄ-ի պոտենցիալ գործընկերները կշարունակեն բարեփոխումներ իրականացնել իրենց երկրներում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա թեեւ պաշտոնական Երեւանը սեպտեմբերի 3-ի` Մաքսային միության անդամակցելու որոշումից հետո բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորելու իրավական նոր հիմք ստեղծելու ուղղությամբ, այնուամենայնիվ, պարզ չէ, թե ինչպես կարող է կյանքի կոչվել այդ գաղափարը: Ավելին` եվրոպացի դիվանագետներն արդեն մի քանի անգամ հստակ շեշտել են, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը չի կարող ընդհանուր փաթեթից առանձնացվել եւ առանձին ստորագրվել:
Ի՞նչ կարող է անել այս իրավիճակում Հայաստանը: Կամ, առհասարակ, կարո՞ղ են ՀՀ իշխանությունները ԵՄ-ի փոխհարաբերությունների նոր մակարդակ կառուցել այն պայմաններում, երբ պուտինյան Ռուսաստանի ազդեցությունը օր օրի ավելի նկատելի է դառնում, իսկ Կրեմլի ցուցումներն՝ ավելի անթաքույց ու անկաշկանդ:

Օրինակ, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» պարբերականին տված հարցազրույցում խիստ ուշագրավ «բացահայտումներ» է արել. «Վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որեւէ կասկած չկա: Սակայն, հավանաբար, պետք է նաեւ այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է հ/կ-ների գործունեությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս- հայկական բարեկամության դեմ, Ռուսաստանի ու Հայաստանի բարին չեն ցանկանում»:

Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները ռազմավարական նշանակության են, սա որեւէ մեկը չի կարող վիճարկել, բայց այդ հարաբերությունները պետք է կառուցվեն գործընկերային` փոխհարաբերությունների սկզբունքով, որքան էլ ՌԴ-ի ազդեցությունը Հայաստանի քսանամյա անկախության տարիներին ավելի ու ավելի է մեծացել: Նույնիսկ փոքրիկ Հայաստանը չի կարող իրեն շռայլություն թույլ տալ հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքը Կրեմլի ցուցումների պատանդը դարձնել: ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորելու իրավական նոր հիմք ստեղծելու մասին անվերջ հայտարարող Հայաստանի իշխանությունները նախեւառաջ պետք է մտորեն հենց այս ուղղությամբ: Հայաստանում ինքնուրույնության վերջին նշույլները «չեզոքացնելու» հրահանգներին ՀՀ իշխանությունները որեւէ ձեւով պետք է արձագանքեն, որովհետեւ «չեզոքացման» այդ փորձերն արդեն խրոնիկ բնույթ են ստանում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Դուք էլ երկակի ու եռակի ստանդարտներ եք օգտագործում,նայած թե ոնց է ձեզ հարմար: Ասում եք Կոսովոն ճանաչել ենք, որովհետև այնտեղ մարդիկ զոհվել են, իսկ Ղրիմը «անեքսիա» է(Ղրիմի բնակչության 97% կողմ է քվեարկել): Բա Ղարաբաղը?? Ինչու չեք ճանաչում Ղարաբաղը?? Ղարաբաղում հազարավոր մարդիկ են զոհվել: Կամ էլ որ միջազգային օրենքով էիք ռմբակոծում Հարավսլավիան?? Դուք էլ ամեն ինչ անում եք այնպես, ոնց ձեզ հարմար է—կուզենք կճանաչենք, չուզենք, չենք ճանաչի, սրանք «ճիշտ» ապստամբներ են, սրանք–«սխալ»: Մարդկանց սորտավորում եք ու ստիպում եք աչք փակել: Հազարավոր երեխաներ են զոհվում Սիրիայում(նաև հայազգի), բայց չտեսնելու եք տալիս: Ինչու չուզեցաք լսել Քեսաբի հարցը ՄԱԿ-ում? Կարեվոր չէր??

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031