Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ գնահատականով 2014 թ. գնաճը շարունակելու է նվազել

Մայիս 08,2014 20:09

Մայիսի 8-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց նախ ՀՀ կենտրոնական բանկի 2013 թ. թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը, ապա ՀՀ կենտրոնական բանկի 2014 թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը: Ըստ ԿԲ ներկայացուցչի՝ արտաքին հատվածում 2013 թվականի չորրորդ եռամսյակում համաշխարհային պահանջարկը շարունակել է մնալ ցածր, եւ հիմնական հումքային ու պարենային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միտումներ չեն նկատվել: Ակնկալվում է համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնում, որի պայմաններում հիմնական հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային ճնշումներ չեն սպասվում: Այսպիսով, ըստ Ներսես Երիցյանի, արտաքին հատվածից ակնկալվում է ոչ գնաճային ազդեցություն: 2013 թ. չորրորդ եռամսյակում դիտվել է տնտեսական ակտիվության որոշ չափով վերականգնում եւ գնաճային միջավայրի զգալի մեղմում, այդուհանդերձ, տնտեսական աճը սպասվածից ցածր է եղել, իսկ 12-ամսյա գնաճը գտնվել է իր տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանին մոտ: Ներսես Երիցյանը նշեց, որ սպասվում է իրական սպառման աճի տեմպերի կայունացում եւ մասնավոր ներդրումների՝ դանդաղ տեմպերով վերականգնում, ինչի պայմաններում տնտեսական աճը կմոտենա իր հավասարակշիռ մակարդակին:

Ըստ զեկուցողի՝ 2013 թ. հարկաբյուջետային քաղաքականության զսպողական բնույթին 2014 թ. կհաջորդի ընդլայնողականը, որը էականորեն կնպաստի տնտեսական աճի տեմպերի արագացմանը եւ գնաճային միջավայրի ընդլայնմանը: Միջնաժամկետ հատվածում մասնավոր պահանջարկի աշխուժացման եւ չեզոք հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքում ներքին պահանջարկի առումով գների վրա ակնկալվում է ոչ գնաճային ազդեցություն: Կանխատեսվում է, որ գնաճը կկայունանա իր նպատակային 4% մակարդակի շուրջ: Այդուհանդերձ, ԿԲ գնահատականով 2014 թ. գնաճը շարունակելու է նվազել՝ տարվա երրորդ եռամսյակում գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ, իսկ տարեվերջին կրկին կաճի՝ մոտենալով նպատակային ցուցանիշին: Պարոն Երիցյանը նշեց, որ այդ իրավիճակում 2014 թ. առաջին եռամսյակում ԿԲ-ն կշարունակի թուլացնել դրամավարկային պայմանները՝ արձագանքելով դեռեւս պահպանվող ցածր տնտեսական ակտիվությանն ու գնաճային միջավայրի մեղմմանը, իսկ ԿԲ դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունները մեծապես կպայմանավորվեն արտաքին ու ներքին տնտեսական զարգացման առկա անորոշությունների դրսեւորումներով:

ԱԺ կանոնակարգի համաձայն` այս փաստաթղթերը խորհրդարանն ընդունում է ի գիտություն:

Հանձնաժողովը հաստատեց նաեւ «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության սեղմագիրը:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031