Լրահոս
Օրվա լրահոսը

Պատիժը չպիտի կախված լինի աշխատավարձից

Մայիս 13,2014 13:55

Եթե տուգանքը չի խփում գրպանին, այն անիմատ է

«Թույլ տվեք, որ ես քշեմ 100 կիլոմետր ժամ արագությամբ, բայց դրա համար տուգանվեմ 400-500 դրամով, որպեսզի այդ տուգանքը համապատասխանի իմ ցածր աշխատավարձին, եւ ես հանգիստ շարունակեմ այդպես քշել: Թե չէ՝ կարտագաղթեմ»: Ահա այդպիսին է միջին հայաստանցի վարորդի հոգեբանությունը, որը խրախուսվում է ամբոխավար քաղաքական եւ հասարակական գործիչների կողմից: Իսկ ինչո՞ւ չմտածել հակառակ կողմից. այդպես քշելով նման վարորդը կարող է խլել տվյալ բնակավայրում ապրող մարդկանց կյանքը եւ վնասել նրանց առողջությանը: Դա՞ է կարեւոր, թե՞ կարգազանցի սպառնալիքը՝ «եթե հնարավորություն չտաք օրենք խախտեմ, կարտագաղթեմ»:

Ես վստահ եմ, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները կարող են պայքարել իշխանափոխության, հեղափոխության համար, կարող են պահանջել բոլոր իշխանավորների կալանավորում, գնդակահարություն կամ նույնիսկ քառատում: Միակ բանը, որ նրանք չպիտի անեն՝ էժանագին հեղինակություն ձեռք բերելու համար տուրք տալ մարդկանց անկազմակերպվածությանը, թափթփվածությանը, օրինազանցությանը եւ իրավական նիհիլիզմ քարոզել: Վաղը նրանք են գալու իշխանության ղեկին եւ գործ են ունենալու ամորֆ մի զանգվածի հետ, որը չի ուզում աշխատել, որը սպասում է «բարեգործների» նետած փշրանքներին, առավոտվանից գիշեր բողոքում է եւ չի ուզում ենթարկվել իրեն ոչ ձեռնտու օրենքներին:

«Աշխատավարձին ոչ համապատասխան» տուգանքները անվանում են «արագաչափերի տուգանքներ»: Բայց դրանք հաստատվել եւ «գործում էին» արագաչափեր տեղադրելուց շատ առաջ: «Գործում էին»՝ չակերտներով, որովհետեւ ճանապարհային ոստիկանները դրանք չէին գանձում՝ 10 հազար դրամ պետության օգտին գանձելու փոխարեն 3 հազարը դնում էին իրենց գրպանը, կամ օրինախախտը զանգում էր բաջանաղի հորեղբոր որդուն, որը դասակի հրամանատար է, կամ էլ ճանաչում էին հասարակությանը հայտնի մարդկանց եւ ներում էին: Տուգանքների չափը նույնն էր, բայց իրավիճակը ձեռնտու էր նրանց, ովքեր 60-ի փոխարեն քշում են 100 կիլոմետր ժամ արագությամբ: Ի դեպ, երբեմն նրանք ասում են՝ իբր «լարվում են» արագաչափերի պատճառով: Քշեք սահմանված արագությամբ եւ մի լարվեք, եւ այդ դեպքում կմոռանաք բոլոր տեսակի սարքերի մասին:

Ի վերջո, հանեք արագաչափերը (որպեսզի անկարգ վարորդները չունենան «ամեն ինչ մասնավորի գրպանն է դնում» «ատմազկան»), դրանց փոխարեն դրեք մի քանի հազար ազնիվ, անկաշառ ոստիկաններ, եթե, իհարկե, այդպիսիններին կարողանաք գտնել: Միայն թե մի ասեք, որ իրավախախտման պատժի չափը պետք է կախված լինի տվյալ երկրում միջին աշխատավարձի չափից: Ցանկացած իրավաբան ձեզ կասի, որ դա անգրագիտություն է: Պատժի կամ որը նույնն է՝ տուգանքի չափը պայմանավորված է արարքի հասարակական վտանգավորությամբ:

Եթե, օրինակ, Հայաստանում միջին աշխատավարձի չափը 10 անգամ ավելի քիչ է, քան Միացյալ Նահանգներում, ապա դա չի նշանակում, որ, ասենք, կաշառակերը մեր երկրում պետք է 10 անգամ ավելի քիչ նստի, քան ԱՄՆ-ում: Չնայած դա էլ, չէ՞, կարող ենք հիմնավորել. բա այդ «խեղճ» չինովնիկը ինչպե՞ս ընտանիք պահի իր խղճուկ աշխատավարձով:

Կասեք, որ քրեական հանցագործությունը եւ վարչական իրավախախտումը տարբեր բաներ են: Այո, կան վարչական իրավախախտումներ, որոնք բերում են շատ ավելի ողբերգական հետեւանքների:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. alfred says:

    Ընդունեք իմ խորին հարգանքները

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031