Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզում հակակարկտային կայաններ չե՞ն եղել (Տեսանյութ)

Մայիս 27,2014 12:34

Մատնանշելով մայիսի 25-ին Լոռու մարզի մի շարք համայնքներում տեղացած ուժեղ կարկուտը, ինչի հետեւանքով գյուղացիների բերքը՝ կարտոֆիլը, վարունգը, կաղամբը եւ մի քանի այլ մշակաբույսեր ոչնչացան, Aravot.am-ը Արտակարգ իրավիճակների «Հիդրոմետ ծառայության» օթերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանից հետաքրքրվեց, թե այս անգա՞մ էլ հակակարկտային կայանները չկարողացան գյուղացիներին օգնել:

 

Պարոն Սուրենյանն ասաց, որ կարկուտը, մասնավորապես, եկել է այն բնակավայրերում, որտեղ այդ կայանները չկան: Մեր հարցին, թե ինչո՞ւ այդ վայրերում տեղադրված չեն, հատկապես, որ տարածաշրջանում կարկուտ տեղալու հավանականությունը մեծ է, Գագիկ Սուրենյանն ասաց՝ հակակարկտային կայանները տեղադրելը ֆինանսների հետ է կապված:

Այսօր «Անալիտիկ» ակումբում պարոն Սուրենյանն ասաց, որ հունիսը համարվում է ամենակարկտաբեր ամիսը: Մինչեւ մայիսի 29-ը հանրապետությունը գտնվելու է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի հետեւանքով շրջանների զգալի մասում երեկոյան եւ գիշերը կդիտվի անձրեւ ու ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ եւ քամու ուժգնացում:
Մայիսի 30-ին եւ 31-ին տեղումները հիմնականում կպահպանվեն լեռնային շրջաններում: Օդերեւութաբանի ներկայացմամբ, Արարատյան դաշտավայրում եւ Երեւանում ցերեկը 24-25 աստիճան տաքություն, գիշերը՝ 13-14 աստիճան: Մայիսի 30-ից հետո օդի ջերմաստիճանը հանրապետությունում կբարձրանա: Արարատյան դաշտում եւ մայրաքաղաքում այն կհասնի 33-34 աստիճանի, Սյունիքի հովիտներում՝ մինչեւ 36 աստիճան:

Գագիկ Սուրենյանի տվյալներով, հունիս ամսին տեղումները նորմայից ավելի կլինեն: Հատկապես տաք կլինի հունիսի առաջին տասնօրյակը, Արարատյան դաշտում: Ամռան մյուս ամիսների կանխատեսումները, օդերեւութաբանն ասաց, որ դեռ պատրաստ չեն:
Մայիսին նկատվող ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը, պարոն Սուրենյանը պայմանավորեց Սեւ ծովից եկող ցիկլոններով: Մեղրիում օդի ջերմաստիճանը նույնիսկ հասել է մինչև 37 աստիճանի:

Գագիկ Սուրենյանը նաեւ ասաց, որ ջրամբարների լցվածությունը շարունակում է քիչ մնալ, մասնավորապես, Ախուրյանի ջրամբարը լցված է 51%-ով, Արփի լիճը` 38%-ով, Ազատի ջրամբարը`67 %-ով, Ապարանի ջրամբարը`26%-ով: Ջրամբարների ծավալը բացթողումից հետո գրեթե չի փոխվել, ինչը պայմանավորված է վերջին օրերի առատ տեղումներով:

Տեսանյութը՝ շուտով

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել