Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում կարկուտից տուժած համայնքները շարունակում են ահազանգել

Մայիս 28,2014 17:07

Սյունիքի մարզի համայնքներից շարունակում են ահազանգել կարկուտի հետեւանքով հասցված վնասների մասին:

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը մեզ փոխանցեց, որ ինքն անձամբ այցելում է համայնքներ եւ տեղում ուսումնասիրում իրավիճակը: Արդեն եղել է Կաղնուտ, Սեւաքար, Խդրանց , Շինուհայր, Խոտ, Հալիձոր եւ կարկուտից տուժած մյուս համայնքներում: «Բոլոր տեղերում եղել ենք, ուսումնասիրել ենք իրավիճակը, իրականում աղետ եղել է: Ավելի շատ տուժել են պտղատու ծառերն ու բանջարաբոստանային կուլտուրաները, դաշտավարության հետ կապված խնդիր, կարելի է ասել, չկա», – նշեց պարոն Թանգյանը:

Իսկ Կապանի տարածաշրջանի Ուժանիս գյուղական համայնքի ղեկավարը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում պնդեց, որ երկու օր առաջ մոտ 1 ժամ տեղացած կարկուտը զգալի վնաս է հասցրել խոտհարքին, աշնանացան ցորենի ցանքատարածություններին ու այգիներին:

«Մոտ 10-15 հա աշնանացան ցորենի ցանքսերն են վնասվել, 4 հա` այգի, 1 հա` կարտոֆիլ, 20 հա` խոտ: 100 տոկոսով տուժել են հիմնականում լոբին, կարտոֆիլը, թութը: Գյուղացիներին զրկեց եկամտի միակ աղբյուրից: Ապրիլի 24-ին էլ էր ուժեղ կարկուտ եկել, բայց վնասն էսքան մեծ չէր: Գրություն եմ ուղարկել մարզպետարան` փոխհատուցում ստանալու ակնկալիքով: Մարդիկ պետության կողմից ցորեն են վերցրել-ցանել, հիմա պետք է մեկը երկուսի հարաբերակցությամբ հետ վերադարձնեն, իսկ էս վիճակում նույնիսկ իրենց բերքը չեն կարողանալու վերցնեն, որ պետության պարտքն էլ հետ վերադարձնեն», – ասաց Ուժանիսի գյուղապետ Էդիկ Բեգլարյանը եւ նշեց, որ գյուղացու միակ հույսը վնասի փոխհատուցումն է: Ուժանիսցիները հիշում են, որ նման ուժգնությամբ կարկուտ գյուղում տեղացել էր նաեւ երեք տարի առաջ` կրկին գյուղացիներին լուրջ փաստի առաջ կանգնեցնելով:

Այժմ գյուղում 25 ընտանիք է բնակվում, բոլորի այգիներն էլ տուժել են կարկտահարությունից, իսկ այս տարի մշակված 60 հա աշնանացան ցորենի ցանքատարածություններից 15 հեկտարն ամբողջովին վնասվել է:
Գյուղվարչության պետ Սամվել Թանգյանը հավաստիացրեց, որ կարկուտից տուժած համայնքներին ինչ-որ չափով օգնություն կտրվի, խնդիրը մարզպետի ուշադրության կենտրոնում է:

«Մեղրու տարածաշրջանում ցրտահարությունից ու կարկտահարությունից տուժած համայնքների համար արդեն որոշում է կայացվել` հողի հարկն ու ջրի վարձավճարը կփոխհատուցվի: Իսկ օրերս կարկուտից տուժած համայնքներում դեռ ուսումնասիրությունները շարունակվում են: Իմ ուսումնասիրությունն ու համայնքների ներկայացրած պատկերը բավականին տարբեր են: Իրականում ավելի քիչ է վնասը, քան ներկայացվում է: Յուրաքանչյուրն էլ մարզպետի կողմից ինչ-որ չափով փոխհատուցում կստանա, կառավարությունն էլ անուշադրության չի մատնում գյուղացուն…», -նշեց Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031