Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչը շարունակում է խեղաթյուրել իրականությունը

Հունիս 02,2014 14:15

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ, նկատի ունենալով Ձեր վճռականությունը՝ իրականում բարեփոխելու դատական, դատախազական համակարգերի գործունեությունը, հույսս չեմ կորցնում, որ Դուք կկայացնեք օրինական ու արդարացի վճիռ: Ձեր կողմից բազմիցս նշվել է, որ ՀՀ-ում անկախ դիրքից ու ունեցած կարողությունից, հանցանք կատարած ոչ մի անձ չի կարող ազատվել պատասխանատվությունից: Բազմաթիվ նամակներով դիմել եմ Ձեզ՝ ԵՊՏՀ դասախոս, ՕՀՎ բաժնի աշխատակից Արտակ Ղուկասյանի նկատմամբ ՀՔԾ-ում հարուցված գործի նախաքննության ընթացքում: Ամուսնուս՝ Արտակ Ղուկասյանի քր. գործի նախաքննությունը ՀՔԾ-ում արդեն ավարտվել է: Ամուսնուս առեւանգումը, բիզնեսների թալանը կազմակերպել եւ իրականացրել են Պետական եկամուտների կոմիտեի ՕՀՎ բաժնի պետ՝ Արման Սարգսյանը, նրա բաժնի աշխատակիցները, եղբայրը՝ Գուրգեն Սարգսյանը, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն, այժմ արդեն պատգամավոր՝ Վահրամ Մկրտչյանը, Մաթեւոս Մելիքսեթյանը: Իմ բողոք դիմումներում առեւանգման մասին բազմաթիվ անգամ նշել ենք ես եւ ականատեսները, նախաքննական մարմնին ներկայացրել եմ ամուսնուս ծեծված ու խոշտանգված նկարները, սակայն ՀՔԾ-ի քննիչ Հակոբյանը բացահայտ անտեսել է մի շարք ապացույցներ ու վկաների ցուցմունքներ: Քննիչը բոլոր վաշխառուներին ճանաչել է տուժող՝ հաշվի չառնելով բազմաթիվ փաստեր եւ ապացույցներ: Մեջբերում եմ քննիչի կողմից տուժող ճանաչված, երկքաղաքացի Արթուր Պետրոսյանի դիմումից մի հատված՝ Երեւանի «Շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոնի» ղեկավար պարոն Մ. Ատովմյանին. «Աշխատելով պետական հիմնարկությունում՝ Հայաստանի պետեկամուտների կոմիտեին առընթեր օպերատիվ հետախուզության վարչությունում Արտակ Ղուկասյանը պետք է հայտնաբերեր եւ տույժի ենթարկեր ստվերային բիզնեսով զբաղվող այլ պետական պաշտոնյաների: Ո՞վ էր Արտակ Ղուկասյանը, որ առանց վախենալու պատժից, ծավալեր այդպիսի ֆինանսական գործունեություն: Պարզվեց, որ այդ ամենն արվում էր հենց այդ պետերի կողմից: Նա՝ Արտակ Ղուկասյանը այդ մարդկանցից ինչ-որ ձեւով ձեռք բերած ստվերային գումարները պտտեցնում էր իր բազում բիզնեսներում՝ լոմբարդներում, արտարժույթի փոխանակման կետերում: Այդ ամենի դիմաց, որ իր պետերն աչքերը փակեն իր գործունեությանը, նա մեծ գումարներ էր բաշխում Արման Սարգսյանին եւ նրա բաժնի աշխատակիցներին: Մեկ շաբաթ առաջ ամեն ինչ պարզ դարձավ, համակարգը, որը կառավարվում եւ վերահսկվում էր հենց ՕՀՎ-ի կողմից, որի թեւի տակ գործունեություն էր ծավալում Ա. Ղուկասյանը, հանկարծ տեղի տվեց: Երեւի ինչ-որ մեկին կամ քիչ էր տվել կամ էլ Արտակին ուղղակի մեղադրում էին, որ նա թաքցնում է ավելի շատ եկամուտ, քան ինքը ցույց է տալիս: Եվ արդյունքում իրենց անպատժելիությունից օգտվող օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները՝ Արման Սարգսյանի կարգադրությամբ ահավոր ծեծի են ենթարկում իրենց իսկ աշխատակցին՝ Արտակին, նրան տնային կալանքի ենթարկում: Ոչ միայն Արտակին, այլեւ ամբողջ ընտանիքը երկու անչափահաս երեխաներով դարձել էին պատանդ՝ նրա տան մոտ հերթափոխություն անող, նրա տուն ելումուտ անող՝ առանց իրավունք հարցնելու, ֆիզիկապես լավ մարզված երիտասարդ տղաների ձեռքին: Նրանք հսկում էին, որ Արտակը ոչ մեկի հետ չկարողանա մտքեր փոխանակել, կամ մեկին զանգել՝ առանց իրենց իմացության: Հիմա, երբ գրում եմ այս տողերը, մտահոգված եմ իմ անվտանգությամբ: Այդ մարդիկ՝ եկամուտների պետական կոմիտեի ՕՀՎ բաժնի աշխատակիցները, անպատժելի են, նրանցից վախենում են անգամ ոստիկանները: Կոռուպցիան բռնել է իշխանության բոլոր թեւերը եւ այդ միջավայրում ՕՀՎ-ի մարդիկ ամենակարող են: Ով չվճարի՝ նրանց կպատժեն, ով իրենց դուր չգա, նրան գործից կհանեն: Ես վախենում եմ իմ կյանքի համար եւ դիմում եմ ՀՀ իշխանությանը՝ իմ հանդեպ կիրառելու վկայի պաշտպանության միջոցները: Այդ մարդիկ ոչ մի բանի առաջ կանգ չեն առնի»:

Պարոն նախագահ, միայն այս նամակը բավական էր, որ ՀՔԾ-ի քննիչ Էդգար Հակոբյանը գործ հարուցեր առեւանգիչների նկատմամբ: Սակայն քննիչ Հակոբյանը շարունակում է խեղաթյուրել իրականությունը: Իսկապես անհասկանալի է ՀՔԾ-ի քննիչ Էդգար Հակոբյանի եւ քննչական խմբի որդեգրած վարքագիծը հանցագործության բացահայտման գործում: Ցավալի է, որ այսպես են աշխատում քննիչները, այն էլ Հատուկ քննչական ծառայությունում: Երեկ Արտակ Ղուկասյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը դիմել է դատարան եւ պահանջում է քր. գործ հարուցել առեւանգիչներ եւ թալանի կազմակերպիչներ՝ Արման եւ Գուրգեն Սարգսյանների, Վահրամ Մկրտչյանի, Մաթեւոս Մելիքսեթյանի նկատմամբ, որոնք խոշտանգել են ամուսնուս, ու նվաստացրել նրա մարդկային արժանապատվությունը: Առեւանգողների կատարած բոլոր անմարդկային արարքների մասին բազմաթիվ ապացույցներ ներկայացված եւ կցված են գործին: Հարգելի պարոն նախագահ, ես իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, գտնում եմ, որ այն, ինչ կատարվում է իմ ընտանիքի նկատմամբ, արդարացի չէ: Մինչ օրս ամուսինս ապօրինաբար պահվում է անազատության մեջ: Արդարության հասնելու ակնկալիքով՝ կրկին անգամ դիմում եմ Ձեզ՝ խնդրելով համապատասխան ցուցումներ տալ իրավասու մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետում ձեռնարկելու կոնկրետ քայլեր՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ ամուսնուս ազատ արձակելու համար, քրեական գործ հարուցել առեւանգողների եւ թալանի կազմակերպիչների նկատմամբ: Այս ամիսների ընթացքում ընտանիքս հայտնվել է անելանելի ծանր դրության մեջ, հոգեբանական վատթար վիճակն ուղղակիորեն ազդում է անչափահաս երեխաների վրա: Պարոն նախագահ կրկին անգամ խնդրում եմ Ձեր անմիջական հետեւողականությունը՝ սույն գործով օրինականության եւ արդարության հաստատման համար:

Գ.ԲԱՂՐԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30