«Ինքնին սահմանադրության մեջ գրել համամասնական կամ մեծամասնական ընտրակարգ, ընտրությունների հետ կապված դա խնդիրների լուծում չի տալիս»,-այսօր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավար, Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հայր Թովմասյանը:
Անդրադառնալով ընտրական օրենսգրքի փոփոխություններին՝ պարոն Թովմասյանը նշեց, թե ընտրական համակարգի փոփոխությունները բնորոշ են այն երկրներին, որտեղ ժողովրդավարության և ժողովրդավարական համակարգը խորը արմատներ չունեն:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ից մեկնարկել են ՀՀ կուսակցությունների մասնակցությամբ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումները:
Հրայր Թովմասյանն ասաց, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի այն հատվածը, որը կոչվում է ընտրական իրավունք և ընտրական համակարգ, պիտի լուծվի դրան հարակից օրենքների լուծման շնորհիվ. «Միանգամից ասեմ, որ այն հարցերը, որոնք բարձրացվել են ընթացիկ տարիներն, հենց այս բաժնում զետեղված մոտեցումներով չպետք է լուծել, քանի որ ընտրական իրավունքին հարակից տասնյակ այլ իրավական ինստիտուտներ կան, որոնց ինչպիսիությամբ է պայմանավորված ընտրական իրավունքի և ընտրական համակարգի կարգավորումը»:
Հրայր Թովմասյանն ասաց, որ ցանկացած ընտրական համակարգ կամ ընտրություններ ժողովրդավարական հասարակությունում պետք է լուծեն երեք գլխավոր խնդիրներ. իշխանությունների լեգիտիմացիա, քաղաքական էլիտայի սելեկցիա, քաղաքական կոնֆլիկտների լուծում:
Կարդացեք նաև
Այնուհետև արձանագրեց. «Ցավոք պիտի արձանագրեմ, որ նախորդ տարիներին ընտրական պրոցեսներն ու ընտրություններն այս երեք խնդիրները բավարար չափով կամ ամբողջական չեն կարողացել լուծել և սրանով է պայմանավորված, որ այս հարցադրումները, խնդիրները շահարկվում են»:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը անընդունելի համարեց Հրայր Թովմասյանի այն պնդումը, թե ընտրական ձևը չպետք է ընդգրկվի Սահմանադրության մեջ: Այնուհետև բարձրացրեց քաղաքական ուժերի խոստումների և համաչափության, ապա նաև պատասխանատվության խնդիրները: Հետո մանրամասնեց. «Օրինակ` պատգամավորը խոստանում է, թե ասֆալտ կփռի և այլն, սակայն դա իր գործառույթների մեջ չի տեղավորվում»:
Պատասխանելով հարցին՝ պարոն Թովմասյանը նշեց, թե «նույնիսկ ավտոմեքենա, պայուսակ գնելիս մի քանի խանութ ենք գնում, ծանրութեթև անում, բայց արդյոք նույն վերաբերմունքը դրսևորում ենք քաղաքական հարթության մեջ, կամ արդյոք նույն ճշգրտությամբ գիտե՞նք՝ որն է լավ պատգամավորը: Իրոք, խնդիրն ինձ մտահոգում է: Խնդիրն է այն, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, և խոստման չկատարման դեպքում պատասխանատվության ենթարկելու ինչ մեխանիզմներ ունենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































