Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանին համագործակցության մեջ ներքաշելու» առումով Տեր-Պետրոսյանի սիրտն ինչո՞ւ է մղկտում. «Հայոց աշխարհ»

Հունիս 06,2014 12:57

Հարց՝ «Ծառուկյանին համագործակցության մեջ ներքաշելու» առումով Տեր-Պետրոսյանի սիրտն ինչո՞ւ է մղկտում: Երկրորդ հարցը, մի՞թե ձեռքերի պահով սպասումները չարդարացան: Հապա ԱԺ նախագահի ընտրության արդյունքնե՞րը: Թե՞ ԲՀԿ-ն ու, ի դեպ, նաեւ ՀԱԿ-ը այս մեկուկես ամսվա մեջ «կոտորվել» են Հովիկ Աբրահամյանին քննադատելով: Մի խոսքով, կյանքը դեռ ցույց կտա, թե ում ձեռքերն են կապված կամ արձակված:

Ասենք, Տեր-Պետրոսյանն ինքն էլ կասկածներ ունի: Իր հոդվածի վերջնամասում, անդրադառնալով ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում «դասական երկբեւեռ քաղաքական համակարգի» մասին Սերժ Սարգսյանի ասածին, ՀԱԿ առաջնորդը մասնավորապես նշում է.
«Իմ խորին համոզմամբ, երկբեւեռ կամ երկկուսակցական քաղաքական համակարգի գաղափարն ընդամենը ճղճիմ հաշվարկի վրա կառուցված թափանցիկ պատգամ (մեսիջ) է՝ հասցեագրված Գագիկ Ծառուկյանին եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Դրանով Սերժ Սարգսյանն, ըստ էության, վերջիններիս ստորագույն քաղաքական գործարք է առաջարկում, այն է՝ թեկուզ միայն սահմանադրական բարեփոխումներին համաձայնություն տալու դիմաց ապագա ընտրություններում ՀՀԿ-ի հետ «ախպերավարի» կիսել խորհրդարանական մանդատները եւ հաշտ ու խաղաղ տիրել Հայաստանին, իհարկե, ԲՀԿ-ին վերապահելով կրտսեր գործընկերոջ կամ «կուճուր ախպոր» կարգավիճակը:

Եվ ընդհանրապես, որեւէ քաղաքական ուժ, որը կաջակցի սահմանադրական բարեփոխումների ձախորդ նախաձեռնությանը, կդառնա Հայաստանի գերեզմանափորների՝ Սերժ Սարգսյանի ու նրա գլխավորած Հանրապետական կոչվող ավազակախմբի մեղսակիցը»:

Հիշո՞ւմ եք, ՀԱԿ-ը մի երեք տարի առաջ սկսեց «սիլի-բիլի» անել նույն ԲՀԿ-ի հետ: Ու միանգամից ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը դարձան «պուպուշ», ամենակարեւորը՝ դադարեցին ավազակապետության մաս լինելուց: Հիմա Տեր-Պետրոսյանը զգուշացնում է, տեսեք հա՜, «այլապես կկորցնեք վերջին երկու տարում ձեռք բերած համբավն ու հեղինակությունը»:

Կներեք, ինչի՞ համբավը: Եվ ումի՞ց էին այն ձեռք բերել, ՀԱԿ-ի՞ց, հետաքրքիր է, քանիսո՞վ էին ձեռք բերել:

… Ամենից ուշագրավը, սակայն, Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության վերջն է, այսինքն՝ վերջին եզրակացությունը. «Ուստի պահի հրամայականն է օր առաջ ազատվել այս ազգակործան իշխանությունից: Իսկ եթե դա մոտակա ժամանակներս չհաջողվի, եւ բանը հասնի սահմանադրական հանրաքվեի, ապա այդ հանրաքվեն, համազգային անվստահության ցույցի վերածելով, պետք է դարձնել իշխանափոխության վերջին, վճռական հանգրվանը»:

Հոդվածի շարադրանքի ողջ ընթացքում հեղինակը համոզում է, թե գործող իշխանության նպատակը Հայաստանը կործանելն է, վիճակն օրհասական է եւ այլն, եւ այլն: Եթե լսենք Տեր-Պետրոսյանին, 2007 թվից այս կողմ, իսկ եթե ավելի ուշադիր լսենք, ապա 1998-ից այս կողմ, այսինքն՝ իր անփառունակ հրաժարականից անմիջապես հետո, Հայաստանը հենց միայն այն է անում, որ կործանվում է: Այդ «օր առաջ ազատվելն» էլ արդեն մի 6-7 տարի շարունակ լսում ենք:

Այստեղ սակայն մի նրբերանգ կա՝ եթե մոտ ժամանակներս չստացվի, ապա սահմանադրական հանրաքվեի ժամանակ… Այսինքն՝ մինչեւ այդ Հայաստանը դեռ կործանված չի լինի, որքան էլ որ դրա մասին երազում է Տեր-Պետրոսյանը:

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30