Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչ եմ անում եւ հորդորում եմ քաղաքական գործիչներին՝ ուղղակի չօգտագործել այդ խոսույթը»․ ՄԻՊ-ը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Մայիս 14,2026 14:20 Share

Կառավարության այսօրվա նիստից հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձավ ահազանգին, որ Ապարանում ուսուցիչներն ու աշակերտները դասապրոցեսի ժամին մասնակցել են ՔՊ քարոզարշավին։

Մասնավորապես, ԻՔՄ-ն երեկ ահազանգել էր, որ Ապարանի տարածաշրջանում դպրոցների աշխատողները ու աշակերտները դասապրոցեսի փոխարեն մասնակցել են «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավին, ինչն առերեւույթ խախտում է Ընտրական օրենսգրքի 23-րդ և Աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածները։

«Մենք երեկ այս հարցի հետ կապված ինքներս ենք մշտադիտարկում իրականացրել եւ մի քանի հարցումներ ունեցել ենք։ Նաեւ երեկ ես հրապարակային հայտարարություն եմ տարածել՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ, ճիշտ է, երիտասարդների ու երեխաների մասնակցությունը տարբեր հանրային նշանակություն ունեցող գործընթացներում կարեւոր է, իրենք, այո, պետք է մասնակցեն որոշում կայացնելու գործընթացներին, բայց եթե խոսքը երեխաների կրթության իրավունքին է վերաբերում, ապա ակնհայտ է, որ այն պետք է լինի առաջնահերթ։ Եվ դասապրոցեսը որեւէ կերպ չպետք է խաթարվի տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ քաղաքական պրոցեսներով պայմանավորված։ Մեր խնդիրն առաջին հերթին կրթության իրավունքի երաշխավորումն է այս համատեքստում։ Եվ մենք դրա համար հատուկ արձանագրել ենք, որ դասապրոցեսը որեւէ կերպ չպետք է խաթարվի՝ անկախ քաղաքական պրոցեսներից։ Եթե որեւէ հանգամանք իր մեջ հարկադրանք ներառի, բնականաբար, սա եւս խնդրահարույց է։ Բայց մենք դրա վերաբերյալ ահազանգեր չենք ստացել, մենք ահազանգ ենք ստացել կամավոր եղանակով հավաքին մասնակցելու մասին, որի պատճառով խաթարվել է դասապրոցեսը»,- ասաց Մանասյանը։

Անդրադառնալով քարոզարշավի քաղաքական գործիչների կողմից օգտագործվող ատելության խոսքին, մասնավորապես այն դեպքին, որ Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի որդու մասին օգտագործել էր «լակոտ» բառը, Մանասյանն ասաց. «Մեր մասով շատ հստակ է եղել, նախկինում նույնիսկ հատուկ հայտարարություններ ենք տարածել։ Չէի ասի, որ այդ խոսքի տեսակները բացառվել են ընդհանուր խոսույթից, բայց երբ որ ընդհանուր դաշտն ենք մշտադիտարկում, առնվազն ատելության խոսքի տեսակների տարածելիության առումով մի փոքր ավելի քչացել են։ Ես կարծում եմ, որ դրանում կարեւոր դերակատարություն է ունեցել թե մեր, թե մի շարք այլ դերակատարների այդ թվում՝ ակտիվ հրապարակային հակազդեցության խոսքը։ Բայց որպես ՄԻՊ չեմ կարող չշեշտադրել, որ նույնիսկ խոսքի այն տեսակները, որոնք միգուցե օրենքի տեսանկյունից պատժելի չեն, բայց դրանք չեն ընդգրկվում խոսքի ազատության սահմանների շրջանակներում՝ թե ձեր նշած արտահայտությունը, թե մի շարք այլ արտահայտություններ կլինեն։ Ես կոչ եմ անում, հորդորում եմ քաղաքական գործիչներին՝ ուղղակի չօգտագործել, որովհետեւ դա ընդհանուր միջավայրի վրա մեծ ազդեցություն է ունենում։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031