Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանություն հրավիրված «ղազախական մաֆիայի» անդամն իրավապաշտպան էր

Հունիս 06,2014 13:33

Մարինա Պողոսյանը վիրավորված է, որ իրեն այլ ազգի մաֆիայի անդամ են անվանել: Նա զբաղվում է ազգային մաֆիայի խնդիրներով, կոռուպցիոն դրսեւորումների բացահայտմամբ, ուստի, ըստ նրա, ինքը «ազգային մաֆիայի» անդամ է:

ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության թրաֆիքինգի բաժին է հրավիրվել ՎԵԼԵՍ իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը, որը վերջերս իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ ասուլիս էր հրավիրել խարդախության, վաշխառության գործերով: Քաղավիացիայի նախկին պատասխանատու Հովհաննես Երիցյանի անունն էլ հնչեց;
Ոստիկանությունում Մ.Պողոսյանը տեղեկացել է, որ Հովհաննես Երիցյանն է հաղորդում տվել իր դեմ, հայտնել , որ հասարակական կազմակերպության նախագահը «ղազախական մաֆիայից» է եւ որ նյութեր են նախապատրաստվում Քրեական օրենսգրքի շորթման հատկանիշներով:

Մարինա Պողոսյանը հաստատեց, որ հրավիրվել է բացատրություն տալու:
Նա ասաց, որ իրենց կազմակերպությունը գործունեության թիրախ է ընտրել այնպիսի տարածված և արատավոր երևույթ, ինչպիսին վաշխառությունն է, խարդախությունը և կոռուպցիան։ «Իրավապաշտպան կազմակերպությունը կազմավորելուց վստահ էինք, որ կունենանք ոստիկանության աջակցությունը և միահամուռ կվերացնեինք հասարակության այս մոլախոտերին, որոնք վերջին տարիներին, ի դեմս երկրի ցածր տնտեսական իմունիտետի, պարարտ հող են գտել իրենց զարգացման համար։ Սակայն ի զարմանս մեզ, ի դեմս ոստիկանության՝ հանդիպեցինք հզոր պատնեշի, որն ապահովում է վաշխառուների անխափան և անպատիժ գործունեությունն ու բազմացումը»,-ասաց Մ.Պողոսյանը։
Նա նաեւ նշեց, որ մի խումբ քաղաքացիներ տուժել էին նախկինում քաղավիացիայի վարչության պետ Հովհաննես Երիցյանից. «Ապացույցներն ավելի քան բավարար էին վերջինիս իր քավոր -սանիկների և «կռիշների» հետ վաղուց հասարակությունից մեկուսացնելու համար, սակայն վերջինս բարձրաստիճան հովանավորների անուններ տալով, իր հայտարարությամբ ոստիկանության կողմից իբր պարգև ստացած ատրճանակը ցուցադրելով` շարունակում է իր հանցավոր դրամավարկային քաղաքականությունը, ավելին՝ իր անպատժելիությունից ոգևորված՝ ցինիկաբար սպառնում իր զոհերին»։
Մարինա Պողոսյանը դիմել է ՀՀ ոստիկանապետին. «Մի սպանեք առանց այդ էլ անդունդի եզրին կանգնած քցված ժողովրդի վերջին հույսը, որից հետո վերջիններիս չի մնում այլընտրանք, քան արտագաղթելը։ Ում են պետք Ձեր բաժանած Աստվածաշնչերը, եթե ձեր աշխատակիցների մի մասը ծառայում է այլ տիրոջ ու ձեր բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար ձևական Քրեական օրենսգրքի կողքին դնում են Աստվածաչունչը ու պիղծ մտքերով Ձեր հետևից վազում եկեղեցի։ Արդյոք ձեր բաժանած Աստվածաշնչում վաշխառությունն ընդունվա՞ծ է»:

Հասարակական կազմակերպության նախագահը հավաստում է, որ իրենց նկատմամբ որևէ բողոք չի եղել, քանի որ իրականացրել է կանոնադրությամբ վերապահված գործունեություն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30