Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը` միջազգային կառույցներին. «Մեզ չլսեցիք, իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ ունեցաք»

Հունիս 06,2014 14:13

«Միջազգային մեր գործընկերներ, դուք մեր ձայները չլսեցիք, գնացիք իշխանությունների հետ շատ ջերմ հարաբերություններ ունեցաք»,- հունիսի 6-ին Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումների ժամանակ՝ կուսակցությունների մասնակցությամբ, այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Այնուհետև հիշեցրեց «կեղծված» ընտրությունները. «Դուք իշխանությունների հետ մտաք ջերմ հարաբերութունների մեջ, ունեցանք երկու կեղծված համապետական ընտրություններ և Երևանի կեղծված ընտրություններ»:

Այնուհետև կրկին դիմելով միջազգային կազմակերպություններին՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Մենք ունեցանք նման կեղծված ընտրություններ, քանի որ չունենք ընտրությունների վերահսկողության մեխանիզմներ: Մենք դա ձեզ զգուշացնում էինք, դուք մեզ չլսեցիք: Արտագաղթը նպաստում է ընտրությունների կեղծմանը: Դա է պատճառը, որ գյուղական համայնքներում, որտեղ ըստ էության բնակչություն չի մնացել, Սերժ Սարգսյանը հաղթանակ տարավ»:

Արմեն Մարտիրոսյանն այս առիթով կրկին շեշտեց ընտրություններին քվեարկած քաղաքացիների ցուցակները հրապարակելու անհրաժեշտության մասին»:

Արմեն Մարտիրոսյանը նաև վտանգ է տեսնում ընտրական հանձնաժողովների առումով: Նա նշեց. «ԿԸՀ մակարդակով կարող են ձայները կեղծվել, քանի որ ընտրական հանձնաժողովները գտնվում են իշխանության ձեռքում»:

Հակադրվելով ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանի այն կարծիքին, թե ավելի լավ կլինի, որ ընտրողն ինքը որոշի վարկանիշային քվեարկության արդյունքում ով մուտք գործի ԱԺ, այլ ոչ թե կուսակցությունն ինքը որոշի, Արմեն Մարտիրոսյանը նկատեց. «Կուսակցություններից ռեյտինգային քվեարկության արդյունքում հնարավոր է ընտրվեն կուսակցականներ, որոնք ձեռնտու են իշխանություններին»:

Կուսակցությունների ֆինանսավորման հարցը ևս բարձրացվեց: Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Եթե մենք ուզում ենք կայացած կուսակցություններ ունենալ, պիտի ունենանք անկախ պետական ֆինանսավորում, հակառակ դեպքում քաղաքական միտքը կարող է ենթակա լինել օլիգարխիկ համակարգին, հատկապես, որ մեր երկրում իշխանությունն այնքան է սիրում փոքր ու միջին բիզնեսը, որ այն խեղդվել է»:

Հրայր Թովմասյանը հնչեցված մտահոգություններին այսպես պատասխանեց. «Չէ՞ որ կեղծված ընտրությունների պատճառներից մեկը դատական իշխանության ինչպիսիությունն է, փոքր, սեփական եկամուտները չունեցող համայնքների առկայությունը: Ասել, որ Սահմանադրությամբ բոլոր խնդիրները կլուծվեն, սխալ է»:

Հրայր Թովմասյանը ևս մեկ անգամ շեշտեց. «Սահմանադրությունն այն փաստաթուղթը չէ, որ անգամ աշխարհի լավագույն մասնագետներն այնպիսի սահմանադրություն գրեն, որ բոլոր ժամանակների բոլոր խնդիրներին լուծում կտա: Սահմանադրության արդյունավետության գրավականը քաղաքական ուժերի մասնակցությունն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30