Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են Գորիսում տեղամասային ընտրական հանձնաժողովների դաշնակցական անդամներն ինքնաբացարկ հայտնել

Հունիս 06,2014 19:21

Այսօր Aravot.am-ը Գորիսի մի խումբ ընտրողների անունից նամակ էր ստացել, որտեղ նշվում է, որ Գորիսում հունիսի 8-ին կայանալիք քաղաքապետի ընտրությանն ընդառաջ` Գորիսի բոլոր 9 ընտրատեղամասերում  հանձնաժողովների դաշնակցական անդամները դուրս են եկել հանձնաժողովի կազմից:  «Կեցցե Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»…2014 թվականի հունիսի 8-ին կայանալիք Գորիս համայնքի ղեկավարի ընտրության տեղամասային 9 ընտրական հանձնաժողովներում ՀՅԴ-ն իրենց ներկայացուցիչների (նախագահ,քարտուղար,անդամներ) տեղերը վաճառել է Lիսկային՝ ևս մեկ անգամ վարկաբեկելով կուսակցությանը: ՀՅԴ-ն այսպես է պաշտպանում ազատ,արդար և թափանցիկ ընտրությունների գաղափարը ՀՀ-ում», – նշված է նամակում:

Փորձեցինք Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ճշտել այս տեղեկությունը: Ինչպես փոխանցեցին թիվ 37 ԸԸՀ-ից` 9 տեղամասային ընտրական հանձնաժողովում ընդգրկված դաշնակցական ներկայացուցիչներն ինքնաբացարկ են հայտնել: «Նրանք ինքնաբացարկի դիմումները  թիվ 37 ԸԸՀ  ներկայացրել  են հունիսի  4-ին: Ընդամենը մեկ ընտրատեղամասում է հանձնաժողովի նախագահը ՀՅԴ-ից եղել,  մյուս ինքնաբացարկ հայտնած դաշնակցականները  հանձնաժողովի անդամներ են եղել: Թիվ 37 ԸԸՀ-ի նախագահի կայացրած որոշմամբ էլ թափուր տեղերը լրացվել են: Նրանց փոխարեն նշանակվել են լիցենզիա  ունեցող ու ընտրությունների ընթացքը կազմակերպելու փորձ ունեցող անձինք: Հիմնականում ուղղորդվել ենք այդ սկզբունքով», – տեղեկացրեցին թիվ 37 ԸԸՀ-ից եւ  փոխանցեցին, որ ինքնաբացարկ հայտնելու պատճառների մասին տեղյակ չեն: Իսկ դիմում-բողոքներ մինչեւ օրս հանձնաժողովը չի ստացել:

ՀՅԴ-ի Գորիսի տեղական կառույցի նախագահ, ընտրատեղամասերից մեկում  հանձնաժողովի նախագահ նշանակված եւ արդեն ինքնաբացարկ հայտնած Արամ  Բաբայանից փորձեցինք պարզաբանում ստանալ այս ամենի վերաբերյալ, սակայն վերջինս հրաժարվեց որեւէ պարզաբանում տալ` նշելով, որ  հեռախոսով մեր հարցերին չի պատրաստվում պատասխանել:  «Պարզաբանում հեռախոսով չեմ տա, եթե ցանկանում եք  որոշակի ինֆորմացիա իմանալ` համեցեք Գորիսի մեր գրասենյակ, պատճառների մասին միայն տեղում կպատասխանեմ», -ասաց Արամ Բաբայանը եւ կատարվածի վերաբերյալ այդպես էլ որեւէ բացատրություն չտվեց:

Մեր ունեցած տեղեկություններով` դաշնակցական հանձնաժողովի նախագահի փոխարեն նշանակվել է Գորիսի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը:

Գորիսում հունիսի 8-ին կայանալիք քաղաքապետի ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 16 հազար 171 ընտրող, իսկ թե քանի՞ տոկոսը կմասնակցի ընտրությանը, պարզ կլինի արդյունքների ամփոփումից հետո: Մեր ունեցած տեղեկություններով` քաղաքում չբնակվող ընտրողների մասնակցությունն ապահովելու եւ նրանց  քվեները ստանալու համար, Գորիսում արդեն քայլեր են ձեռնարկվում  անվճար տրանսպորտային միջոցներով ընտրողների տեղափոխման հարցերը կարգավորելու ուղղությամբ:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30