Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմվածք. Արտակարգ դեպք

Հունիս 09,2014 11:22

Արդեն չորրորդ օրն էր, որ Մնացականը ավարտել էր ուսանողական ժամանակաշրջանը և պատրաստվում էր հաշիվները փակել համալսարանի հետ, որը ավարտել էր մեկ ամիս առաջ: Նա հանգիստ պառկել էր անկողնում հայացքը սևեռել առաստաղի վրա գծագրված ծուռտիկ ճեղքին: Հիմար բան, սև-մութ ճեղքը նրա ուշադրության առարկան էր դարձել: Երկար շուռումուռ գալով անկողնում, այդպես էլ նա չկարողացավ քունը շարունակել: Հետո արագ նստեց անկողնում` քրթմնջաց քթի տակ, ոտքերը կախեց մահճակալից ցած, հպեց հատակին, կարծես ուզում էր որոշել նրա ջերմաստիճանը: Դանդաղ վեր կացավ տեղից, մոտեցավ միջանցքի պատից կախված հայելուն, նայեց նրա մեջ արտացոլված իր պատկերին, ապա ծուլորեն հորանջեց: Տանեցիները աշխատանքի էին գնացել և տանը նա մենակ էր մնացել:

«Աչքերս ուռել են, երևի քիչ քնելուց է, գնամ սափրվեմ, ոնց որ նիհարել եմ»,-խառնիխուռն մտքերը պատեցին նրա էությանը, ապա ծամածռություններ արեց հայելու դիմաց, դեմքը թթված էր. ժպիտը չէր ստացվում, կեղծ էր:

Առավոտյան մարզանքը կատարեց, ինչպես ամեն օր. այս սովորությունը մանկուց է ձեռք բերել և հիմա էլ նրանից չի հրաժարվում: Հավատում է, որ դա իրեն հոգեկան և ֆիզիկական մեծ բավարարվածություն և լիցք է հաղորդում: Մարզանքից հետո նա ծանր շնչելով` փռվեց աթոռին, հանգստացավ, հետո լվացվեց, մարմինը շփեց սառը ջրով, թարմացավ, սափրվեց և նորից նայեց հայելու մեջ, այս անգամ գոհ մնաց իր տեսքից, խորամանկ ժպտաց:

Քիչ անց հագավ վերնաշապիկը, գուլպաները, ապա մեխանիկորեն ձեռքը տարավ երկաթյա մահճակալի վերևի ձողին, որտեղ երեկոյան կախ էր տվել շալվարը, բայց շալվարը այնտեղ չէր… Նայեց մահճակալի տակ, գուցե այնտե՞ղ է ընկել կամ ուրի՞շ տեղ է դրել: Ոչ, լավ հիշում է, որ այստեղ էր: Չկասկածելով որևէ վտանգավոր բան, նա փորփրեց սենյակի բոլոր մութ ու լույս անկյունները: Շալվարը այդպես էլ չկար: Վերջին հույսով նայեց զգեստապահարանի մեջ: Չկար: Այս անիծված շալվարը ու՞ր կարող է ընկած լինել: Վերջապես կայծակնային միտքը շամփրեց նրա ուղեղը: Գո-ղա-ցել են: Դե’, իհարկե, գողացել են. չէ որ իր մահճակալը գտնվում էր երկհարկանի շենքի առաջին հարկի պատուհանի մոտ, որտեղ ապրում էին վարձով…

Նա հանկարծ իրեն այնպես դժբախտ ու միայնակ զգաց: Շատ էր սիրում գերմանական արտադրության այդ դարչնագույն շալվարը, որը գնել էր մոր տված թոշակի հավաքած փողերով: Չէր ուզում հավատալ գողության վարկածին, նորից մոտեցավ բաց պատուհանին, որի տախտակյա բազրիքին պարզ նկատվում էր փոշուց մաքրված հետքը, որը թողել էր շալվարը, երբ նրան ինչ-որ հարմարանքով քաշել էին դրսից:

-Սրիկաներ, հիմա ի՞նչ պիտի հագնեմ,-գոռաց նա` զգալով կատարվածի ահավորությունը:
Գլուխը քարը, թե շալվարը տարել են, բայց նրա գրպանում մնացել էին անձնագիրը, զինվորական գրքույկը, սոցիալական քարտը, երեք հազար դրամ էլ` փող:

«Բայց ինչպե՞ս չեմ արթնացել,-զարմացավ նա,- միթե՞ այդքան խորն եմ քնել, ինչպե՞ս չեմ մտածել, որ կարող են գողանալ» ինքնիրեն արդարացավ նա: Փորձեց պարզել, թե ինչպե՞ս են տարել շալվարը: Դուրս եկավ բակ, մոտեցավ պատուհանին և ձեռքը ներս խցկեց: Չափելով տարածությունը, նա հասկացավ, որ ամենաերկար ձեռքն անգամ ի վիճակի չէր հասնելու իր շալվարին: Ուրեմն, մետաղյա կեռիկով են քաշել:

«Խոզի’ ճտեր, ավանակնե’ր, ինչպես էլ մտածել են, թյու~»,- բարձրաձայն նետեց նա գողերի հասցեին: «Դե’, լավ, հանդարտվի’ր, եղածը եղած է»-, հորդորեց ինքն իրեն մտքումը: Նայեց հայելու մեջ, գույնը գցել էր, սպիտակել: Զարմացավ: «Հա’, բա ի՞նչ կանեմ, գույնս էլ կգցեմ, կվատանամ էլ»-,համոզեց ինքն իրեն: «Հիմա ի՞նչ պիտի անեմ: Գուցե գնամ ոստիկանությու՞ն»:

-Օ~ֆ, դժողքի ծնունդներ, իժեր,-նորից բարձրաձայն բարկացավ նա,- ձեր մերը…
Շուտով լուրը տարածվեց ամբողջ թաղում և հավաքված հարևանները սկսեցին տարբեր վարկածներ առաջ քաշել, քննարկել, առաջարկություններ անել:

-Այսքան ժամանակ նման բան չէր եղել մեր թաղում, միշտ էլ պատուհանները բաց ենք քնել,-ասաց մեկը:

-Ես մերոնց միշտ զգուշացնում եմ, որ լուսամուտները բաց չթողնեն,-արդարացավ երկրորդը:

-Էդ ծանոթ մարդու գործ է, անծանոթը ի՞նչ իմանար, թե այդտեղ շալվար կա` մահճակալի գլխին կախած,-եզրակացրեց մյուսը:

Թողնելով հարևաններին իրենց վարկածների հետ` Մնացականը հագավ տնային անդրավարտիքը, քանի որ դրսի ուրիշ շալվար չուներ և շտապեց ոստիկանության շրջանային բաժանմունք` հայտարարություն տալու:

Նրանց տարածքը սպասարկող թաղային ոստիկանը դեռ չէր ներկայացել աշխատանքի:
-Իսկ, որտե՞ղ է նստում ձեր պետը,- դիմեց նա հերթապահ ոստիկանին:
-Բարձրացեք վերև, գնացեք ձախ ու հարցրեք,-ասաց ոստիկանը և շվշվացնելով հեռացավ:
Մնացականը արագ ոստնեց աստիճաններով դեպի երկրորդ հարկ: Նրան թվում էր, թե ոստիկանապետը, լսելով իր պատմածը, անմիջապես միջոցներ կձեռնարկի` հանցագործին հայտնաբերելու համար:

Նեղ միջանցքով Մնացականը առաջ էր գնում և հանկարծ դռան վրա նկատեց «Ոստիկանության պետ» ցուցանակը: Խորը շունչ քաշեց և թակեց դուռը: Հուզմունքը խեղդում էր կոկորդը. առաջին անգամ էր լինում այդպիսի բարձրաստիճան մարդու մոտ և այն էլ` ոստիկանապետի: Ներսից ձայն չլսվեց: Նորից հուսահատ թակեց: Լռություն: Նա կամացուկ հրեց դուռը:

-Կարելի՞ է,-հարցրեց` գլուխը ներս խցկելով դռան արանքից:
Ոստիկանի համազգեստով տղամարդը, որը զբաղված էր հեռախոսազրույցով, գլխի շարժումով դրական նշան արեց: Նա ներս մտավ, կանգնեց և մտքումը սկսեց դասավորել իր ասելիքը: Պետը կարծես չէր էլ ուզում նկատել նրա ներկայությունը և շարունակում էր իր հեռախոսազրույցը:

Երբ վերջացրեց երկարատև զրույցը, չխկոցով խոսափողը վայր դրեց հեռախոսի պատվանդանին և սառը հայացքը սևեռեց Մնացականի վրա:

-Լսում եմ ձեզ, երիտասա’րդ,-հատկապես շեշտելով «երիտասարդ» բառը, ասաց նա` հասկացնելով, որ այնքան էլ գոհ չէ նրա ներկայությունից:

Մնացականը կմկմաց, մոռացավ քիչ առաջ սերտած ասելիքը, որը կարծես այնքան էլ վատ չէր ստացվում: Հետո հանդարտվեց, մտքերը կարգի բերեց և հայտնեց գիշերվա կատարվածի մասին` որոշակի դրամատիկ տոն հաղորդելով իրավիճակին:

Սակայն պատմության թեժ պահին դուռը բացվեց, և մի կին ներս մտավ: Պետը տեղից վեր կացավ, առաջ գնաց, սիրալիր ողջունեց նրան, աթոռ առաջարկեց, նորից եկավ, նստեց իր տեղը: Նրանց աշխույժ զրույցը երկար շարունակվեց:

Հետո պետը առանց կարդալու ստորագրեց առանց զգուշացման ներս մտած մի տիկնոջ ներկայացրած փաստաթուղթը` երևի նախoրոք տեղյակ լինելով գործի էությանը: Ստորագրելուց հետո ձևականորեն նայեց թերթերի պարունակությանը, որոշ հարցեր տվեց:

Նրան ճանապարհ դնելուց հետո դարձավ Մնացականին: Պարզվեց, որ նրա պատմածը չէր էլ լսել: Նա ստիպված եղավ կրկնել պատմությունը երկրորդ անգամ: Այս անգամ նրան լսելուց հետո պետը ծուլորեն վերցրեց հեռախոսափողը, զանգահարեց, բայց անհրաժեշտ ծառայողը տեղում չգտնվեց: Ընկալուչը դրեց հեռախոսի պատվանդանի վրա և շարունակեց զրույցը այն չսափրված տղամարդու հետ, որը առանձնասենյակ էր մտել նույնպես անհերթ: Քիչ հետո անծանոթը դուրս եկավ:

Պետը զարմանքով նկատեց Մնացականին և հարցրեց նրա գալու նպատակը:
-Չէ՞ որ ես ամեն ինչ մանրամասն պատմեցի,-կարծես նեղացած ասաց Մնացականը:
-Նորից պատմի’ր, ուշադիր չէի,-արդարացավ պետը:

-Ոչինչ անել չենք կարող, ուշ եք հայտնել,-ասաց պետը` այս անգամ ուշադիր լսելով պատմությունը:

-Ախր գիշերն են գողացել, և ահա առավոտյան հայտնում եմ,-արդարացավ Մնացականը:
-Ուրեմն` սպասիր մի քանի օր, երևի շալվարդ կգտնվի,-խորհուրդ տվեց պետը:
-Ախր, շալվարիս գրպանում էին կարևոր փաստաթղթերը…

-Պարզ է, տանողը շալվարդ չի բերի, ասացիր, որ լավն էր, բայց փաստաթղթերդ երևի մի տեղ կգցի, մարդիկ կգտնեն, կբերեն կհանձնեն մեզ, մենք էլ ձեզ կկանչենք, կտանք:
-Ուրեմն` հիմա դուք ոչինչ անել չե՞ք կարող,-զարմացավ Մնացականը:

-Ոչինչ, առանց այն էլ շատ ենք զբաղված,-ծոր տվեց պետը, չգիտես` ինչու հատկապես շեշտելով «ղ» բաղաձայնը,-ամբողջ տներ են մաքրազարդում, մեքենա գողանում, հիմնարկ են թալանում, մարդ են սպանում, իսկ դու քո շալվարով ես զարմացնում:
Ու պետը, իր գործը համարելով ավարտած, վերցրեց հեռախոսի ընկալուչը և նորից զանգահարեց հերթական մեկին` զրույցի բռնվելու ակնկալիքով:

-Դու դիմում գրի’ր, նշի’ր, որ կորցրել ես, և նոր անձնագիր կտանք, թե չէ իզուր ժամանակ ես կորցնում,-վերջացնելով հերթական հեռախոսազրույցը` խորհուրդ տվեց պետը:
Բայց հանկարծ Մնացականին թողնելով մենակ, պետը դուրս եկավ առանձնասենյակից, որոշ ժամանակ անց վերադարձավ մի կապիտանի հետ, Մնացականին հանձնեց նրա խնամակալությանը և ցտեսություն ասաց:

Կապիտանի հետ Մնացականը դուրս եկավ պետի առանձնասենյակից:

-Գրեք, որ կորցրել եք անձնագիրը,-ինչպես առաջարկել է մեր պետը, և արագ կերպով կտանք նորը:

-Բայց չէ՞ որ գողացել են, չեմ կորցրել,-նեղվեց Մնացականը:

-Ես ճիշտ ճանապարհն եմ ցույց տալիս, եթե գրես գողացել են, ախպերս, երկար կսպասես:

-Ինչպե՞ս թե:

-Շատ պարզ, եթե ձևակերպենք «գողություն», ապա օրենքի համաձայն` պիտի սպասեք որոշակի ժամանակ, գողունը չգտնվելու դեպքում գործը կկարճվի, և միայն այդ ժամանակ անձնագիր կստանաք: Իսկ «կորցրած» ձևակերպելու տարբերակում դեպքը կհամարվի անփութություն, որոշ տուգանք կմուծեք և վերջ:

-Դա հիմարություն է, ես կբողոքեմ,-զայրացավ Մնացականը,-բյուրոկրատիա է, շալվարս գողանան, փաստաթղթերս տանեն և տուգանք վճարե՞մ :

-Զգույշ, երիտասա’րդ, մի’ վիրավորեք, գրե’ք, որ կորցրել եք և վերջ: Ո՞վ կհավատա, որ գողացել են: Պատուհանի ապակին կոտրե՞լ են:

-Ո’չ:

-Գողին տեսե՞լ են:
-Ո’ չ:
-Որևէ հանցանշան գողը թողե՞լ է:
-Ըը, այ’ո…
-Ի՞նչ:
-Կեռիկով քաշել է շալվարս և լուսամուտի գոգին փոշու վրա հետք է մնացել:
-Հը~, հը~, խը~, խը~,-հռհռաց կապիտանը,-հո չասացիր, մենք Շեռլոկ-Հո՞լմս չենք, որ փոշի անալիզ անենք ու հանցագործին գտնենք: Ես էլ կասեմ, որ լավ խմել ես, հարբած պառկել ես փողոցի մի պատի տակ, քնել ես ու վրայիցդ շալվարը հանել, տարել են, բա՜ս: Ու՞մ կհավատան, ի՞նձ, թե՝ քեզ:
-Դա հիմարություն է, ի՞նչ խմել, ի՞նչ բան:
-Դրա համար էլ ասում եմ` գրի’ր, որ կորցրել ես, մուծի’ր որոշակի տուգանք ու շուտով կստանաս անձնագիրդ:

«Թյու~»,-մտքումը ասաց Մնացականը, չհամարձակվելով իսկականից թքել, հո հիմար չէր, որ ոստիկանի ներկայությամբ թքեր,-դե լավ, խեղճացած համաձայնեց նա, թուղթ տվեք, գրեմ:

Դիմումը ստորագրելուց հետո Մնացականը այն հանձնեց քարտուղարուհուն, ապա կապիտանի հետ դուրս եկավ: Կապիտանը գուցե հետաքրքրությունից դրդված այնուամենայնիվ որոշեց այցելել Մնացականենց տուն, դեպքի վայրում հետաքննություն կատարելու նպատակով:

Ճանապարհին կապիտանը, չգիտես` ինչու, որոշեց միջանկյալ այցելել մի այլ “դեպքի վայր”, իր հետ տանելով նաև Մնացականին:
Այստեղ իրավիճակը կայանում էր հետևյալում: Երկու քույր գժտվել էին եղբոր կնոջ հետ և որոշ ժամանակ տանից հեռացել, հետո կարիքը ստիպել էր ետ վերադառնալ ու պահանջել իրենց հասանելիք բնակտարածությունը, որին խոչընդոտում էր հարսը:
Երբ կապիտանն ու Մնացականը տեղ հասան ու ներս մտան վիճահարույց տունը, զգացվեց գործի լրջությունը: Ընտանիքի բոլոր անդամներն էլ տանն էին և լարված սպասում էին կապիտանի ժամանմանը:

Հարսը հղի էր և վերջին օրերի բեռան տակ, սակայն այդ նրան չէր խանգարում ագրեսիվ ու հարձակողական դիրք գրավելու: Խոսում էր արագ-արագ, շնչակտուր, հետո հանգստանում, շունչը տեղն էր բերում ու նորից սկսում հարձակումը, ներողություն էր խնդրում, չգիտես` ումից ու բարձրաձայն ճղճղում: Նրա հաստ շուրթերը թքի ցայտունքներ էին անընդհատ թռցնում օդի մեջ: Ի հակառակ նրան` քույրերը ավելի զուսպ ու զիջող էին, բավականին տգեղ, որի պատճառով էլ գուցե չէին ամուսնացել:

Եղբայրը սաստիկ նյադայնացած և անելանելի դրության մեջ էր և չէր իմանում` ում կողմը բռնել: Վիճում էին անկապ ու առանց մեկը մյուսին լսելու: Ըստ նախնական պայմանավորվածության` պետք է քանդվեր սենյակի պատուհաններից մեկը և քույրերի համար առանձին մուտք բացվեր, որին կտրուկ դեմ էր հարսը:

Լսելով բոլորի բացատրությունները և հիմնավորումները` կապիտանը առաջարկեց հաշտեցման մի նոր տարբերակ, կազմեց համաձայնագիրը և բոլորին հրավիրեց ստորագրելու այդ փաստաթուղթը: Ինչևիցե, կարծես հաշտությունը կայացավ:
Կապիտանը բողոքող կողմերին խոստացավ նաև փակել հացի խանութին կից «խուլիգանանոցը» և այն տրամադրել բողոքող կողմերից որևէ մեկին:
Երբ կապիտանը հարցը փակված համարեց, և նրանք դուրս եկանք բակ, այնտեղ հավաքված ամբոխը շրջապատեց նրան և հարցախեղդ արեց:

-Երեխաս մեռնելուց է պրծել,-ասում էր պառավ կինը,-պատշգամբը փլվում է:
-Էս աղբը մեզ կուտի, ի՞նչ անենք,-վրա տվեց Բաբո անունով մեկը,-ցույց տալով դիմացի բակում սարի պես դիզված աղբակույտը:

-Էս խանութի բակը խուժանանոց է, օրական ընդամենը 100 հաց են ծախում ու չգիտենք` օգու՞տն է շատ, թե՞ վնասը, ավելի լավ է` փակե’ք, խուժաններից էլ կպրծնենք:
Ու այսպես տասնյակ հուզող ու տարիներ չլուծվող հարցեր, իսկ կապիտանը չգիտես որերորդ անգամ ուշադիր լսում էր հարցերը ու հանգիստ պատասխանում.
-Ախր գաջ չկա, ցեմենտ չկա, ավազ չկա, և ամենակարևորը, գումար չկա, համբերեք, տեսնենք` մի բան կանենք: Հետո դառնալով Մնացականին` կամացուկ ասաց.
-Ախր, էս ժողովուրդն էլ ճիշտ է ասում` ի՞նչ անենք, հը՞: Դե’, դու էլ սպասիր մի քանի օր, գուցե փաստաթղթերդ գտնվեն, հակառակ դեպքում` ստիպված կլինես բոլորի «դուբլիկատները» հանել,-թեմայից շեղվելով ասաց կապիտանը:

Մնացականը նայում էր տնային հագուստով բակ դուրս եկած բնակիչներին ու թվում էր, թե գտնվում էր մի այլ աշխարհում կամ երազում: Նրանց պահանջածը ընդամենը գրոշներ արժեր, բայց անհրաժեշտ բան էր և անհապաղ լուծում էր պահանջում:
Նա ինքնաբերաբար ընդունեց տեսուչ ոստիկանի առաջարկը և տուն վերադարձավ` մտածելով, որ եթե կապիտանը տուն էլ գար, ի՞նչ էր անելու: Բայց և զայրացած էր, որ զուր տեղը այդքան ժամանակ կորցրեց:

Որոշ ժամանակ անց նա նորից ներկայացավ ոստիկանության բաժանմունք, կորցրած անձնագրի հարցով և այս զավեշտական կամ ինչպես ասում են անփառունակ պատմությանը վերջ տրվեց, երբ Մնացականին հանձնեցին գողացված անձնագրի կրկնօրինակը:

“Զարմանալի աշխարհ է”,-խորհում էր Մնացականը ճանապարհին,-շալվարդ գողանան, փաստաթղթերդ տանեն, հլա մի տուգանք էլ մուծես, բա էսպիսի բան կլինի:

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել