Լրահոս
Օրվա լրահոսը

Իրատեսակա՞ն են քառյակի տնտեսական պահանջները

Հունիս 13,2014 14:26

Քառյակի՝ իշխանություններին ուղղված պահանջների թվում էին շրջանառության հարկի շեմը նվազեցնելը, մենաշնորհները վերացնելու օրենսդրական փաթեթի ընդունումը, սահմանի վրա ավելացված արժեքի հարկի վերացումը: Այս պահանջները քառյակը, որի մեջ մտնում են ոչ իշխանական 4 ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, ակնկալում է մինչեւ աշուն իրականացնել:

«Առավոտը» տնտեսագետ Գագիկ Մակարյանից հետաքրքրվեց, թե իրատեսակա՞ն է այդքան կարճ ժամանակահատվածում ասենք՝ մենաշնորհների վերացումը: Պարոն Մակարյանը գտնում է, որ նման փաթեթ ընդունելը մի բան է, բայց դրա կատարելը՝ այլ բան. «Քանի որ միաժամանակ բոլորի դեմ չի լինի պայքարել, որովհետեւ այդքան ռեսուրսներ չունենք, եւ դա կարող է շատ մեծ կոնֆլիկտների առաջացման ու բարդությունների պատճառ դառնալ, ուստի դրա համար կարելի է գնալ ոլորտներով: Այն ոլորտներում, որտեղ ավելի ուժեղ են արտահայտված այդ մենաշնորհները, որոնք խոչընդոտում են հատկապես փոքր բիզնեսներին՝ առեւտուր կամ որոշակի արտադրություն, կարելի է այդ ոլորտներից սկսել: Իսկ այն ոլորտները, որոնք մենաշնորհների, անհավասար մրցակցության առումով ավելի թույլ ընդգծված են, այդ ոլորտներին անդրադառնալ ավելի ուշ»:

Գագիկ Մակարյանի խոսքերով՝ պետք է ուշադրություն հրավիրել նաեւ բնական մենաշնորհների վրա եւ ստիպել, որպեսզի նրանց հաշվետվողականությունը լինի թափանցիկ. «Եթե նրանք իրենց պարտավորությունները կառավարության հանդեպ լիարժեք չեն կատարում գազի, էլեկտրաէներգիայի կամ ջրի դեպքում, ապա դրանք բնական մենաշնորհից վերածվում են ուղղակի մենաշնորհի: Նրանք չարաշահում են իրենց բնական մենաշնորհի դիրքը: Էլեկտրաէներգիայի սակագինը ուզում են 5 դրամով թանկացնել՝ պատճառաբանելով ցանցերի վատ վիճակը, որ աշխատակիցներին չեն կարողանում պահել եւ այլն: Սակայն Էլցանցերն իր պարտավորությունները այսքան տարի կատարե՞լ է: Մենք ամեն տեղ ունենք թափված լարերով, հրդեհավտանգ մալուխներ, կազմակերպությունների ու քաղաքացիների անվտանգությունը ոտնահարված է, երբ սյուների փոխելու կարիք է լինում, ընկերությունն իր միջոցներով չի անում, այլ անում է բաժանորդի փողերով: Ընկերությունը չունի կարգավորումների ավտոմատ անջատման պաշտպանական համակարգ, տրանսֆորմատորները հին են, եւ նրանց հզորությունները չեն բավարարում, էներգիայի սպառումն ավելացել է, բայց ենթակայանները չեն փոփոխվել մինչեւ հիմա: Անցյալ տարի պատճառաբանվեց, որ հոսանքը թանկացնում են ատոմակայանի անվտանգությունը ապահովելու, աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու համար, հետո այդ 8 դրամը չհերիքեց, հիմա էլ 5 դրամը ավելացնում ենք: Մի տարում համարյա 50 տոկոս թանկացում են անում, եւ այդ դեպքում մենք ի՞նչ պարտավորություններ ենք դնում այդ ցանցի վրա:
Նույնը՝ «ՀայՌուսգազարդի», նույնը՝ ջրամատակարար ընկերության դեպքում: Ժամերով, օրերով փողոցներով ջուրը գնում է, բայց խեղճ քաղաքացիների ջանից են հանում»:
Ինչ վերաբերում է շրջանառության հարկի շեմի նվազեցմանը, ապա պարոն Մակարյանը նկատեց, որ կառավարությունն արդեն գնացել է ընդառաջ եւ թեթեւացրել է շրջանառության հարկը: Ըստ նրա. «Շրջանառության հարկը կառավարությունը թողել է նույն շեմին՝ 58,3 միլիոն դրամ, բայց 3,5 տոկոսն իջեցրել հասցրել է մեկ տոկոսի: Սանկցիաների հետաքրքիր մեխանիզմ է դրվում, որ եթե փաստաթղթավորումը ուսումնասիրեն կամ պարզեն, որ չի ապահովում 100 տոկոս, ապա ինքը մտնում է 5,5 տոկոսի դաշտը, իսկ եթե երրորդ անգամ էլ է պարզվում, որ ինքը չի կարողանում փաստաթղթավորում ապահովել, ապա ԱԱՀ-ի դաշտ է մտնում: Անկախ ամեն ինչից՝ հնարավոր է, որ քառյակի պահանջներն էլ են ազդել կառավարության որոշման վրա»:
Ավելացված արժեքի հարկի մասով էլ Գագիկ Մակարյանը կարծիք հայտնեց, որ այն պետք է վճարել աստիճանաբար, սարքավորումները ներմուծելուց հետո. «Երբ որ սարքավորումները բերեն, տեղադրեն, աշխատեցնեն, ժամանակի ընթացքում կվճարեն: Հիմա պետությունը բոլոր կազմակերպություններին չէ, որ միանգամից թույլատրում է ԱԱՀ-ն չվճարել»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30