ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ այս տարվա հունվար-հունիս ամիսներին արտահանման ոլորտում գրանցվել է 6․7% անկում, իսկ ներմուծման ծավալներն աճել են 4% տոկոսով։
Տնտեսագետ Գագիկ Մակարյանը (լուսանկարում) «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձավ արտահանման ոլորտում ստեղծված խնդիրներին եւ ՀՀ կառավարության անելիքներին։ Նրա խոսքով՝ թեեւ կառավարությունն էական քայլեր կատարում է՝ աջակցելու արտահանողներին, սակայն այդ քայլերն ուշացած են։
«Այն արագությունը, որով պետք է ապահովեին արտահանումները, որպեսզի կորուստներ ու նվազում չլիներ, հատկապես գյուղատնտեսության ոլորտում մարդիկ բավարարված լինեին, դա տեղի չի ունեցել։ Երկրորդ խնդիրն այն է, որ կառավարությունը հրդեհը հանգցնելու մոդելն է կիրառում։ Այսինքն՝ այս պահին կան խնդիրները, ինքը փորձում է դրանք լուծել, բայց չի նայում այն հարցին, որ երկրորդ կիսամյակում կարող է ավելի վատ լինել։ Եթե Ռուսաստանի կողմից պատժամիջոցները շարունակվեն, վաղը դրանք կարող են կիրառվել նաեւ խնձորի, տանձի, խաղողի, այն մրգերի նկատմամբ, որոնք աշնանն են հասունանալու»,- ասաց Գագիկ Մակարյանը։
Նրա խոսքով՝ աշնանը մեծ քանակությամբ միրգ ենք ունենալու, և արտահանման ուղղությամբ հենց այսօրվանից պետք է աշխատանք տանել, պայմանագրեր կնքել տարբեր երկրների հետ։ Նաեւ պահածոների արտադրությամբ զբաղվող գործարանների հետ պետք է աշխատանք տանել, որպեսզի ավելի շատ մթերումներ իրականացնեն։
Կարդացեք նաև
«Պահածոների գործարաններն ավելի շատ չեն մթերում, որովհետեւ իրենց կնքած պայմանագրերն իրենց թույլ չեն տալիս քանակներ ավելացնել։ Բայց պետությունը պետք է ձեռք մեկնի։ Իմ առաջարկությունը նաեւ այն է, որ պետական մարմիները եվրոպական կամ արաբական գործընկերների հետ խոսեն ոչ միայն թարմ միրգ-բանջարեղենի մասին, այլ նաեւ պահածոների արտահանման մասին։ Բայց այսօր պետական մարմինների կողմից ոչ մի աշխատանք չի իրականացվում պահածոների գործարանների հետ»,- հավելեց նա։
Գագիկ Մակարյանը նշեց, որ երրորդ խնդիրը հետեւյալն է՝ եթե խոշոր տնտեսություններն իրենք են կազմակերպում իրենց արտահանումները, ապա մանր ու միջին ֆերմերային տնտեսությունների հույսն արտահանող ընկերություններն էին, որոնք գալիս, ապրանքը վերցնում ու տանում էին։
«Պետական մարմիններին թվում է, որ այդ մանր ու միջին ընկերություններն իրենք էլ կմտածեն սերտիֆիկատ ստանալու ու արտահանում իրականացնելու մասին։ Բայց դա տեղի չի ունենա, այդ ֆերմերներին պետք է ձեռք մեկնել, նրանց բերքը կարող են իրացնել պահածոների գործարանները կամ էլ պետությունը պետք է արտահանողների հետ աշխատանք տանի, որպեսզի արտահանողները քարտեզագրում կատարեն։ Օրինակ՝ արտահանողների հետ կարելի է խոսել ու հարցնել, թե որ տարածքի բերքը կարող են արտահանել, որ երկրներ են արտահանելու, ինչ օգնություն է հարկավոր նրանց ցուցաբերել։ Արտահանման հետ կապված կառավարության ռազմավարության մեջ եւ հարակից փաստաթղթերում գրված է, որ արտահանող ընկերությունների թիվը 2023 թվականին եղել է ընդամենը 220։ Այդ ռազմավարության համաձայն՝ 2030 թվականին արտահանողների թիվը պետք է կրկնապատկվի եւ դառնա 440։ Ենթադրենք՝ այսօր Հայաստանում միջինը 350 արտահանող ընկերություն կա, այդ 350 ընկերության հետ աշխատելը բարդ չէ, դա մեծ թիվ չէ։ Այս խնդիրները կան, եւ քանի որ դրանք լուծում չեն ստանում, մտավախություն ունեմ, որ երկրորդ կիսամյակն ավելի վատ ցուցանիշներով կարող է ավարտվել»,- նշեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով կառավարության անդամների՝ ԵՄ անդամ երկրներ արտահանումներ իրականացնելու մասին հայտարարություններին՝ Գագիկ Մակարյանն ասաց, որ հայ արտահանողները չեն կարող անխոչընդոտ արտահանում իրականացնել դեպի Եվրոպա։
«Պետական մարմինների ներկայացուցիչները, որոնք այդպիսի հայտարարություններ են անում, իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու։ Բայց իրենք դա ասում են երկու պատճառով։ Առաջինը՝ իրենք չեն ուզում խորությամբ մտնել այդ հոգսի տակ, բեռը վերցնել իրենց վրա, այսինքն՝ խնդիրը հեշտացնում են, ասում են՝ եթե ընդամենը սերտիֆիկատ ունենանք, ԵՄ շուկայի դռները բաց են։ Ճիշտ է, Եվրոպան 80 տոկոսին տվել է զրոյական մաքսատուրք, բայց չի ասել՝ ես որակի հաշվին եմ դա անելու։ Դու պետք է բարձր որակի ապրանք տանես ԵՄ։ Իսկ համապատասխան որակը ստուգվում է երկու տարբերակով՝ ապրանքների լաբորատոր ստուգումներ եւ միջազգային սերտիֆիկատներ՝ կապված ապրանքի տեսակից։ Փոքր ընկերությունները չեն կարող դա անել։ Խոշորների դեպքում էլ սկզբում հայտարարեցին, թե GLOBALG.A.P. սերտիֆիկատ (Good Agricultural Practice) ունեն, բայց պարզվեց՝ դա այդպես չէ։ Դա բավականին թանկ ու բարդ սերտիֆիկացում է, եւ տրվում է մեկ տարով։
Այսինքն՝ էկոնոմիկայի նախարարության եւ որոշ պաշտոնյաների հայտարարությունները հուսադրող չեն, ուղղակի ներշնչելու նպատակ ունեն։ Քանի որ իրենք այդ մասշտաբի խնդիրները չեն կարող իրենց վրա վերցնել, քանի որ եւ ժամանակ ու ռեսուրս չկա, եւ պրոֆեսիոնալ կադրերին խնդիր ունեն, փորձում են հեշտացնել խնդիրը, ասում են՝ եթե ուզենաս, կանես, մենք խնդիրը լուծել ենք, Եվրոպան փող է տվել, որ սուբսիդավորենք»,- ասաց նա։
Ըստ Մակարյանի՝ վերոնշյալ խնդիրների լուծման համար ինստիտուցիոնալ մոտեցումներ պետք է կիրառվեն։ Եթե ԵԱՏՄ երկրներ, մասնավորապես, Ռուսաստան արտահանումները դժվարացել են, պետք է աշխատանք տանել ԵՄ, արաբական երկրների, ԱՄՆ-ի, Չինաստանի հետ։
«Բայց այս աշխատանքում շատ կարեւոր դեր ունի հայկական Սփյուռքը։ Հարկավոր է Սփյուռքի հետ հարաբերությունները վերականգնել։ Վերջին ժամանակահատվածում կոնֆլիկտներ եղան, եւ Սփյուռքը բավականին հիասթափված է։ Սփյուռքի հետ պետք է շատ լավ աշխատել, քանի որ մենք հզոր Սփյուռք ունենք ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, արաբական երկրներում՝ եւս։ Այդ Սփյուռքը նաեւ պոտենցիալ սպառող է, լոբբինգ կարող է անել։ Եվ Սփյուռքին շատ բան բացատրել պետք չէ, այն, որ ապրանքը հայկական է, ինքն արդեն հասկանում է էությունը»,- ընդգծեց Գագիկ Մակարյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































