Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ինձ հավատացողներին հուսախաբ չանեմ»

Հունիս 21,2014 13:55

«Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող
Գրիգոր Միրզոյանն իր ապագան տեսնում է ժողովրդական երգեր երգելով

Գրիգոր Միրզոյանը հայ լսարանին հայտնի դարձավ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ժողովրդական երգիչ 4» նախագծից: Նա արժանացավ շատերի բարձր գնահատականին եւ դարձավ նախագծի այս եթերաշրջանի հաղթող: Երիտասարդ երգիչը պատմում է՝ միշտ հետեւել է «Ժողովրդական երգիչ»-ին, իր ամենասիրելի նախագիծն է եղել, եւ չնայած երաժշտական կրթությունը ստացել է կոնսերվատորիայի դասական բաժնում, միշտ սիրել է ժողովրդական երգը եւ ցանկացել մասնակցել ժողովրդական երգի այս նախագծին: «Բանակում՝ ծառայության ընթացքում, մտածում էի՝ հանկարծ նոր եթերաշրջանը չսկսի մինչեւ իմ վերադառնալը: Բանակից եկա, երկու ամիս հետո սկսվեց նախագիծը: Ընկերս զանգեց, ասաց նախագծի մասին, շատ ուրախացա եւ դիմեցի»,- ասում է նա: Նշում է, որ ի սկզբանե հաջողությունը հետեւեց իրեն. նախ ստացավ հնարավորություն նախագծին մասնակցելու, հետո արդեն փուլից փուլ հասավ եզրափակիչ: «Մեծ հույսեր չունեի, մտածում էի՝ գոնե հայտնվեմ տասնյակում: Ինձ հետ մրցակցում էին մարդիկ, ովքեր ավելի շատ էին ժողովրդական երգով զբաղվել, կարծում եմ՝ ինձ օգնեց իմ աշխատասիրությունը,- ասում է նա, ավելացնում,- նախագիծը սպասվածից լավն էր: Երբեք չեմ ձանձրացել, նույնիսկ, երբ մինչեւ ուշ ժամի փորձերի ենք մնացել»:

Ժողովրդական երգիչը հիշում է. «Հետաքրքիր է՝ նախագծում եղել են դեպքեր, երբ վատառողջ եմ եղել, կոկորդի հետ կապված խնդիրներ ունեի, նույնիսկ փորձերին չէի կարողանում երգել, համերգի ժամանակ դուրս էի գալիս բեմ երգելու՝ մտածելով, թե ոնց եմ անելու, բայց չգիտեմ ինչու՝ ստացվում էր (ծիծաղում է- Հ. Հ.)»:

Գրիգոր Միրզոյանն անկեղծանում է՝ հաղթանակի զգացողություն ունեցել է միայն վերջին փուլերում, երբ արդեն մոտենում էին եզրափակչին. «Բայց ընթացքում ես հաղթանակի մասին չէի մտածում, ինձ համար կարեւորը լավ երգելն էր, մնացածը ինչ լինում էր, լիներ»: Իսկ եզրափակչում, որպես հաղթող, իր անունը լսելու մասին ասում է. «Այնքան խառն էի, որ ոչինչ չէի զգում: Ես մտածում էի՝ Սուրենն է հաղթելու, երեւի ինքն էլ մտածում էր՝ ես, ներքին նման զգացողություն կար: Ամեն դեպքում, եթե չհաղթեի էլ, չէի տխրի, միշտ էլ ասել եմ, եթե հասել ենք այդ փուլ, արդեն կարեւոր չէ՝ առաջինը կլինես, թե երկրորդը»:
Նախագծի հաղթողն «արդար» է համարում ժողովրդի քվեարկությամբ մրցույթի ելքը որոշելը, ասում է, որ որքան էլ շատ լինեն «ծանոթ-բարեկամ» քվեարկողները, ի վերջո հաղթում է նա, ով առավել շատ ձայներ ստանում է «անծանոթ» քվեարկողներից, նրանցից, ովքեր պարզապես սիրել են մասնակցի կատարումները. «Ավելի կարեւոր է, թե քեզ ինչքան անծանոթներ են քվեարկում: Ես միշտ համակրանք եմ զգացել իմ նկատմամբ շատ մարդկանց կողմից, շատերն են մոտեցել ինձ՝ թե նախագծի ընթացքում, թե հիմա ու իրենց դրական կարծիքը հայտնել»: Նախագծի ամբողջ ընթացքում նրան հետեւել եւ խորհուրդներ են տվել նաեւ կոնսերվատորիայի իր դասախոսները: «Դասախոսներիցս հատկապես Թադեւոսյան Աշխենը ինձ միշտ ոգեւորել, խորհուրդներ է տվել, շատ շնորհակալ եմ նրանից»,- ասում է նա: Գրիգոր Միրզոյանը նաեւ պատկառանքով է խոսում նախագծում իրենց հետ աշխատող Մխիթար Քերցյանի մասին. «Նա միշտ կարողանում էր յուրաքանչյուրիս համար ճիշտ երգ ընտրել»: Կարծում է՝ ժողովրդական երգերից իրեն հաջողություն բերեցին հատկապես հայտնի «Մայրս փոքրիկ, մայրս խեղճ» եւ «Քույրիկ» երգերը, նախագծից դուրս սիրելի երգն է «Գյումրի-Լենինական»-ը:

Այժմ, երբ արդեն սկսել է ժողովրդական երգչի ճանապարհը, նկատում է՝ դժվարություններ կան եւ կլինեն, բայց կարծում է՝ առանց դրանց էլ հնարավոր չէ, խոչընդոտներից չի վախենում. «Պետք է անընդհատ աշխատեմ, չթուլանամ, կատարելագործեմ ինձ, որպեսզի ինձ հավատացողներին հուսախաբ չանեմ»: Գրիգոր Միրզոյանը կարծում է, որ արդեն սխալ է այն դիտարկումը, թե ժողովրդական երգը քիչ լսարան ունի. «Մինչեւ «Ժողովրդական երգիչ» նախագծի սկսելը գուցե երիտասարդության շրջանում ժողովրդական երգը զարգացած չէր, բայց հիմա, կարծում եմ, նախագծի շնորհիվ, ժողովրդական երգ լսում են տարիքային բոլոր խմբերից: Նկատել եմ՝ երիտասարդները հետաքրքրված են ժողովրդական երգով, լսում են»: Իր ապագան տեսնում է ժողովրդական երգեր երգելով: Այժմ՝ արդեն նախագծից հետո, ցանկանում է հանդես գալ համերգներով: Նախագծի շրջանակներում՝ ինքը, Սուրեն Ավոյանը եւ Դավիթ Խաչատրյանը սեպտեմբերին մեկնելու են ԱՄՆ հյուրախաղերի: Ամենամեծ ցանկությունը սփյուռքի բոլոր գաղութներում ժողովրդական երգը մատուցելն է: «Գիտեմ, զգում եմ, որ այնտեղ հայերն առավել շատ են կարոտում, կարիք ունեն ժողովրդական երգի, նրանք ավելի շատ են սիրում ժողովրդական երգը»,- ասում է նա: Մեր զրույցի վերջում ցանկանում է շնորհակալություն հայտնել «Շանթ» հեռուստաընկերությանը. «Եթե չլիներ այդ նախագիծը, եթե չմասնակցեի, դժվար այսքան մեծ փորձի, հրաշալի մասնագետների հետ աշխատանքի, աշխարհասփյուռ հայության շրջանում ճանաչվելու հնարավորություն ունենայի»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30