Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ այդքան եվրոպականանալ». Տաթևիկ Հովհաննիսյանը՝ Երևանի մասին

Հունիս 26,2014 17:36

 

«Մենք բոլորս էլ ունենք արմատներ, և արմատներից քոքահան անելը հեշտ չէ. քոքահան անելուց հետո այնքան դժվար է նորից հողի մեջ տեղադրելը, լավ սնուցելը… Ճիշտ միջավայր պիտի ունենաս, թե չէ՝ արմատներդ կչորանան-կգնան»,- խորհրդային ջազի թագուհու՝ Տաթևիկ Հովհաննիսյանի խոսքերն են:

Երգչուհին արդեն Երևանում է, և հունիսի 28-ից կսկսվեն նրա հայաստանյան համերգները. առաջին համերգը կկայանա հունիսի 28-ին՝ Երևանի «Յանս» երաժշտական ակումբում, երկրորդը հունիսի 30-ին է՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, ապա հուլիսի 2-ին նա առաջին անգամ ելույթ կունենա Ստեփանակերտում, իսկ հուլիսի 4-ին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, կկայանա այս տարվա նրա վերջին համերգը Հայաստանում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տ. Հովհաննիսյանն ասաց, որ համերգներին ներկայացնելու է հայկական ժողովրդական երաժշտություն՝ ջազային մշակումներով, ինչպես նաև ամերիկյան և բրազիլիական երաժշտություն: Կհնչեն ինչպես արդեն հայտնի ու սիրված երգեր, այնպես էլ բոլորովին նոր, որոնք առաջին անգամ կհնչեն Հայաստանում:

«Երբ ես գնացի ԱՄՆ, հայկական երաժշտություն գրեթե չկար իմ երգացանկում,- ասում է երգչուհին,- ես երգում էի ամերիկյան և բրազիլիական ջազային ստանդարտներ: Իհարկե, ժողովրդական երաժշտությունն ինձ խորթ չէր. հայրս և հատկապես մայրս՝ Օֆելյա Համբարձումյանը, ինձ միշտ սնել է այս երաժշտությամբ, ես դրա մեջ եմ մեծացել, այդ երաժշտությունը քայլել է ինձ հետ տարիներով և մեծ բույն է դրել սրտիս մեջ: Իսկ երբ գնացի Միացյալ Նահանգներ, միտք առաջացավ կապակցելու այս երկու աշխարհները: Դա բնական է, որովհետև երբ երկիրդ թողնում ես, կարոտն ավելի է մեծանում, ամեն ինչ ավելի է քաղցրանում, և այդ ժամանակ որոշեցի, որ մեր հրաշալի, խորունկ արմատներ ունեցող երաժշտությունը կարելի է կապակցել մի այլ երաժշտության խորը արմատների հետ»:

Տ. Հովհաննիսյանը չի կարծում, որ Միացյալ Նահանգներ գնալն է իրեն դարձրել ջազի թագուհի. «Թող անհամեստ չհնչի, բայց ես այստեղից թագուհի էլ գնացել եմ,- ասում է նա,- բայց ես իմ գնալը գնահատում եմ, որովհետև չեմ գնացել աստղ դառնալու համար, գնացել եմ, որ ավելին սովորեմ, որովհետև իմ երաժշտությունը ջազային է, իսկ ջազային երաժշտության համար լավագույն տեղում եմ ես գտնվում հիմա: Ամեն մեկից մի բան սովորում ես: Աճն ինձ համար շատ կարևոր է, իսկ այդ աճը կլինե՞ր արդյոք այստեղ, հարց է»:

Երգչուհին վեց տարի չի եղել հայրենիքում, և այդ, ինչպես նաև նախորդ տարիների ընթացքում Երևանում կատարված փոփոխություններն այնքան էլ նրա սրտով չեն. «Այն Երևանը իմ կյանքի պատմությունն է, ինչպե՞ս կարող եմ ես այս Երևանն ավելի շատ սիրել, քան այն: Փոփոխություններ կան, որ գովելի են, և հակառակը՝ կան, որ գովելի չեն,- ասում է Տ. Հովհաննիսյանը:- Շատ կուզենայի, որ պահպանվեր այն ամենը, ինչը մեզ առանձնացրել է ուրիշներից և յուրահատուկ է պահել՝ մեր մշակույթը, ճարտարապետությունը, ավանդույթները և այլն: Բացարձակ իմաստ չունի լինել եվրոպական մի քաղաք, որոնցից հարյուրավորները կան: Կուզենայի, որ այդքան օտարամոլ չդառնայինք, կուզենայի, որ խանութների կամ ռեստորանների անունները ոչ թե անգլերեն մեծ տառերով գրված լինեին, իսկ հայերենը չլիներ կամ շատ ավելի փոքր տառերով լիներ, այլ հակառակը լիներ: Մենք պիտի հպարտանանք նրանով, որ շատ յուրահատուկ լեզու ունենք, հրաշալի հին մշակույթ: Չմոռանանք դա: Ի վերջո, պետք չէ այդքան եվրոպականանալ»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30