Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Քոչարյան. «ԱԱԾ-ն, երեւի, որոշել է ցույց տալ, որ գործ է արել»

Հունիս 27,2014 14:14

 

Տիգրան Քոչարյանն առաջարկում է կոտրել այն կարծրատիպը, թե ադրբեջանցիներն ապուշ են

«Պետք չէ ասել, որ ադրբեջանցիներն ապուշ ձեւերով են աշխատում»,- այսօր՝ հունիսի 27-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց բլոգեր Տիգրան Քոչարյանը:

Նրա խոսքերով՝ ադրբեջանցիների մեջ կան բավականին զարգացած մարդիկ, եւ իրենք էլ են ժամանակին ընդառաջ շարժվում: Նա առաջարկեց կոտրել այն կարծրատիպը, թե ադրբեջանցիներն ապուշ են. «Ապուշություններ երկու կողմից էլ լինում են, եւ թերագնահատել պետք չէ»:

Նրա խոսքերով՝ ադրբեջանցիները, ստեղծելով հաշիվներ, սովորաբար գեղեցիկ աղջիկների նկարներով,  ծանոթանում են հայ տղաների հետ՝ հատկապես՝ զինվորների, եւ այդպես նրանցից տեղեկատվություն են կորզում զորամասերի մասին: Բլոգերը հայտարարեց, որ առաջին տեղում Odnoklassniki.ru սոցիալական ցանցն է, ապա mail.ru, vkontakte.ru եւ նոր facebook.com-ն է, այդ փաստը նա բացատրում է նրանով, որ առաջին երեք կայքերում շփման հիմնական լեզուն ռուսերենն է. ««Ֆեյսբուքում» մի քիչ բարդ է, որովհետեւ այնպես ստացվեց, որ «Ֆեյսբուքի» հայկական մասն բավականին ակտիվ աշխատեց, եւ հիմնականում Հայաստանի հայերը շփվում են հայերենով: Դեպքեր, իհարկե՛, եղել են, եւ Արցախում, կարծեմ, մի քանի հոգի դատվել են դրա համար, Հայաստանում էլ այդ խնդիրները կան: Շատ հաճախ մարդիկ չեն հասկանում, թե ի՞նչ են անում»:

Անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության արած հայտարարությանը, թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2013 թվականին պարզվել էր Ադրբեջանի հատուկ ծառայությունների պարզ եւ պրիմիտիվ գործելաոճը՝ Տիգրան Քոչարյանը հայտարարեց, որ այդպիսի խոսակցություններն ամենօրյա են. «Հիմա ԱԱԾ-ն, երեւի, որոշել է ցույց տալ, որ գործ է արել, գովելի է մի կողմից, բայց լավ կլիներ, որ ամեն անգամ հաջողված բան անելուց դրա մասին չհայտարարեին, որովհետեւ հիմա նույն ադրբեջանցիները մի ուրիշ բան կմտածեն, մի քիչ ավելի ուշադիր կլինեն եւ կփոխեն իրենց գործելաոճը»:

Բլոգերը համարում է, որ հեռախոսների տեղորոշման ծառայությունները (գեոլոկացիա) ներկայումս եւս մեկ խնդիր է դարձել, քանի որ տարիներ առաջ հեռախոսները չունեին նման ծառայություններ: Իսկ հիմա արդեն գրեթե բոլոր հեռախոսներն ունեն նման գործառույթ, եւ ընդամենը խաղ խաղալով կամ կարգավիճակը փոխելով՝ առանց օգտատերի ցանկության եւ իմացության հնարավոր է համացանցում տեղադրել, թե նա որտեղ է գտնվում: Նա զգուշացնում է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գործող ծրագրերն էլ են շատ վտանգավոր. «Այդ ծրագիրը կարող է ամբողջ տեղեկատվությունը քաշել, վարակել քո համակարգիչը, դարձնել հաշիվդ կառավարելի, այսինքն՝ հետո պատվերներ կատարել՝  հավանել էջեր: Որոշ ծրագրեր նույն հակառակորդի կողմից են կազմվում եւ ժամանակավորապես պահում այդ տեղեկատվությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30