Լրահոս
Օրվա լրահոսը

«Մատիսին ու Բուքովսկուն պետք չէր համալսարան գնալ»

Հունիս 28,2014 14:18

Նկարիչ Արթուր Սարգսյանը՝ բացակայող ընդվզումի,
արժեհամակարգի ու արվեստի միտումների մասին

Ճանաչված նկարիչ Արթուր Սարգսյանն (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե մեր արժեհամակարգը խաթարված է, իր ձեւակերպմամբ, ուղղակի «ցիրուցան է եղած»: Չնայած սրան, նրա ասելով, մյուս կողմից էլ հետխորհրդային շրջանի արվեստագետները կարողացել են «դուրս» գնալ, տեսնել մեծ նախագծեր, շփումներ ունենալ… Արթուր Սարգսյանն ասում է, որ ժամանակ է պահանջվում՝ հին բաները մահանան, նորը ստեղծվի: «Նույնը ստեղծագործական միություններն են, դրանք կառույցներ են, որոնք Սովետական Միության ժամանակ «բում» են ապրել: Հիմա էլ կան, բայց մնացել են նույնը՝ ստրուկտուրաներով, մտածողությամբ: Թվում է՝ մարդիկ էլ նույնն են՝ տարբեր դեմքերով, ոչ մի կտրուկ քայլ, ոչ մի ընդվզում…Մի խոսքով՝ հնի ու նորի պայքար կա»,- ասում է մեր զրուցակիցը:

Նրան հարցրինք՝ արդյոք արվեստագետի, ստեղծագործող մարդու համար պարտադի՞ր է մասնագիտական կրթությունը, օրինակ, Գեղարվեստի ակադեմիայի կամ Մանկավարժական համալսարանի համապատասխան բաժնի դիպլոմ ունեցողը նկարի՞չ է: Արթուր Սարգսյանն, ի պատասխան, օրինակներ բերեց. իմպրեսիոնիստների շրջանում ընդունված էր վարպետի մոտ դասեր անցնելը: «Մատիսին էլ ոչ ոք չի սովորեցրել: Նա 21 տարեկան էր, կույրաղիքի հեռացումից հետո մատիտ ու վրձին խնդրեց, որ նկարի: Կարծում եմ՝ հոգում եղածը արտահայտելու համար արվեստագետը համալսարանական դիպլոմի կարիքը չունի: Նույնն էլ պոետների դեպքում է՝ Չարլզ Բուքովսկուն պետք չէր համալսարան գնալ, որ ժամանակակից գրականության մեջ հետք թողներ»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Նա չի հերքում, որ արվեստի բուհերում լավ մասնագետներ կան, որոնք կսովորեցնեն՝ ինչ է գեղանկարը, գծանկարը, բնանկարը եւ այլն. «Բայց որ դասավանդելով՝ արվեստագետ ձեւավորես, դա շատ բարդ է: Ոչ մի մանկավարժ չի կարող ասել՝ դու գնա այս ուղղությամբ, որ դառնաս սա, ոչ Արշիլ Գորկուն, ոչ Սեզանին ու ոչ էլ մյուսներին նման բան չեն ասել»: Նկարիչը փաստում է, որ այսօր արվեստում շատ երեւույթներ ավելի պարզեցվել են, երիտասարդը իր iPhone-ով կարող է լուսանկարներ անել, IT տեխնոլոգիաների հաշվին ինչ-ինչ նորամուծություններ, բայց դրանք նաեւ բթացրել են ստեղծարար ջիղը: Ամեն դեպքում դեմ լինելով ակադեմիական ուղղությունը խստորեն պահպանելուն, Արթուր Սարգսյանը կարծում է, որ գեղանկարչական ճանապարհով գնալու ցանկություն ունեցողը պետք է առնվազն վրձին բռնել սովորի, որոշ բաներ վերցնի, չանցնելով սահմանը: Նրա կարծիքով, երիտասարդների պարագայում «ակադեմիականի մեջ մնալը» վտանգավոր է: Իր օրինակը բերեց. երիտասարդ տարիներին առաջարկել էին մեկ ստորագրությամբ ընդունել Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, հետո իրեն այդ որոշումից հետ է պահել մեկ այլ ճանաչված նկարիչ՝ Աշոտ Հովհաննիսյանը (Դեղձ Սշոտը): «Ինձ մոտ երիտասարդական ամբիցիաներ էին, մտածում էի, որ Լենինգրադում սովորեմ, մեծ նկարիչ կդառնամ, հետո Դեղձ Աշոտն ասաց՝ հո չե՞ս ցնդել, քո ուսուցիչներն են Սեզանը, Արշիլ Գորկին…Ասաց, որ գնաս, կկործանվես, ու ես հրաժարվեցի»,- պատմում է նկարիչը:
Ի տարբերություն իր այլ վրձնակիցների եւ շատ արվեստագետների, Արթուր Սարգսյանը համարում է, որ ինքը կարող է իբրեւ քաղաքացի լինել նաեւ Ազատության հրապարակում. «Բոլորն ունեն ազատություն, ես նախընտրում եմ, բացի ստեղծագործելուց, լինել Ազատության հրապարակում եւս, ոչ մի անգամ չեմ ասում՝ ինչո՞ւ իմ ընկերները նույնը չեն ուզում: Բայց նաեւ մտածում եմ, որ երբ բողոքում են՝ պետությունը նշաձողը իջեցնում է, արժեհամակարգը խաթարված է, ուրեմն պե՛տք է դիմել պետությանը, կառավարությունից պահանջել: Չեմ կարող պատկերացնել արվեստագետի, որ երկրի համար օրհասական պահի ուղղակի գնա եւ նկարի»: Նա համոզված է, որ եթե արվեստագետները լինեն, իր խոսքով, ճշմարիտ պահանջատեր եւ ընդվզող, չօգտվեն կերակրաթասից, երկիրը ավելի արագ «կառողջանա», թացն էլ չորից կբաժանվի: Իմիջիայլոց, մեր զրուցակիցը կոչումներին էլ նշանակություն չի տալիս, ասում է՝ դրանք մարդուն կարող են ավելի շատ դեպրեսիայի մեջ գցել. «Անգամ Ֆրանսիայում են մարդիկ «Պատվո լեգեոն» շքանշանից հրաժարվել…»:
Նկարիչը ափսոսում է, որ 60-70-ականների մշակութային ընդվզումն այսօր չկա, դրա ցայտուն արտահայտությունը ռոքի մեջ է տեսնում: Իր զավակներն ու նրանց ընկերները իր սերնդի կուռքերի՝ Led Zeppelin-ի ու մյուսների երաժշտությունն են լսում. «Ախր դա մեր սերնդի ընդվզումն էր, էսօրվա ընդվզումը չկա: Իհարկե կան ինչ-ինչ խմբեր, որ «էշը ցեխից հանում են», բայց մեկ է՝ կրկնօրինակում են»:

Գլոբալիզացիայից էլ չի վախենում: «Ամենամեծ գլոբալիզացիան քրիստոնեությունն էր, հիմա ինչի՞ հետեւից ենք ընկել»,- ժպտալով պատասխանում է Արթուր Սարգսյանը: Նա իրեն, այսպես կոչված, ազգայնական նկարիչ չի համարում, կարծում է՝ պարտադիր չէ, որ օտարը նայի ու հասկանա հեղինակի՝ հայ լինելը;

Խնդրեցինք որեւէ նկարի հետ կապված մի տպավորիչ դրվագ պատմել: «Մի անգամ մի ֆրանսուհի ինձանից նկար գնեց: Ասաց, որ իմ նկարը հիշեցնում է իր մեկ օրվա պատմությունը՝ այս հատվածը նման է իր առավոտյան արթնանալուն, մյուսը՝ արագ-արագ ատամները լվանալուն, սուրճը թափվելուն, աշխատանքի գնալուն եւ այլն…Նկարը բաժանված էր շերտերի, որոնք տարբեր զգացողություններ էին իր մոտ առաջացնում: Ժպտալով ասացի՝ ոնց որ թե կռահել եք. ես էլ եմ այդպես ապրում»,- հիշեց արվեստագետը: Նաեւ հավելեց, որ պատվիրատուի դեպքում երբեք կանխավճար չի վերցնում. ազատ նկարելու իրավունքն իրենն է, դրանից հետո՝ եթե կհավանեն, թող վերցնեն նկարը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30