Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Սպիտակի երկրաշարժից անցել է 25 տարի, եւ օջախը դեռ չի հանգստացել» (Տեսանյութ)

Հուլիս 07,2014 17:22

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ Լոռի էր այցելել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Նախարարի այցելության բուն նպատակը բնակչության շրջանում տարածված հավանական երկրաշարժի շուրջ ստեղծված խուճապն ու տագնապը մեղմելն էր:
Նախարարը հավաստիացրեց, որ ուժեղ երկրաշարժի վտանգ չի սպառնում, բնակչությանն էլ հորդորեց չանհանգստանալ:

«Ուզում եմ Ձեզ իրազեկել, որ երկրաշարժեր միշտ էլ լինում են, գիշերը մոտ 5 բալ երկրաշարժ է տեղի ունեցել, արդեն հետցնցումներ 12-ը ունեցել ենք` 3 բալ, 4 բալ, 2 բալ, դրանք խոսում են այն մասին, որ երկրաշարժի վտանգը նվազում է: Այսօր մեծ երկրաշարժի վտանգ չկա»,-տեղեկացրեց ԱԻՆ նախարարը:

«Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության» տնօրենի խորհրդական, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանն ու «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանն էլ նկատեցին, որ նախօրոք կանխատեսել, թե որտեղ ինչ ուժգնությամբ երկրաշարժ կգրանցվի, հնարավոր չէ:

«Անոմալիաները, որոնք հիմք պիտի ծառայեն երկրաշարժերի կանխատեսման համար, չկան: Սովորական անոմալիաներ, թույլ ցնցումների հետ կապված, լինում են, բայց ուժեղ երկրաշարժերի հետ կապված այսօրվա վիճակով չունենք: Երկրաշարժի մասին տեղեկատվություն տվողը պետք է լինի կամ ԱԻՆ-ը կամ ԱԻՆ-ի տվյալներով` կառավարությունը, ոչ մեկը իրավասու չէ հանրապետությունում, թեկուզ լինի ամենալավ մասնագետը, իրավունք չունի այդպիսի տեղեկություն տալ, պետք է հավատալ միայն պաշտոնական հաղորդագրություններին: Սպիտակի երկրաշարժից անցել է 25 տարի, եւ օջախը դեռ չի հանգստացել, մենք չունենք 6 ամիս ժամանակ անցած 25 տարիների ընթացքում, որ այդտեղ թույլ ցնցումներ չգրանցվեն: Այսինքն` գործընթացը դեռ չի մարել, օջախը դեռ չի հանգստացել, եւ այդ պրոցեսը դեռ բավականին երկար տեւելու է, առնվազն մի 50 տարի` սկսած 1988 թվականից»,-նշեց Սերգեյ Նազարեթյանը:

«Երկրաշարժ կանխատեսելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն լավ գիտացանց, լավ մասնագետներ, համակարգչային ժամանակակից լավ ծրագրեր եւ միջազգային համագործակցություն: Եթե կա մարդ, ով կարող է ժամի, րոպեի ճշտությամբ կանխատեսել ուժեղ երկրաշարժ, համեցեք մեզ մոտ աշխատանքի»,-նշեց Հրաչյա Պետրոսյանը:

Մանրամասները` տեսանյութերում

 

 

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031