Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց ՌԴ ԴԺ Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ

Հուլիս 07,2014 18:01

 

Հուլիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահը, շնորհավորելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ բարձր գնահատելով երկու երկրների հարաբերությունները, վստահություն հայտնեց, որ երկու խորհրդարանների համագործակցության շրջանակը հետայսու եւս կընդլայնվի, փոխգործակցությունը կխորանա թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով: Նա կարեւոր համարեց առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը, ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդումը, հումանիտար ոլորտում փոխգործակցության հետագա զարգացումը: Տիկին Մատվիենկոն գոհունակությամբ փաստեց միջռեգիոնալ հաջող համագործակցությունը` նշելով, որ ՌԴ 70 սուբյեկտներ փոխգործակցում են Հայաստանի մարզերի եւ քաղաքների հետ: Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն` Վալենտինա Մատվիենկոն բարձր գնահատեց այդ ուղղությամբ Հայաստանի կողմից կատարվող ակտիվ քայլերը: Նա ողջունեց 2013թ. Հայաստանի խորհրդարանում ռուսական գրադարանի եւ հայ-ռուսական բարեկամության ակումբի բացումը: Դաշնության Խորհրդի նախագահը կարեւոր եւ անհրաժեշտ համարեց համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:

Matvienko -3 Matvienko-2 Matvienko -4

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրի հետագա ընդլայնումն ու խթանումը, ինչը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է: «Յուրաքանչյուր այց, պաշտոնական հանդիպում կարևոր ուղենիշ է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում»,-ասաց Գալուստ Սահակյանը: Նրա համոզմամբ՝ երկու երկրների ղեկավարների, խորհրդարանականների և պաշտոնյաների հանդիպումների պարբերական բնույթը, խորհրդարանական երկխոսությունը, ինչպես նաև համագործակցության լայն շրջանակները վերստին հաստատում են քաղաքական, տնտեսական, հումանիտար և ռազմավարական ոլորտներում փոխգործակցության դաշնակցային մակարդակը: ԱԺ նախագահի խոսքով` երկկողմ փոխգործակցության, ինչպես նաև ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման և ինտեգրացիոն գործընթացների ամուր իրավական հիմքի ձեւավորման գործում մեծ դերակատարություն ունի միջխորհրդարանական փոխգործակցությունը: «Վստահորեն կարող եմ նշել, որ խորհրդարանական համագործակցությունը կրում է վերընթաց և պարբերական բնույթ: Այդ համատեքստում իր կարևոր դերն ունի Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը»,- նշեց ԱԺ նախագահը: Ըստ ԱԺ նախագահի` երկկողմ համագործակցության կարևորագույն ուղղություններից է նաև առևտրատնտեսական փոխգործակցության խթանումը, եւ Հայաստանն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման համար՝ առաջնահերթ ստեղծելով բարենպաստ ներդրումային մթնոլորտ: Գալուստ Սահակյանը նշեց, որ վերընթաց բնույթ է կրում նաև միջտարածաշրջանային համագործակցությունը, կայուն փոխգործակցություն է նկատվում ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում:

Տարածաշրջանային հարցերի համատեքստում ԱԺ նախագահը կարեւորեց Ռուսաստանի ակտիվ դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Պարոն Սահակյանը տիկին Մատվիենկոյին հրավիրեց մասնակցելու 2015թ. ապրիլին Երևանում կայանալիք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին:
Հանդիպման վերջում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գրառում կատարեց ՌԴ Դաշնության Խորհրդի պատվավոր հյուրերի գրքում եւ տիկին Մատվիենկոյի ուղեկցությամբ շրջայց կատարեց Դաշնության Խորհրդի շենքում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031