Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն Աշոտյանը մեղքը գցում է այլ պարագաների վրա, չի կարողանում ավելի ուժեղ գտնվել». Արամ Ապատյան

Հուլիս 07,2014 19:30

«Մեր օրենքը պահանջում է՝ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, պետական միջոցառումները պետք է անցկացվեն հայերենով, կամ անհրաժեշտության դեպքում թարգմանվեն օտար լեզվով՝ արտասահմանցիների համար: Օրենքի պահանջը պետք է կատարել, ոչ թե մեղքը փորձել գցել ուրիշի վրա»,- Aravot.am-ի հետ զրույցում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին այսպես հակադարձեց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամ Արամ Ապատյանը:

ԿԳ նախարարը լրագրողների հետ զրույցում ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի եւ ԱԺ պատգամավորների հանդիպմանը հայերեն թարգմանություն չապահովելու հետ կապված հարցին ի պատասխան՝ ասել էր. «Անգլերենը պաշտոնական հանդիպումներում նույնպես տարածված է, բայց սեւեռվում են ռուսերենի վրա»:

Պարոն Աշոտյանը կարծիք էր հայտնել, որ ռուսաց լեզվով անցկացվող պաշտոնական հանդիպումներին հայերեն թարգմանության բացակայությունը օրենքի խախտում չէ եւ դեռ դիտողություն էր արել լրագրողներին՝ ՌԴ-ի եւ ռուսերենի վրա սեւեռվելու համար:

Պարոն Ապատյանը նշեց, որ Լեզվի պետական տեսչությունը պետք է հոգ տանի, որպեսզի Լեզվի մասին օրենքը չխախտվի, բայց Լեզվի տեսչությունը չունի պատշաճ միջոցներ եւ չի կատարում իր պարտավորությունները. «Դրա մասին խոսել է նաեւ Արմեն Աշոտյանը: Պարոն Աշոտյանը մեղքը գցում է այլ պարագաների վրա, չի կարողանում ավելի ուժեղ գտնվել: Ցանկության դեպքում այս խնդիրները շուտվանից արդեն լուծվել էին: Վերջիվերջո պատասխանատուն նախարարն է եւ ոչ թե մեկ ուրիշը: Եվ հետո, Լեզվի պետական տեսչությունը գտնվում է ԿԳ նախարարության կազմում»:

Ըստ Արամ Ապատյանի, Արմեն Աշոտյանը, երբ մասնակցում է «Что? Где? Когда?» հաղորդմանը եւ խոսում ռուսերեն, այդ հաղորդումը չի թարգմանվում հայերեն՝ դա նույնպես խախտում է. «Կառավարությունը հատկացնում է  գումարներ՝ Հայաստանի Հանրապետությունում այդ ծրագրի իրականացման համար: Եվ շատ ճիշտ կլիներ, որ կառավարությունը մտածեր նրա մասին, որ այդ գումարը հատկացվեր այն պայմանով, եթե այն եթեր  հեռարձակվեր, կազմակերպվեր հայերենով: Այլ պարագայում մենք տեսնում ենք, որ կառավարությունն ու ԿԳ նախարարությունն էլ են խրախուսում նման հաղորդման գոյությունը պետական փողերով: Այն փաստը, որ նախարարը մասնակցում է այդ ծրագրին՝ փոխարենը, որ չմասնակցեր, նաեւ  պահանջ դներ, որ այդ 25 հազար դոլարը տարեկան կփոխանցեր այն դեպքում, եթե դա անեն հայերենով, բնականաբար, դա խոսում է նրա մասին, որ Աշոտյանը հետաքրքրված չէ այս պահին այդ ծրագիրը հայերեն իրականացնելով՝ ինչ-ինչ նկատառումներով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031