Լրահոս
Օրվա լրահոսը

Տիկնիկային թատրոնը արժանացել է «Aact world fest» փառատոնի գլխավոր մրցանակներին

Հուլիս 15,2014 17:56

«Մենք համարում ենք` փառատոններին մասնակցելը մեր աշխատանքային գործընթացն է»,- այսօր` հուլիսի 15-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Սակայն, նա կարեւորում է թատրոնի՝ վերջին 1 ամսվա ընթացքում մասնակցած 2 փառատոնները, քանի որ համարում է` կարճ ժամանակում մեծ հաջողություն են գրանցել:
Պարոն Բաբայանը նշեց` մայիս ամսին իրենք մասնակցել են Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Ռադուգա» միջազգային փառատոնին, որն, ի դեպ, տիկնիկային չէ: Թատրոնը ներկայացել է 2 ներկայացումով` «Ձին» եւ «Թռիչք քաղաքի վրա», արդյունքում` «Ռադուգա»-ի կազմակերպիչները հրավիրել են նրանց մասնակցելու հաջորդ տարվա փառատոնին` իրենց ցանկացած ներկայացումով.
«Խաղացինք 1 երեկոյի ընթացքում, ծանր էր, բայց անչափ հետաքրքիր, դերասանուհի Նարինե Գրիգորյանի խաղը պարզապես ապշեցրեց բոլորին, եւ փառատոնի նախագահը, պարզապես, ասաց, որ այս դերասանուհուն պետք է բեմադրել հին հունական ողբերգություններում»:

Որից հետո` հունիս ամսին, Տիկինիկային թատրոնը `«Թեւավորը» ներկայացումով մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգի Վենուս քաղաքում տեղի ունեցող «Aact world fest» փառատոնին: Ռուբեն Բաբայանը նշեց, որ ի տարբերություն «Ռադուգա» փառատոնի` «Aact world fest» փառատոնը մրցանակային էր եւ Տիկնիկային թատրոնը արժանացել է գլխավոր մրցանակներին` լավագույն ներկայացում, լավագույն ձայնային եւ լավագույն վիզուալ ձեւավորումներ: Մրցանակներից բացի, ինչպես նախորդ փառատոնում, այստեղ էլ թատրոնին հրավիրել են կրկին մասնակցել` իրենց ցանկացած ներկայացումով:

Դերասանուհի Զարուհի Անտոնյանը համարում է, որ չնայած կային մրցանակներ, այդ փառատոնը մեծ տոն էր բոլորի համար. այնպես էր կազմակերպված, որ մնացած մասնակիցների համար էլ տոնը շարունակվել էր.
«Ես շատ ուրախ եմ, որ կարողացանք այդքան լավ ներկայացումը խաղալ, որովհետեւ ժամը 10-ին էինք խաղալու: Կարծում եմ` դա մեզ շատ օգնեց, որովհետեւ երեկոյան ժամին մի տեսակ ուրիշ էներգետիկ դաշտ է բացվում դերասանի համար: Ինձ համար շատ անսպասելի էր հանդիսատեսի այդքան ջերմ ընդունումը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031