Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Թովմասյան. «Այս անգամ կուլակաթափություն չի լինելու, օլիգարխաթափություն է լինելու»

Հուլիս 17,2014 17:16

«Հայկական սոցիալիստական հեղափոխության ճակատ» անհատ քաղաքացիների նախաձեռնությունն իր հիմնական գործունեության եւ հետագա անելիքների մասին կհայտարարի մի քանի օր անց: Այսօր, Թեքեյան մշակութային կենտրոնում կայացած առաջին հավաքում, նախկին կոմունիստ Իշխան Թովմասյանն ընթերցելով ճակատի կոչը ՀՀ քաղաքացիներին, նախ ասաց, որ «այս ճակատը-շոուներից մոուներից հեռու պիտի մնա»:

Ապա անդրադարձավ «թալանի մոլուցքով տարված» ՀՀ իշխանություններին, որոնք, օտարներին վաճառեցին ու հանձնեցին ռազմավարական նշանակության բոլոր օբյեկտները, այս տարիների ընթացքում բոլոր ոլորտներում առաջացած քաոսային իրավիճակին, անհիմն թանկացումներին, գործազրկության աճին, ամոթալի սպառողական զամբյուղին, 4,5 միլիարդ արտաքին պարտքին, անվերահսկելի օլիգարխիային եւ այլն, բանախոսն ասաց, որ առնվազն հանցագործություն կլինի`շարունակել դիտորդի պես հետեւել այս իրավիճակին: Ճակատն անհատ քաղաքացիներին կոչ է անում համախմբվել եւ առաջ գնալ դեպի սոցիալիզմ. «Իսկ դրա համար անհրաժեշտ է վերցնել նախկին ԽՍՀՄ-ի եւ ներկայիս կապիտալիստական համակարգի լավագույն, ընդունելի, արդյունավետ ու իրատեսական ծրագրային դրույթները»:

ՀՍՀՃ-ն ենթադրում է ազգայնացման մասին օրենքի ընդունում, որը ռազմավարական նշանակության բոլոր օբյեկտները կվերադարձնի պետությանը: «Այս անգամ կուլակաթափություն չի լինելու, օլիգարխաթափություն է լինելու»,- ասաց Իշխան Խաչատրյանը: Նախատեսում են ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որը կքննի ՀՀ արտաքին պարտքի գործարքներն ու կնքված պայմանագրերը: Չեղյալ կհամարվեն այն բոլոր պայմանագրերը եւ գործարքները, որոնք հակաօրինական են: Արտաքին քաղաքականության ոլորտի մասին խոսելով բանախոսն ասաց, որ Հայաստանի տեղը Մաքսային միությունում է: Այդտեղ են նախաձեռնության անդամները տեսնում նաեւ ԼՂՀ հարցի հանգուցալուծումը: Թե ի՞նչ կերպ`չեն մանրամասնում: Չեն խոսում նաեւ այն պատճառների մասին, թե ինչո՞ւ է ձգձգվում ԵՏՄ-ի եւ ՄՄ-ի փաստաթղթերի ստորագրումը: Ադրբեջանին`ՌԴ-ի կողմից զենքի վաճառքի մասին խոսելիս մեղադրում են մեր «որոշ պաշտոնյաների», որոնք, «մեր հիմնական դարդ ու ցավը թողած, հենց տեսնում են, որ ժողովուրդը կարող ա միավորվի, սկսում են բաներ մոգոնել»: Իշխան Խաչատրյանը զարմանում է. «Բա ինչի՞ չեք խոսում այն զենքի մասին, որը Հայաստանին է նվիրում: Ռուսաստանը ուզում է զենք վաճառել ումից ի՞նչ ելնելով`իրա գործն է: Ես ռուսամետ եմ, բայց ռուսապաշտ չեմ: Ամեն ինչ պետք է լինի հավասարը հավասարի սկզբունքով»:
Ներքաղաքական խնդիրների լուծմանն անդրադառնալով, նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ իրենք կողմնակից են, որ ընտրություններն անցկացվեն միայն համամասնական ընտրակարգով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031