Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վշտի ծիծաղ կամ՝ ձեզ ստրուկ մի՛ դարձրեք

Օգոստոս 02,2014 14:15

Եվ Վռամշապուհ արքայի ու Սահակ Պարթեւի հրահանգով Մեսրոպ Մաշտոցն անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել Դանիել եպիսկոպոսի հետ, ապա եղել է Եդեսիայում, Ամիդում, այնտեղից ճանապարհվել Սամոսատ։ Հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգեւորականության՝ Եդեսիայի եպիսկոպոս Բաբիլասի, Ամիդի եպիսկոպոս Ակակիոսի հետ, այցելել է Եդեսիայի գրադարանը եւ 405 թ. ստեղծել հայոց գրերը։ Երբ վերադարձավ այնտեղից, նրան դիմավորելու դուրս եկած Վռամշապուհ արքան, բարձրաստիճան հոգեւորականներն ու ժողովուրդը վերջինիս դեմքին խոր հիասթափություն տեսան։ «Ժողովուրդ հայոց, ավա՛ղ, ես այդպես էլ չկարողացա գտնել այն, ինչ փնտրում էի,- հուզաթաթախ ձայնով բարբառեց Մաշտոցը,- ոչ հայկական հինգաստղանի կոնյակը, ոչ ղարաբաղյան թթի օղին չօգնեցին. նրանք համառորեն չցանկացան ինձ տալ բաղձալի լատինատառ հայերենը։ Որքան խնդրեցի, աղաչեցի՝ չօգնեց։ Ասացին՝ հակակոռուպցիոն պայքարը մենք վաղուց ենք հաղթանակով պսակել, կաշառք-մաշառք մեզ մոտ չեն անցնի։ Ու ահա, փոխարենը ժամանակավոր գործածության համար բերել եմ հայերեն գրեր… Բայց մի՛ հուսահատվեք, մի կերպ յոլա գնացեք դրանցով, մինչեւ լուսավոր ժամանակներ կգան…»: Եվ դժբախտ հայ ժողովուրդը դարեր շարունակ տքնեց այդ հայերեն գրերի վրա, հազարավոր էջ մագաղաթյա մատյաններ կազմեց, հետո սկսեց հարյուրավոր, հազարավոր գրքեր տպագրել այդ գրերով, թերթեր ու ամսագրեր հրատարակել, դպրոցականները կիլոմետրերով շպարգալկաներ գրեցին մեսրոպյան ժամանակավոր այդ գրերով, սիրահարները զգայացունց նամակներ հղեցին իրենց «սրտի հատորներին», մինչեւ 16 դար հետո, 20-րդ դարի վերջերին քարից հաց քամող բազմատաղանդ հայ ժողովուրդը գրեթե անվճար ձեռք բերեց երազած լատինատառ հայերեն գրերը… Հայ ժողովրդի դարավոր երազանքներից գոնե մեկը վերջապես իրականացավ… Կատակը՝ կատակ։ Սակայն օտարի տառերով «հայերեն» շիլաշփոթ գրություններ անելը, մեղմ ասած կամ կոպիտ ասած, նույնն է թե՝ շարունակ օգտվես օտարի ափսեից։ Ինքնասիրություն ու հատկապես ազգային արժանապատվություն պետք է ունենալ։ Մեր բոլոր դժբախտությունների ու ողբերգությունների մի ստվար մասը, ըստ իս, արդյունք է մայրենիից, արմատներից կտրվելուն։ Ամեն ինչ այնքա՛ն պարզ է։ Եթե հայը կամ հայկական ազգանուն կրողը կամ մարդ, ով գտնում է, որ իր երակներով հայի արյուն է հոսում, դարերով իրեն կտակված գրերի փոխարեն նախընտրում է օտարի գրերը, ապա մի գեղեցիկ օր էլ նա մայրենին կարող է փոխարինել մի այլ օտար լեզվով։ Այնուհետեւ ոչ պակաս գեղեցիկ մի օր նա քամահրանքով է վերաբերվելու բոլոր նրանց, ովքեր «հետամնաց» հայերենի կրողներ են։ Մայրենի գրերին ու լեզվին դավաճանած մարդուն ոչինչ չի խանգարում իր զավակին, իր թոռանն ուղարկել ռուսական կամ այլ օտարալեզու դպրոց։ Նրա սերունդն արդեն սկսում է մտածել ոչ հայերեն, եւ հայկականն աստիճանաբար դուրս է մղվում նրա օջախից, նրա ընտանիքից, նրա բնավորությունից, նրա հոգուց… Բայց սա ամենամեծ դժբախտությունը չէ։ Մարդ հրաժեշտ է տալիս իր ազգային արժանապատվությանը, ապա՝ ընդհանրապես իր արժանապատվությանը։ Իսկ եթե մարդ արժանապատվություն, ինքնասիրություն չունի, ապա նա սկսում է ենթարկվել իրենից ավելի ուժեղին, նա սկսում է իր համար տեր փնտրել, խնամակալ փնտրել, որովհետեւ նա արդեն ստրուկ դառնալու ճանապարհին է, եթե արդեն ստրուկ չէ։ Հետո նա ավելի մեծ տեր է փնտրում, որ պաշտպանի ոչ միայն իրեն, իր ընտանիքը, այլեւ իր բոլոր մերձավորներին ու ծանոթներին, ապա նաեւ բոլոր նրանց, ովքեր իր հետ նույն տարածքում են ապրում։ Ու հայտնվում են նոր տերեր՝ պյոտրառաջինների, ալեքսանդր-նիկոլայների կամ պուտինների տեսքով… Ձեզ ստրուկներ մի՛ դարձրեք, մարդի՛կ, դրանով դուք ստրկամտության եք դատապարտում նաեւ ձեր սերունդներին…

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
Արցախ

«Առավոտ» օրաթերթ
01.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031