Լրահոս
Օրվա լրահոսը

Զարդուշտ Ալիզադեն հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի մասին. «Երբ հուսահատությունը կհասնի գագաթնակետին, կհայտնվի խաղաղարար Ռուսաստանը»

Օգոստոս 07,2014 14:35

Օգոստոսի 2-ին Վրաստանի Թեքալի գյուղում հայ եւ ադրբեջանցի երիտասարդների մասնակցությամբ խաղաղասիրական ճառերի փառատոնի ժամանակ ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեին հարցրեցինք, թե որքանո՞վ է հավանական, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը կվերածվի լայնամասշտաբ պատերազմի: Ալիզադեն ասաց, որ քիչ տեղեկատվություն ունի, ինքը իշխող շրջանակներ մուտք չունի:

Նրա խոսքերով` Իլհամ Ալիեւին եւ Սերժ Սարգսյանին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմ պետք չէ, նրանք ամուր նստած են իրենց աթոռներին, այդ պաշտոններից օգուտներ են քաղում, իրենց հարազատներին, մերձավոր շրջանակներին ամեն ինչով ապահովում են, ժողովուրդը խոնարհ է, ոչինչ չի ցանկանում, խնդրում, աղաչում է, ծնկաչոք է: Քաղաքագետն ասաց, որ Ի. Ալիեւին եւ Ս. Սարգսյանին պատերազմ պետք չէ, որովհետեւ պատերազմը վտանգավոր է, այն ուժերի հավասարակշռությունը կարող է փոխել, ինչ-որ ելքի դեպքում կարող է հասարակության մեջ հզոր տեղաշարժեր առաջացնել եւ ի վերջո հանգեցնել իշխանության կորստի, ուստի Ալիեւին եւ Սարգսյանին ներկա վիճակը` ստատուս քվոն ձեռնտու է եւ հավելեց. «Հիմա լայն նայենք: Ո՞ւմ է պետք տեղեկատվական նոր առիթ, որպեսզի ինչ-որ բանից ուշադրություն շեղի: Դա Ռուսաստանն է:

Այժմ Ռուսաստանին բոլորը քննադատում, մեղադրում են երկու առիթով` մալազիական ինքնաթիռի եւ Դոնբասի ու Լուգանսկի անջատողականներին աջակցելու: Եվ Ռուսաստանին ոչ մի կերպ չի հաջողվում այդ տեղեկատվական պատերազմում հաղթել: Ուրեմն պետք է տեղեկատվական առիթ, որպեսզի ուշադրություն շեղի: Ի՞նչ կարող է անել: Նա կարող է այնպես անել, որ մոտակայքում բռնկվի նոր, հզոր պատերազմ` մեծ կորուստներով, եւ դա կարող է անել միայն Ղարաբաղում: Նա կարող է հրամայել իր արբանյակներին կամ նրանցից մեկին. եթե մեկը սկսի, մյուսը հարկադրված կլինի ներգրավվել այդ իրադարձության մեջ:

Եվ պատերազմ կլինի, մեծաթիվ զոհեր կլինեն, ավերածություններ, աշխարհի բոլոր լրատվական միջոցները, տեղեկատվական գործակալությունները, թերթերն այստեղ կուղարկեն իրենց թղթակիցներին, նրանք գիշեր-ցերեկ այդ ամենը կլուսաբանեն: Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ամերիկան եւ Ֆրանսիան կոչ կանեն դադարեցնել պատերազմը, սակայն` ապարդյուն: Պատերազմ է ընթանում, մարդիկ են զոհվում:

Եվ երբ հուսահատությունը կհասնի իր գագաթնակետին, իր ողջ փայլով կհայտնվի խաղաղարար Ռուսաստանը: Նա կասի` կանգ առեք, կասի`որպես խաղաղարար այստեղ պետք է հայտնվեն ռուսական խաղաղարար զորքերը, եւ դրանք պետք է բաժանեն հայկական եւ ադրբեջանական զորքերին: Եվ որպեսզի ռուսական զորքերը մտնեն, նախ պետք է ստանան հայկական եւ ադրբեջանական կողմերի համաձայնությունը: Իսկ ի՞նչ պայմաններով նրանք կհամաձայնվեն: Ինչպիսին էլ որ այդ պահին լինի իրավիճակը, պետք է վերականգնվի մինչեւ պատերազմական գործողությունների ստատուս-քվոն: Ադրբեջանը հարկադրված կլինի համաձայնվել եւ ստատուս-քվոն կվերականգնվի` հավելյալ ռուսական զորքերի ներկայությունը: Եվ հետո Ռուսաստանը կառաջարկի իր խաղաղարար փորձը կիրառել Դոնբասում»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մամիկոն Վարդանյան says:

    Երկրների համար ձեռնտու ու տրամաբանական կլիներ, եթե կողմերը մի կողմ դնեին ծայրահեղ պահանջներն ու սրված զգացմունքները եւ փորձեին հարցը լուծել ուղղակի պայմանավորվելու միջոցով՝ առանց միջնորդների: Դա շատ օգտակար կլիներ ժողովուրդների համար, սակայն մի շարք բռնակալների շահերին դա իսկապես չի համապատասխանում, նրանց դիրքերը շատ կթուլանա ազդեցիկ լծակը կորցնելուց: Այս տեսակետից մարդը միանգամայն ճիշտ է դատում: Իսկ եթե սա մենք ենք հասկանում մեր կարճ խելքով, ապա շահառուներն անշուշտ մեզնից շատ ավելի լավ են գիտակցում: Բայց այստեղից բխում է տրամաբանական ու հասարակ ենթադրություն – ինչու բացառել որ վերը գործում են որոշ կանոններ՝ երբ շատ կրակել, դիվերսիա անել, հելիկոպտեր խփեցնել եւ այլն (օրինակ՝ վիթխարի զինվարժությունն ու այդ անհասկանալի դեպքը կարծես “մեծ իշխանափոխության” տաք օրերին եղան?)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031