Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյանը խորհրդարանական ուժերին. «Իրենց արձակուրդից, պլյաժներից հնարավորություն չունեի՞ն ետ գալու»

Օգոստոս 08,2014 13:04

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանը վերլուծելով վերջին շրջանի իրադարձությունները` եկել է այն համոզման, որ առաջին փուլում Ադրբեջանը փորձեց աշխատել հոգեբանական ազդեցության վրա. «Հունիս-հուլիսին Ադրբեջանի կատարած քայլերը մկանների ցուցադրության, Հայաստանի եւ Արցախի բնակչությանը հոգեբանորեն ընկճելու փուլ էր, թե դիվերսիոն քայլերով, թե իր ձեռքբերած նոր սպառազինություններով: Դա նախերգանքն էր»:

Ապա, ըստ քաղաքագետի, Ադրբեջանը մտածում էր, որ հոգեբանական ընկճումից հետո, կհաջողի ճեղքել սահմանի որոշ հատվածներ:

Վերլուծելով սահմանային միջադեպերի քարտեզը, բանախոսն ասաց, որ իր դիտարկմամբ, Ադրբեջանը նպատակ ուներ Տավուշում գործողություններ հրահրելով, հիմնական հայկական զինուժը այդտեղ կենտրոնացնել, ու ինքը բուն գործողություններ կատարեր Արցախում: «Մեկ զինվորի, սպայի կորուստն անգամ չափազանց անգին է, բայց հայկական բանակին հաջողվեց ձախողել Ալիեւի արկածախնդրությունը: Ալիեւի թվիթերյան հիստերիան էլ դրա լավ ապացույցը: Հիմնական ստրատեգիան ձախողվել է եւ Բաքուն չգիտի` ի՞նչ անել այս պահին»,- ասաց բանախոսը:

Այն, ինչ անում է Ադրբեջանը, պատերազմների տեսության առումով, քաղաքագետը ուղիղ ստրատեգիա չի համարում. «Եթե Արցախի պարագայում ուղիղ ստրատեգիա է, ապա հայկական սահմանների պարագայում անուղղակի է, ինչը նման է տեռորիզմի ստրատեգիային, երբ խաղաղ բնակչին թիրախավորելով, փորձում են ազդել հակառակորդի քաղաքական կամքի վրա: Սրանից եզրակացություններ պետք է անենք ու հասկանանք, թե ինչ անել»:

Ինչեւէ, կատարվածը, նա համարում է Ադրբեջանի նախագահի համար նույնիսկ ստորացուցիչ. «Քանի տարի զինվել, ռազմական բյուջեն այդքան մեծացնել, հարձակվել ու տանուլ տալ`բոլորս ենք հասկանում, թե ինչ է Ալիեւի համար: Նա կամ պետք է խոստովանի, որ 17 անգամ համամասնությունը պետք է մեծացնի, կամ վիրավոր առյուծի նման պիտի նոր արկածախնդրությունների գնալ»: Բայց, Սոչիից հետո, ըստ նրա, նոր արկածախնդրության գնալուց առաջ Ալիեւը մի փոքր թայմ-աութ կվերցնի:

«Քարվաճառի դիվերսանտները պրոֆեսիոնալ դիվերսանտներ են եւ նրանցից ոմանք քանի-քանի անգամ եղել են դիվերսիայի, լուրջ ռազմական կրթություն ունեն ու մեր քարոզչությունը ուղղակի հաստատեց ադրբեջանական վարկածը, որ նրանք խորոված անողներ էին: Մենք դասեր պիտի քաղենք այս ամենից: Սահմանամերձ գյուղերում զգոնությունը պիտի բարձրացվի, Ադրբեջանը նոր դիվերսիաների է գնալու ոչ միայն մեր արածին համարժեք լինելու համար, այլ որպեսզի պատանդների սակարկության առիթ ունենան»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

Նրան, ի դեպ, զարմացրել է նաեւ հայկական քաղաքական խավի կեցվածքը. «Տասն օրից ավելի ԱԺ-ում ոչ մի քննարկում. իրենց արձակուրդից, պլյաժներից հնարավորություն չունեի՞ն ետ գալու, որեւէ մեկի նամակ ուղարկե՞լ են: Տասն օր հետո խմբակցություններով մի հայտարարություն տարածեն`վախենալով նշել Ադրբեջանին զինող երկրի անունը… ԱԳՆ-ի լռությունը: Չեմ ասում`բանակից առաջ ընկնեին, բայց քայլեր կան, որ պիտի արվեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031