Լրահոս
Օրվա լրահոսը

Իսլամացած հայերը մկրտվեցին Էջմիածնում

Օգոստոս 08,2014 17:36

Այս օրերին Հայաստանում են 48 տիգրանակերտցի (Դիարբեքիր) հայեր: Երկու մահմեդական հայ`Ռահիմե Քարաքաշը և Սամի Չելիքն էլ մկրտվելու ցանկություն էին հայտնել: Մկրտության արարողությունը Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարել է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը (լուսանկարում):

Bagrat episkopos

Aravot.am-ի հետ զրույցում Բագրատ սրբազանը պատմեց, որ նրանց ուխտագնացությունը կազմակերպել էր Րաֆֆի Պետրոսյանը՝ Տորոնտոյից, որը մի քանի տարի է զբաղվում է Դիարբեքիրով. «Ինքը իր ընկերների միջոցով նախաձեռնել է Տիգրանակերտի սուրբ Կիրակոս եկեղեցու վերակառուցումը, վերակառուցումից հետո կյանքն այնտեղ ավելի աշխուժացել է:

Այժմ էլ եկեղեցում հայերենի դասընթացների ծրագիր է կազմակերպվում, ուսուցիչը գալիս է Պոլսից եւ հայերեն սովորեցնում տեղի հայերին: Այդ խումբը, որ եկել է Հայաստան, հայերենի ավարտական դասարանի մասնակիցներից էր բաղկացած: Նրանք ավարտել են եւ, որպես արդյունք, եկել են Հայաստան: Նրանց մեջ կան ե՛ւ իսլամացած հայեր, ե՛ւ հայեր, որոնք արդեն մկրտվել են սուրբ Կիրակոսում»:

Ինչ վերաբերում է Սուրբ Էջմիածնում մկրտվածներին, որոնք անվանակոչվել են Անժել եւ Ստեփան՝ ի հիշատակ իրենց մեծ տատի ու մեծ պապի, Բագրատ սրբազանը պատմեց, որ մկրտվելուց մեկ օր առաջ նրանք հայտնել են իրենց ցանկության մասին ու ասել, որ մկրտվելն իրենց համար իսկապես գիտակցված քայլ էր ու վերադարձ ինքնությանը, նաեւ արդարության վերականգնում՝ նախնիների հանդեպ:

Սրբազանից պարզեցինք, որ Անժելն ու Ստեփանը գիտեն հայերեն տառերը, որոշ չափով հասկանում են մայրենի լեզուն, բայց չեն կարողանում խոսել հայերեն: Մկրտության ժամանակ նրանք խնդրել են, որ Րաֆֆի Պետրոսյանը թարգմանի հնչած աղոթքները ու խորհրդի հետ կապված ամեն ինչ: Իսկ Բագրատ սրբազանի ցանկությամբ՝ նրանք հավատք, հույս, սեր եւ մկրտություն բառերը հայերեն են կրկնել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ ըստ hayernaysor.am-ի եւ Բագրատ սրբազանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Հիանալի է: Աստուած զօրացնի նրանց հաւատքը,,

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031