Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպայկան» բեռներով Լարսից հետ է եկել

Օգոստոս 25,2014 13:16

Բեռնափոխադրող «Սպայկա» ընկերության 5 մեքենաները, որոնք այս օրերին հայկական արտադրանքով բեռնված մթերք էին տեղափոխում Ռուսաստան, Վրաստանի Լարսի անցակետից վերադարձել են, որպեսզի բեռները պահեստավորեն սառնարաններում մինչեւ ճանապարհի բացվելը:

Aravot.am-ի հետ զրույցում «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանն ասաց, որ մթերած պտուղ-բանջարեղենը սառնարաններում կդիմանա 3 շաբաթ: «Սպայկան» հույս ունի, որ խոստացված ժամկետներում ճանապարհը կբացվի, հակառակ դեպքում ստիպված կլինեն ապրանքը սպառել ներքին շուկայում, իսկ այն արտահանողները, որոնք սառնարաններ չունեն` մեծ վնասներ կկրեն:

Մեր այն հարցին, թե իսկապե՞ս արտահանման ծավալներն ավելացել են՝ ինչպես որ տնտեսագետները, հասարակական-քաղաքական գործիչներն էին կանխատեսում` Ռուսաստանի` եվրոպական մի շարք ապրանքների մուտքի արգելքով պայմանավորված, Կարեն Բաղդասարյանն ասաց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատված հետ համեմատությամբ պահանջարկն ավելացել է, սակայն, թե որքանով` պարզ կլինի սեզոնի ավարտից հետո: Չնայած ճանապարհի փակ լինելուն, բեռնափոխադրող այս ընկերությունը մթերումները դեռ շարունակում է: Տրանսպորտի եւ կապի նախարարության տվյալներով, այսօրվա դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեռ շարունակում է երկկողմանի փակ մնալ` բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Aravot.am-ի հետ զրույցում այս նախարարությունից հայտնեցին, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից, ճանապարհը բացվելու նոր ժամկետներ չեն նշել, եւ ուժի մեջ է վրացական կողմի խոստացած 10-14 օր ժամկետը:

Լարսի ճանապարհի սողանքի հետեւանքով դադարեցվել էր նաեւ Հայաստան եկող գազի մատակարարումը, որը սակայն օգոստոսի 23-ին վերականգնվեց:

Լարսը փակվել էր օգոստոսի 20-ին ժամը 10:40-ի սահմաններում` չհասած Վրաստանի սահմանային անցակետ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031