Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ աչքով, ծայրահեղ վատ տեսողությամբ դատապարտյալին պահում են անազատության մեջ

Սեպտեմբեր 09,2014 13:32

«Գագիկ Մաթևոսյանի մեկ աչքը բացակայում է, իսկ մյուս աչքի տեսողության սրությունը բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ 0.05-ը չի գերազանցում, նա ստացել է հաշմանդամության երկրորդ կարգ: Նա մասնակցել է Ղարաբաղյան ինքնապաշտպանությանը: Բայց նա շարունակում է պատիժը կրել: Ուստի այստեղ խոշտանգումների խնդիր է առաջ գալիս»,-այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Գագիկ Մաթևոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Գագիկ Մաթևոսյանը «Մուսկուլ Գագոյի» խմբի գործով՝ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կատարված մահափորձի առթիվ հարուցված քրեական գործով դատապարտյալ է:

Գագիկ Մաթևոսյանի ներկայացուցիչը նշեց. «ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը, մասնավորապես 112-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, որպես պատժից ազատելու հիմք, նախատեսում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունը:
Եթե այդ հիվանդությունը ազատման հիմք չի դառնում, ապա գործ ունենք խոշտանգման հետ»:

Արթուր Գրիգորյանը նշեց, որ բազմիցս դիմել են ՀՀ արդարադատության նախարարություն, քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին, սակայն այդպես էլ հարցին լուծում չի տրվել, բայց նաև հերքում էլ չեն ստացել, որ Գագիկ Մաթևոսյանի հիվանդությունը ցանկին չի պատկանում:

Փաստաբանը հեգնեց. «Գուցե ժամանակն է, որ ՀՀ-ում վերականգնենք մահապատիժը, եթե իշխանությունների նպատակը պիտի լինի, որ անձին հասցնեն այն ծայրահեղ աստիճանի, որ մահանա»: Իր այն դիմումներին, թե Գագիկ Մաթևոսյանը օրինական կարող է ազատ արձակվել, արդարադատության համակարգի պատասխանատուներից ստացել է այն պատասխանը, թե դա նախադեպ կլինի: Այս առիթով փաստաբանը նշեց. «Քրեակատարողական հիմնարկը դարձել է այն տեղը, որտեղ մարդուն բերում են և հետ չեն տանում: Վերջերս ունեցանք դեպք, երբ դատապարտյալը մահացավ, որերորդ աստիճանի սրտի սուր անբավարարությամբ պահում էին անազատության մեջ: Իրենց տված բուժումն էլ ավելի ֆորմալ բնույթ է կրում»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Գագիկ Մաթևոսյանի նկատմամբ նման վերաբերմունքի հետևում քաղաքական դրդապատճառ տեսնո՞ւմ է, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Մահափորձի վերաբերյալ գործը, որ ես սկսեցի ներկայացնել, մենք համոզված էինք և հիմա էլ ենք համոզված, որ այդ գործը շինծու է եղել: Թե՞ դրդապատճառները քաղաքական բնույթի են եղել, թե՞ կոնկրետ անձանց մեկուսացման անհրաժեշտություն կար՝ չունենալով հստակ ապացույցներ միայն հայտարարելու համար չէի ցանկանա դա անել»:
Նշենք, որ Գագիկ Մաթևոսյանը պդատապարտված է 14 տարի ազատազրկման, հինգ տարուց ավելի է՝ գտնվում է անազատության մեջ: Նրա փաստաբանը նշեց, թե դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ավելին՝ հասնելու են նրան, որ գործը քննվի արագացված կարգով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930