Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերը պատմելու շատ բաներ ունեն». Քրիստիան Պապկե

Սեպտեմբեր 09,2014 18:46

Հայ գրողները մինչև 2015 թ. մարտի 1-ը հնարավորություն ունեն իրենց մասնակցության հայտերը ներկայացնելու «Խոսելով սահմանների մասին» խորագրով թատերախաղի միջազգային մրցույթին:

Մրցույթը Նյուրնբերգի պետական թատրոնի (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) թատերական-գրական նախագիծն է, որն արևելաեվրոպական երկրների հեղինակներին հրավիրում է բանավիճելու «Կյանքի հանդեպ վերաբերմունքը քաղաքական փոփոխությունների ժամանակաշրջանում» թեմայի շուրջ:

Այն կազմակերպում է Նյուրնբերգի պետական թատրոնը՝ համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի և ծրագրի նախաձեռնող Քրիստիան Պապկեի հետ:

Վերջինս, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդհանուր գծերով ներկայացնելով մրցույթը, ասաց, որ 2005 թվականից մեկնարկած նախագծի ստեղծման հիմքում ընկած է Արևելյան Եվրոպայի և գերմանախոս երկրներում ապրող ժողովուրդների միջև փոխճանաչման և հաղորդակցվելու զարգացման գաղափարը՝ շեշտը դնելով մշակութային ժամանակակից ձեռքբերումների վրա. «Նախագիծը մտքերի փոխանակման, երկխոսության ու գաղափարների խաչման հրավեր է, որն այս տարի ուղղված է բոլոր հայ գրողներին,- ասում է Ք. Պապկեն:- Ես քիչ եմ եղել Հայաստանում, բայց այնպիսի տպավորություն ունեմ, որ դուք՝ հայերդ, պատմելու շատ բաներ ունենք: Մտածեք ձեզ համար կարևոր, էական նշանակություն ունեցող մի պատմություն գրելու մասին, որը կունենա նաև գլոբալ նշանակություն»:

Ծանոթացնելով մրցույթի կանոններին՝ Ք. Պապկեն նշեց, որ ներկայացվող թատերախաղը պետք է համահունչ լինի մրցույթի թեմային, գրված լինի առավելագույնը հինգ դերասանի համար, ունենա առնվազն 70 րոպե տևողություն և չավարտվի մեկ գործողությամբ: Թատերախաղի բնօրինակը ներկայացվում է հայերենով, որի հետ պետք է լինի նաև գործի թարգմանությունը՝ անգլերեն կամ գերմաներեն: Հեղինակներից յուրաքանչյուրը կարող է ներկայացնել միայն մեկ թատերախաղ, որը չպետք է նախկինում բեմադրված կամ հրատարակված լինի:

Առաջին տեղը զբաղեցրած թատերախաղի համար կազմակերպիչների կողմից սահմանվում է 3500 եվրո պարգևավճար, իսկ ՀՀ մշակույթի նախարարությունը երկրորդ տեղը գրաված թատերախաղի համար սահմանել է 1500 եվրո, երրորդ տեղի համար՝ 1000 եվրո պարգևավճար:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն այս մրցույթը կարևորում է հատկապես երկու առումներով. «Սա առաջին հերթին մեծ հնարավորություն է մեր ստեղծագործողների համար դուրս գալու միջազգային ասպարեզ,- ասում է նա,- քանի որ մրցույթին ներկայացված բոլոր հայտերն ուսումնասիրվելու են միջազգային ժյուրիի կողմից, իսկ մրցույթում հաղթած ստեղծագործությունը բեմադրվելու է Նյուրնբերգի պետական թատրոնում: Բացի այդ, սա շատ լավ հնարավորություն է բացահայտելու շնորհալի մարդկանց, և ես չեմ բացառում, որ կունենանք անուններ, որոնք մեզ անծանոթ էին մինչև այդ մրցույթը»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930