Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլհարմոնիկի հայաստանյան համերգաշրջանն սկսվում է

Սեպտեմբեր 11,2014 20:16

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն իր՝ 2014-2015 թթ. համերգաշրջանն սկսեց Իտալիայում կայացած հյուրախաղերով: Աշխարհի տարբեր ծայրերից դասական երաժշտության կենտրոն Իտալիայում հավաքված բազմահազար երաժշտասերներին ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ իր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, ներկայացրեց մեծանուն կոմպոզիտորներ Ա. Խաչատրյանի, Մուսորգսկու, Ռիմսկի-Կորսակովի և Չայկովսկու ստեղծագործություններից:

Իսկ ահա հայրենիքում ֆիլհարմոնիկն իր համերգաշրջանը կազդարարի Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի 8-րդ մեկնարկով:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պարոն Թոփչյանը, սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 24-ն ընթացող ամենամյա փառատոնային ծրագիրը կներառի վեց սիմֆոնիկ և մեկ կամերային համերգ, Մեծ Բրիտանիան ներկայացնող երկու մեծահամբավ երաժիշտների՝ դաշնակահար Էշլի Վոսի և ջութակահար Բորիս Բրովցինի, ինչպես նաև թավջութակահար Վահրամ Սարաջյանի մենահամերգները:

Փառատոնին կմասնակցեն ասպարեզի հայտնի ու մեծ վաստակ ունեցող երաժիշտներ Հայաստանից և արտասահմանից: Հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրելու դաշնակահարներ Կիրիլ Գերշտեյնի, Արմինե Գրիգորյանի, Ալեքսանդր Մելնիկովի, ջութակահարներ Սերգեյ Կրիլովի, Անուշ Նիկողոսյանի, ֆլեյտահար Մասիմո Մերչելլի, կիթառահար Ֆաբիո Զանոնի և այլոց կատարումները:

Փառատոնի հանդիսավոր բացման համերգին ելույթ կունենա միջազգային ճանաչում ունեցող դաշնակահար Կիրիլ Գերշտեյնը, որը կկատարի Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը:

Կիրիլ Գերշտեյնն արդեն երկրորդ անգամ է համատեղ հանդես գալու ֆիլհարմոնիկի հետ և ասում է, որ նվագախումբը շատ հարազատ է իրեն. «Եթե երաժիշտը վերադառնում է մի երկիր, որտեղ նախկինում էլի ելույթ է ունեցել, նշանակում է՝ ում հետ համագործակցել է, ստեղծագործական ընդհանուր եզրեր է գտել, հետևաբար՝ հոգեհարազատ է դարձել իրեն: Կարծում եմ՝ ֆիլհարմոնիկի հետ ընկերության, համագործակցության նորանոր հեռանկարներ կբացվեն»,- ասում է Գերշտեյնը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Համաձայն Մտավոր սեփականության մասին օրենքի՝ երաժշտությունը կոմպոզիտորի ստեղծագործությունն է, իսկ կատարողական արվեստը՝ հարակից ճյուղը, (այսինքն՝ ենթակա ճյուղը): Այդ լավ է, որ հանրաճանաչ կատարողներ են մասնակցելու փառատոնին, իսկ ծրագրում ի՞նչ է հնչելու… Նշեք փառատոնի ծրագիրը և փառատոնի ծթագթում ինչ տեղ է զբաղեցնում հայ երաժշտությունը: Հիշեցնեմ՝ որ մեր պետական մշակութային քաղաքականությունն է՝ ,,Ազգային մշակույթի պահպանումը, զարգացումը, տարածումը,, հանուն որի, կառավարության կողմից, հիմնադրված են պետական երաժշտական կոլեկտիվները… Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

  2. Վերևում՝ փառատոնի ,,ծթագթում,,-ը կարդալ՝ ծրագրում / սխալը՝ համակարգիչինն է /

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930