Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորգյան. «Հիմա ուրիշների համար հայաստանցի բռնցքամարտիկի դեմ ընկնելը խնդիր է»

Սեպտեմբեր 25,2014 13:00

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանով այս տարի մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ նախատեսված չեն, սակայն մեր բռնցքամարտիկները երիտասարդների տարիքային խմբում նվաճեցին աշխարհի մեկական ոսկի եւ բրոնզ, Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերում` մեկ երրորդ մրցանակ: Ազգային հավաքականն էլ, մասնակցելով միջազգային ներկայացուցչական մրցաշարերի, առանց մեդալների հարուստ հավաքածուի տուն չի վերադարձել: Մեդալների այսքան հարուստ հավաքածու մեկ մրցաշրջանում վաղուց չէինք ունեցել:
Այդուհանդերձ, մարզասերների սպասելիքները, կարծես, մեկ անգամ այնքան էլ չարդարացան, երբ աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը պատանեկան օլիմպիական խաղերում մրցանակային տեղ չզբաղեցրեց: Տարին դեռ չի ավարտվել, բայց փորձեցինք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի օգնությամբ նախնական ամփոփել կաշվե ձեռնոցի մեր վարպետների մրցելույթները մրցաշրջան 2014-ում: Առաջին հարցը վերաբերում էր Պատանեկան օլիմպիական խաղերում Անուշ Գրիգորյանի մասնակցությանը:

– Պարոն Գեւորգյան: Անուշը, փաստորեն, Նանկինում չարդարացրեց սպասելիքները:

– Չարդարացնելով Անուշիկին` չմոռանանք, որ աշխարհի չեմպիոն աղջնակն ընդամենը 17 տարեկան է եւ չէր կարողացել ամբողջությամբ մարսել, թե որտեղ է հայտնվել եւ ինչպես: Դա շատ կարեւոր մարզական հոգեբանական խնդիր է, որը նա չհաղթահարեց: Մի պահ կտրվեց իրականությունից, որն արտահայտվեց Նանկինում: Շատ ավելի դժվար է չեմպիոն մնալը, քան դառնալը: Որովհետեւ բոլորը չեմպիոնին ճանաչում են եւ պատրաստվում նրա դեմ: Հիմա չեմ ուզում խոսել պատճառների մասին, որովհետեւ մենք հայ ենք ու միշտ արդարանալու պատճառներ գտնում ենք: Ես մեր ֆեդերացիայում կտրականապես արգելել եմ բոլոր տեսակի արդարացումները. հաղթեց` չտվեցին, մրցավարներն անարդար էին եւ այլն: Ավելի լավ է պարտություններից դասեր քաղենք, շտկենք մեր ամենօրյա աշխատանքում եղած սխալները, որպեսզի հետագայում հաղթանակներ ունենանք: Ասեմ միայն, որ Նանկին կարողացանք մեկ մարզիչ ուղարկել, որն Անուշիկի հետ աշխատելու փորձ չուներ: Սակայն, միեւնույն է, հիմնական մեղքը մարզիկինն է. երկուսն էլ (նաեւ Նարեկ Մանասյանը.- Ա. Հ.) ֆիզիկապես եւ տեխնիկապես լավ պատրաստված էին: Մարզիչը կամ ֆեդերացիայի նախագահը չի կարող բռնցքամարտիկի փոխարեն ռինգ մտնել: Նրանք արդեն պրոֆեսիոնալ են եւ պետք է կարողանան հաղթանակի դեպքում չկտրվել իրականությունից, չմեծամտանալ, լինել հավասարակշռված, որպեսզի հետագայում պարտություններ չունենան: Ես զրուցել եմ Անուշի հետ` հասկացել ենք, գիտենք մեր անելիքները: Եվ, կարծում եմ, Անուշիկը մեզ հաղթանակներով դեռ կուրախացնի:

Իսկ ինչ վերաբերում է Նարեկ Մանասյանին, նա ուղղակի փայլեց: Աշխարհի առաջնության բրոնզը նրան ստիպեց ավելի լավ աշխատել: Նրա մեջ չեմպիոն դառնալու ձգտում կա: Իր կարգապահությամբ, ռինգում պահվածքով Նարեկն ապացուցում է, որ իսկական մարտիկ է եւ սպորտում երկար ճանապարհ ունի անցնելու: Նարեկը օլիմպիական վարկանիշ նվաճելու մեր հիմնական թեկնածուներից է:

Պատանեկան եւ մեծահասակների բռնցքամարտը տարբեր բաներ են: Եվ մենք պետք է կարողանանք մեր երիտասարդ ու շնորհալի բռնցքամարտիկներին ճիշտ մտցնել այդ խաղի մեջ, ինչը, կարծում եմ, մեր պրոֆեսիոնալ մարզիչներին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ կհաջողվի: Դավիթ Թորոսյանը շատ ավելի համարձակ մոտեցումներ ունի, քան նրա նախորդները: Ու հատկապես երիտասարդները դա զգում են` մեծերի հետ մարզումներում ու մրցակցային գոտեմարտերում զգալով, որ իրենք ոչնչով նրանցից պակաս չեն: Կանցնի մի որոշ ժամանակ, այսօրվա երիտասարդները ռինգում ավելի գիտակից կլինեն ու ավելի լուրջ հաջողություններն էլ երկար սպասել չեն տա:

Աշխարհի բոլոր ժամանակների լավագույն բռնցքամարտիկ ճանաչված Ֆլոյդ Մեդվեյզերը, որ արդեն պատկառելի տարիք ունի, շարունակում է անպարտելի մնալ: Նա ամեն մենամարտից առաջ մրցակիցներին ասում է. «Դուք ավելի երիտասարդ եք, ուժեղ եւ արագ: Բայց ես կհաղթեմ: Որովհետեւ ես ռինգում ավելի խելացի եմ»: Ես ուզում եմ ամեն բան անել, որպեսզի այդ գիտակցությունը մեր երիտասարդների մեջ հնարավորին չափ արագ արմատավորվի, պրոֆեսիոնալիզմը շուտ արթնանա:

– Մեդվեյզերը հսկայական գումարներ է վաստակում ու դա պայքարել-հաղթելու շատ հիմնավոր խթան է: Իսկ մե՞զ մոտ…

– Ես ուսումնասիրել եմ տարբեր երկրների պրակտիկան եւ եկել եզրակացության, որ պետության եւ ֆեդերացիաների շատ ուշադրությունը երբեմն խանգարում է: Մենք մեր մարզիկներին սովորեցնում ենք, որ նա միշտ ակնկալիք ունենա: Նրանց թվում է, թե իրենց պարտք են: Դա այդպես չի, իրենք իրենց համար են անում: Փառք Աստծո, այսօր մեր մարզիկները բողոքելու իրավունք չունեն: Հայաստանի Հանրապետությունում շատ մեծ ուշադրություն է հատկացվում մարզիկներին` թե պետությունից, թե օլիմպիական կոմիտեից, թե ֆեդերացիաներից եւ թե առանձին անհատներից: Եղած հնարավորությունների առավելագույն չափով այս բոլորը հոգում են հավաքականների մարզիկների հոգսերը: Այսպիսի մոտեցում շատ երկրներում կերազեն: Այո, հաղթանակը երկրի պատիվն է, հեղինակությունը, երբ քո երկրի պետական դրոշն է բարձրանում, օրհներգը հնչում: Բայց մարզիկը պետք է գիտակցի, որ այս ամենից հետո արդեն ինքը պետք է վաստակի: Տեսեք, ԱՄՆ-ում օլիմպիական խաղերի հաղթողին տալիս են $10 հազար: Եվ մարզիկը հետագայում իր փողը ծանր քրտինքով վաստակում է արդեն որպես պրոֆեսիոնալ` նաեւ ռինգում: Այնտեղ գիտակցում են, որ սիրողական սպորտը ամեն ինչի սկիզբն է միայն: Սա արդեն պրոֆեսիոնալ մոտեցումն է:

– Ձեր ղեկավարած ֆեդերացիայում այդ հարցն ինչպե՞ս է կարգավորվում:

– Հավաքականների անդամները, անկախ տիտղոսներից, որոշակի հավասարաչափ աշխատավարձ են ստանում իրենց առօրյա հոգսերը հոգալու համար, որպեսզի չմնան ծնողների հույսին: Ի վերջո, արդեն հասուն մարդիկ են: Բայց գիտեն նաեւ, որ ամեն մի հաղթանակի համար եւս մեկ աշխատավարձ հավելավճար են ստանալու: Յուրաքանչյուր հաղթանակի համար, այլ ոչ թե ամբողջ մրցաշարում հաղթելու: Ու արդեն ավելի պատասխանատվությամբ են մոտենում իրենց գործին եւ մատների արանքով չեն նայում: Յուրաքանչյուր մրցաշարում բռնցքամարտիկը մոտ հինգ մենամարտ է անցկացնում: Խնդրեմ, հաղթիր եւ հինգ անգամ ավելի ստացիր: Ու այսպես` ամբողջ տարվա կտրվածքով: Սա նաեւ բերում է նրան, որ մշտապես պարտվողը դուրս կմնա հավաքականից: Մենք նրա հետ երկար ճանապարհ չենք անցնի: Այս մոտեցումը նաեւ մաղի դեր է կատարում: Ովքեր չեն ուզում, կամ ի վիճակի չեն առաջընթաց ունենալ, ավելի լավ է հնարավորին չափ շուտ իրենց համար ավելի հարմար գործ գտնեն ու նրա փոխարեն պրոֆեսիոնալ մարզիչը մեկ ուրիշի, հեռանկարայինի ու արժանավորի ձեռքից բռնի ու բերի բռնցքամարտ:

– Ձեր առաջարկած տարբերակը Հայաստանի պայմաններում աշխատո՞ղ է:

– Միանշանակ: Եթե բոլորովին վերջերս մեր բռնցքամարտիկները մի տեսակ անլիարժեքության զգացողություն ունեին, հատկապես, ռուսների հետ կապված, որոնք աշխարհի լավագույն դպրոցներից ու հավաքականներից մեկն ունեն, հիմա հակառակն է: Ինչպես ասում են, բոլորին «ճմռթելով գնում են»: Այս կարճ ժամանակում, ինչ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն եմ, կարողացա հասնել այն բանին, որ Հայաստանի բռնցքամարտիկները պրոբլեմ դառնան ցանկացած երկրի համար, որ մյուսները զգան` վիճակահանությամբ հայ բռնցքամարտիկի դեմ ընկնելն իրենց համար խնդիր է: Ուժեղ չէ այն բռնցքամարտիկը, ով շատ մենամարտ է հաղթել: Ուժեղ է նա, թե ում է հաղթել: Այսօր մերոնք հաղթում են աշխարհի չեմպիոնների ու մրցանակակիրների: Բռնցքամարտի աշխարհում էլ սկսել են այս իրողությունը հասկանալ: Արդեն այնքան ենք ուժեղ, որ այլ ճանապարհներով են մեզանից փորձում հաղթանակներ կորզել: Դա նորմալ է, լավ է:

– Այսինքն, բավարարվա՞ծ եք ձեր ու ֆեդերացիայի աշխատանքով:

– Մենք մեր պլանների դեռ 30 տոկոսն ենք կատարել: Վստահ եմ, որ մեր այսօրվա բռնցքամարտիկները հաջորդ տարի ավելի հաջող են հանդես գալու:

– 2015 թվականը օլիմպիական վարկանիշների խաղարկման տարի է: Ուղեգրերի համար պայքարելո՞ւ ենք: Եթե այո, քանի՞ ուղեգիրը ձեզ կգոհացնի:

– Չորս ուղեգիրը կհամարվի լավ: Ես այսօր այդքան մարզիկի եմ տեսնում, որոնք այդ ներուժը ունեն:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930