Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Գինեսի գրքում չի գրանցվում

Սեպտեմբեր 29,2014 12:30

Կոմիտասի անվան լեգենդար կվարտետը

«Կոմիտասի անունը կրել՝ նշանակում է, եթե ոչ նրա օրինակով գյուղից գյուղ, գավառից գավառ շրջել՝ հայ երգը գտնելու, մշակելու համար, ապա գոնե գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, երկրից երկիր շրջել՝ հայ եւ համաշխարհային երաժշտության նվաճումները բարձրարվեստ մատուցելու համար բոլորին եւ ամենից առաջ՝ սեփական ժողովրդին»: «Առավոտի» հետ զրույցում այսպես սկսեց խոսքը սեպտեմբերի 26-ին՝ Վարդապետի ծննդյան օրը, Չարենցի անվան արվեստի եւ գրականության թանգարանում կայացած Կոմիտասի անվան կվարտետի համերգից հետո՝ կոլեկտիվի գեղարվեստական ղեկավար, առաջին ջութակ Էդուարդ Թադեւոսյանը (լուսանկարում): Նա հայտնեց, որ մինչ համերգը՝ Կոմիտասի ծննդյան 145-ամյակի առիթով իրենք ՀՀ մշակույթի նախարարի, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի, Էդուարդ Թոփիկյանի, նրա ղեկավարած պետական կամերային երգչախմբի արտիստների, մշակույթի այլ գործիչների եւ երաժշտասեր հասարակայնության հետ այցելել են Պանթեոն, ծաղկեպսակ դրել ու հարգել հայ երաժշտության նահապետի հիշատակը:

Տարին հոբելյանական է նաեւ կվարտետի համար: Պարոն Թադեւոսյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 29-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա ֆիլմի պրեմիերա՝ նվիրված կվարտետի հիմնադրման 90-ամյակին (սցենարի հեղինակ՝ Էմանվել Մանուկյան, ռեժիսոր՝ Արսեն Գասպարյան), այնուհետեւ կմեկնեն երկարատեւ շրջագայության Դանիա, Նորվեգիա, Ռուսաստանի տարբեր քաղաքներ, ապա Ճապոնիա: Նոյեմբերին էլ կկայանա կվարտետի հիմնադրման 90-ամյակի առիթով թողարկված 3CD-ից բաղկացած ալբոմի շնորհանդեսը, որտեղ ընդգրկված են հիմնադրման օրվանից մինչ օրս ձայնագրություններ կվարտետի տարբեր կազմերով:

Կոմիտասի անվան կվարտետն այսօր հանդես է գալիս հետեւյալ կազմով՝ առաջին ջութակ՝ Էդուարդ Թադեւոսյան, 2-րդ ջութակ՝ Սյուզի Երիցյան, ալտ՝ Ալեքսանդր Կոսեմյան, թավջութակ՝ Հասմիկ Վարդանյան: 90 տարիների ընթացքում կվարտետում հանդես են եկել անվանի այլ երաժիշտներ եւս: Իսկ կվարտետը հիմնադրվել է 1924թ.՝ Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լեւոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) եւ Սերգեյ Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ: Գոյության 9 տասնամյակների ընթացքում կոլեկտիվը հանդես է եկել աշխարհի հեղինակավոր բեմերում եւ բոլոր ժամանակներում երաժիշտներից յուրաքանչյուրի կատարողականությունը աչքի է ընկել անհատականությամբ ու ինքնատիպությամբ, միեւնույն ժամանակ՝ երաժիշտները լրացրել են միմյանց՝ կազմելով օրգանական ամբողջություն: Կամ, ինչպես հաճախ հնչում է կվարտետի հասցեին՝ կոմիտասցիների ելույթների ժամանակ անհատականը դառնում է կոլեկտիվ, կոլեկտիվը՝ անհատական:

Ինչ վերաբերում է Էդուարդ Թադեւոսյանին, նա կվարտետում է արդեն 45 տարի: Այդ առումով ռեկորդը պատկանում է հիմնադիրներից առաջին ջութակ Ավետ Գաբրիելյանին՝ 52 տարի:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ դեռեւս Մոսկվայի կոնսերվատորիայում՝ աշխարհահռչակ Լեոնիդ Կոգանի դասարանում ուսանելիս, միջազգային մրցույթների դափնեկրին, որ հաճախ էր ելույթ ունենում սոլո կատարումներով, երբեւէ չի՞ ձգել մենակատարի կարիերան: Էդուարդ Թադեւոսյանն ասաց. «Երբ կվարտետում երկրորդ ջութակահար էի, հանդես էի գալիս առանձին կատարումներով: Ավետ Գաբրիելյանն էլ ասում էր՝ ինչքան կարող ես իբրեւ մենակատար էլ հաճախ դուրս արի բեմ, այ, երբ կստանձնես առաջին ջութակի դերը, այլեւս ժամանակ չես ունենա…»:

1976 թվականից Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորը մի քանի տասնյակ բարձրակարգ ջութակահարներ է կրթել: Հարցրինք՝ ափսոսանք չի՞ զգում, որ իր սաներից շատերը, այդ թվում՝ Մերի Խոջանյանը, Զոհրաբ Թադեւոսյանը, Շուշանիկ Ալեքսանյանը, Ռուբեն Կոսեմյանը եւ մյուսները, ապրում ու ստեղծագործում են արտերկրում: «Շատ եմ ափսոսում…»,- պատասխանեց Թադեւոսյանը:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե ամենատարեց քառյակը Գինեսի գրքում գրանցվելու առիթով երբեւէ հայտ ներկայացրե՞լ է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Գրքում գրանցվելու համար անհրաժեշտ է, որ այսօր կվարտետում լիներ հիմնադիրներից գոնե մեկը»:

Զրույցի ընթացքում Էդուարդ Թադեւոսյանը քանիցս հիշեցրեց Երեւանում տարեվերջին Կոմիտասի թանգարանի բացման մասին, որին իրենք անհամբեր են սպասում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930