Լրահոս
Օրվա լրահոսը

Տաղանդավոր երիտասարդ երաժիշտների բացահայտմանն ուղղված ծրագիր

Հոկտեմբեր 09,2014 20:48

«Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2013 թվականից իրականացնում է ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարողների բացահայտման և զարգացման նպատակային ծրագիր:

«Մշակութային կրթությունը Մշակույթի նախարարության համար առաջնահերթ կարևորություն ունի,- ասում է նախարարության Ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Լիլյա Նիկոյանը,- և այս համատեքստում նախարարության առջև դրված նպատակներից են միասնական դաշտի ձևավորումը, ոլորտի բնականոն գործունեության ապահովումը, մշակութային տարբեր ոլորտներում սերնդափոխության հիմքերի ապահովումը, ՀՀ ապագա քաղաքացիների մեջ գեղագիտական գրագիտության ձևավորումը, ուսուցման մատչելիության ապահովումը, ինչպես նաև շնորհալի երեխաների բացահայտումն ու նրանց կարողությունների կատարելագործումը, սոցիալապես անապահով, հաշմանդամություն ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու զարգացումը»:

Լ. Նիկոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ իր նշած նպատակների իրականացման համար նախարարությունը բազմաթիվ նպատակային ծրագրեր ու միջոցառումներ է կազմակերպում և իրականացնում:

Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, դաշնակահար Արմեն Բաբախանյանն էլ կոնկրետ խոսեց ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր երիտասարդ երաժիշտների զարգացման նպատակային ծրագրի մասին, որի գեղարվեստական ղեկավարը ինքն է. «Ծրագրում ընդգրկվում են 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ-կատարողներ, այսինքն՝ ծրագիրն ուղղված է նրանց բացահայտմանն ու կատարելագործմանը: Նախորդ տարի բավականին բարդ նախընտրական փուլից հետո ընտրվեցին 15 պատանիներ՝ երեք մասնագիտությամբ՝ 8 դաշնակահար, 4 ջութակահար և 3 թավջութակահար, որոնք սովորում են ռոտացիայի սկզբունքով: Այսինքն՝ երեխան սովորում է մեկ տարի և եթե այդ ընթացքում իրեն չի արդարացնում, նրան փոխարինելու է գալիս մեկ ուրիշը: Օրինակ՝ նախորդ տարվա 15 մասնակիցներից 4-ին արդեն փոխարինել են նորերը»,- մանրամասնեց պարոն Բաբախանյանը՝ նշելով, որ 15 թիվը պահպանվում է, որովհետև ներկայիս բյուջեն ավելի շատ պատանիներ ընդգրկելու հնարավորություն չի տալիս:

Նա նաև տեղեկացրեց, որ ծրագրի ընթացքում իրականացվող դասընթացները կազմակերպվում են Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում. «Հրավիրյալ լավագույն մասնագետները, խորհրդատուները շարունակաբար ուսումնական ակտիվ դասընթացներ են անցկացնում: Տարվա ընթացքում ծրագրի մասնակիցները պարբերաբար ելույթներ կունենան ծրագրի խորհրդատուների և հրավիրյալ մասնագետների հետ, կկազմակերպվեն նաև հաշվետու համերգներ:

Այս տաղանդավոր երաժիշտներին աջակցելու նպատակն այն է, որ նրանք հետագայում հնարավորություն ունենան նվագելու ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի լավագույն բեմերում, կարողանան մասնակցել միջազգային հեղինակավոր մրցույթների»,- ասաց Ա. Բաբախանյանը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031