Հայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճերի բանակային ըմբիշները երեկ ուշ երեկոյան վերադարձան Նյու-Ջերսիից, որտեղ մասնակցում էին ըմբշամարտի Զինված ուժերի աշխարհի առաջնությանը:
Մեր բանակային մարզիկները, որոնք ներկայացնում են Հայաստանի բանակի կենտրոնական մարզական ակումբը, գերազանց հանդես եկան Ամերիկայում: Ազատ ոճում Նարեկ Սանոյանը 65 կգ քաշայինների պայքարում նվաճեց արծաթե մեդալ, իսկ Վիկտոր Կազիշվիլին պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրացավ 98 կգ քաշային կարգում:
Ավելի հաջող հանդես եկան մեր հունահռոմեական բանակային ըմբիշները: Չեմպիոնի կոչում նվաճեցին Գեւորգ Սահակյանը` 66 կգ եւ Կարապետ Չալյանը` 75 կգ, իսկ 59 կգ քաշային Ռոբերտ Կիրակոսյանը, 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանն ու 80 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը դարձան աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ:
Ըստ էության, ԱՄՆ-ում մրցագորգ մտած մեր բոլոր հունահռոմեականներն էլ մեդալ նվաճեցին` թիմային պայքարում Հայաստանի զինված ուժերի հավաքականի համար 28 երկրների մեջ ապահովելով երրորդ տեղը: Եթե մեդալների հաշվարկում նկատի առնվեր ոսկիների քանակը, Հայաստանը կճանաչվեր թիմային հաղթող:
Կարդացեք նաև
Մեր մարզիկներին «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ պաշտպանության նախարարությունը արժանի դիմավորում եւ մեծարում էր կազմակերպել: Նրանց դիմավորեցին ԶՈւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ մայոր Ալիկ Ալեքսանյանը, ԶՈւ մարտական պատրաստականության վարչության պետ, գնդապետ Տիրան Խաչատրյանը, բարձրաստիճան այլ սպաներ, զինվորներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ





















































