Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են զինվորական բժշկության հիմնախնդիրները

Հոկտեմբեր 10,2014 19:48

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության բժշկական ապահովման վարչությունը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան: Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները քննարկմանը, նոր լուծումների նախանշմանն ու կուտակած փորձի փոխանակմանը նվիրված գիտաժողովին մասնակցում են ՀՀ, ՌԴ, ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի և Հունաստանի ռազմաբժշկական, գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչներ:

Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ողջունելով ներկաներին և մաղթելով բեղմնավոր աշխատանք, Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ գիտաժողովը կնպաստի Հայաստանի ռազմական բժշկության համակարգի արդյունավետ զարգացմանը, որի շարունակական արդիականացումը մեր երկրի պաշտպանական բարեփոխումների առաջնայնություններից է: «Ռազմական բժշկության ոլորտը մշտապես գտնվում է ՊՆ ղեկավարության ուշադրության կենտրոնում: Զարգացման համար մենք համագործակցում ենք դաշնակից և գործընկեր երկրների հետ: Մեզ օժանդակում է նաև Զինվորական բժիշկների հայկական նորաստեղծ ասոցիացիան: Մեր նպատակն է ստեղծել լիարժեք ու որակյալ, բժշկական նորագույն ձեռքբերումների վրա հիմնված ծառայություն», նշել է պաշտպանության նախարարը:

Գիտաժողովի բացմանը ելույթներով հանդես եկան նաև ՀՀ առողջապահության նախարար Ա. Մուրադյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը, ՀՀ ՊՆ խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը:

ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության կայացման ու զարգացման, խաղաղ պայմաններում բանակային առողջապահության, ՌԴ, Գերմանիայի և Հունաստանի զինված ուժերի բժշկական ծառայությունների, ԱՄՆ-ում հոսպիտալային բուժման, դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունների ժամանակ բուժապահովման կազմակերպման, հրազենային վնասվածքաբանության և այլ թեմաների վերաբերյալ գիտական զեկույցներով ելույթներ են ունեցել ռազմաբժշկական ոլորտի պատասխանատուներ, արտերկրից ժամանած հյուրեր:

Գիտաժողովի գործնական փուլում հոկտեմբերի 11-ին կանցկացվի ցուցադրական մարտավարական-մասնագիտական զորավարժություն ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության և ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության ներգրավմամբ` «Հակադիվերսիոն գործողությունների բժշկական ապահովման կազմակերպումը» թեմայով:

 

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031