Լրահոս
Օրվա լրահոսը

Մետրոպոլիտենի աշխատակիցները պատրաստ են վեճն ավարտել հաշտությամբ

Հոկտեմբեր 10,2014 21:06

Այսօր` հոկտեմբերի 10-ին, Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասությունների դատարանում` դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ շարունակվում էր «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի» նախկին աշխատակիցների գործով դատական նիստը:

Դատավոր Հովսեփյանը հետաքրքրվեց, թե կողմերը չե՞ն ցանկանում վեճն ավարտել հաշտությամբ, Մետրոպոլիտենի աշխատակիցների ներկայացուցիչ Քրիստինա Գեւորգյանը պատասխանեց, որ համաձայն են հաշտվել այն դեպքում, երբ երեք աշխատակիցն էլ կվերականգնեն իրենց աշխատանքը եւ Մետրոպոլիտենը հարկադիր պարապուրդի գումարը կվճարի:

Սակայն Մետրոպոլիտենի էլեկտրամեխանիկական մասնաճյուղի պետ Սամվել Մնացականյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ չեն հաշտվել կողմի հետ.

«Մենք կարող էինք հաշտվել ավելի վաղ` մինչ դատարան դիմելը` մինչեւ այս գործընթացը շոուի վերածելը»:

Երբ դատավորը հետաքրքրվեց, թե ի՞նչ ի նկատի ունի պարոն Մնացականյանը ասելով «շոուի վերածել», Սամվել Մնացականյանը պատասխանեց, որ համացանցում կատարվածը սխալ է մեկնաբանվել. «Ես խոսել եմ Մետրոպոլիտենի ղեկավարության հետ, քննարկել այդ հարցը, սակայն նրանք առարկում էին: Հաշտությամբ լուծել հնարավոր չէ»:

Քրիստինա Գեւորգյանը հայտարարեց, որ իրենք փորձել են խոսել կողմի հետ եւ երեք աշխատակիցները կանչվել են ղեկավարություն` բանակցությունների.

«Նրանց պահանջը եղել է միայն այն, որ աշխատակիցներն ընդունեն իրենց մեղքն այն բանի համար, որ կուտակային կենսաթոշակայինի հետ կապված դիմում են ներկայացրել: «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպությունը գրությամբ դիմել է կողմին` առաջարկելով, որպեսզի այս ամենը չքաղաքականացվի եւ ինչպես կողմն ասաց` շոուի չվերածվի, հաշտվել եւ արտադատարանական կարգով հարցը լուծել: Սակայն, կողմը հրաժարվել է եւ ասել, որ հարցը կարող է միայն դատական կարգով լուծվել»:

Սակայն փաստաբան Արտակ Երեմյանը նշեց, որ ներկա է եղել այդ բանակցություններին եւ նման խոսակցություններ չեն եղել: Ավելին` ոչ թե Մետրոպոլիտենի ղեկավարությունն է կանչել, այլ աշխատակիցներն իրենք են գնացել ղեկավարության մոտ. «Այդ խոսակցությանը ներկա ենք եղել ես ու պարոն Մնացականյանը, կոնկրետ աշխատանքային հարցեր են քննարկվել: Իրենք եկել էին բանակցելու, որպեսզի վերականգնվեն»:

Սամվել Մնացականյանն էլ հավելեց, որ եկել էին, որպեսզի տնօրինության հետ հաշտության եզրեր գտնեն: Դատավորի նկատառմանը, որ փաստորեն աշխատակիցները փորձել են հաշտվել, պարոն Մնացականյանը պատասխանեց, որ դեպքերն այլ ուղղությամբ են ընթացել:

Հիշեցնենք՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի արդեն նախկին աշխատակիցներ Գագիկ Գալստյանը, Սեւակ Հովհաննիսյանը եւ Անդրանիկ Գեւորգյանը հունվար ամսին ազատվել են աշխատանքից: Եվ հիմա դատարանում իրենք վիճարկում են աշխատանքից ազատման հրամաններն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքը վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարները վճարելու հարցերը:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031