«Հանրապետության նախագահը, ՀՀ իշխանությունը եւ ՀՀԿ-ն ականջալուր են ցանկացած առաջարկի, այդ թվում նաեւ քննադատությամբ: Նշանակում է, որ իշխանությունները` նախագահի գլխավորությամբ, չեն գնում իրավիճակը սրելու ճանապարհով: Որ իշխանության նպատակն է`երկխոսության միջոցով քննարկել ու լուծել երկրի առջեւ ծառացած հարցերը»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով երեկ «Արմենպրես» լրատվական գործակալությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին: Այժմ, իշխող ՀՀԿ-ն սպասում է, որ եռյակն իր ձեռքը մեկնի:
Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանն, որը քառյակի կողմից 12 կետերի հրապարակումից հետո բավական կոշտ էր արձագանքել դրանց, երեկ տված իր հարցազրույցում ասել էր, որ կառավարությանը հանձնարարել է վերանայել կետերը եւ համատեղ աշխատանքի ճանապարհային քարտեզ մշակել:
Aravot.am-ի հարցին՝ նախագահի հանձնարարությունը Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպում-պայմանավորվածության արդյո՞ւնք է, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Սա հանրապետության նախագահի հետեւողական քաղաքականության արդյունքն է»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Մեր հաջորդ հարցին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կարծես պահպանել էր մոտեցման կոշտությունը` հայտարարելով, որ վերանայել պատրաստվում են, սակայն, էական փոփոխություններ կառավարության մոտեցումներում չեն կարող լինել, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Նայած ով ի՞նչ է հասկանում էական փոփոխություն ասելով: Եթե ընդդիմության մեր գործընկերներն ակնկալում են, որ 12 կետերն էլ միանգամից պետք է անել, դա իրատեսական չէ: Խնդիրն այն է, որ պետք է շփման եզրեր գտնել: Եթե հնարավոր լիներ միանգամից անել, 12 չէ, 120 կետ կանեինք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































