«Եզակի բյուջետային աջակցություն»,- այսպես է կոչվում Արևմուտքից Հայաստանին 140-170 մլն դոլար դրամաշնորհ հատկացնելու ծրագիրը: Համենայնդեպս, այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում այդպես ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա տարօրինակ չի համարում այն իրավիճակը, երբ Հայաստանը գնում է դեպի ԵՏՄ, բայց նման խոշոր աջակցություն է ստանում Եվրոպական միությունից. «Եվրոպական միությունն ինքն ընդունում և հասկանում է մեր ընտրությունը: Իրենց շահագրգռվածությունն է Հայաստանի հետ զարգացնել համագործակցությունը, խորացել ու ընդլայնել՝ առաջին տեղում դնելով հենց մասնավոր հատվածի զարգացումը, փոքր ու միջին բիզնեսին աջակցությունը և Հայաստանում վարվող այն տնտեսական քաղաքականությունը, որն իրենց ներդրողների համար գրավիչ է: Ընդհանրապես վերլուծելիս պետք է հաշվի առնենք, որ Եվրամիությունը Հայաստանում հանդիսանում է խոր ներդրողներից մեկը, եթե ոչ ամենախոշորը: Հայաստանի խոշոր առևտրային գործընկերն է, և նրանց գործարարների, տնտեսական հանրության պահանջն է, որպեսզի Հայաստանի հետ հարաբերություններն ավելի զարգանան»:
ՀՀ կառավարությունում, ըստ նախարարի, հույս ունեն, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների շարունակման որոշակի ձևաչափեր ընտրելուց հետո, կարող են նաեւ տնտեսության ոլորտում պայմանագիր ստորագրել. «Հանձնակատարի հետ հանդիպմանը և մտքերի փոխանակմանը, որը դրան հաջորդեց, և ենթակոմիտեի նիստում եկան համաձայնության, որ եվրոպական կողմը պատրաստ է, հայկական կողմն առավել ևս, որպեսզի շարունակենք համագործակցությունը»:
Լրագրողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը ստորագրվի, նախարարն ասաց, որ քաղաքական մասով դեռ հանդիպումներ չեն եղել: «Այն մասով, որը չի հակասում մեր այլ միջազգային պարտավորություններին, մենք պիտի վերանայենք: Հիմա աշխատանքները սկսված են և եվրոպական, և մեր կողմից: Հենց ձևաչափն ընտրվի`կասենք: Մեր նպատակն է, որպեսզի մեր ոչ մի համագործակցություն, ոչ մի ուղղությամբ չտուժի, ընդհակառակը՝ մեկը մյուսին աջակցեն»,- ասաց նա:
Նախարարը կրկնեց`նպատակ կա, որպեսզի Հայաստանը դառնա հարթակ, որի միջոցով եվրոպացի ներդրողներն իրենց ապրանքները կարտահանեն ԵՏՄ շուկա և հակառակը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































